«Հրապարակ»․ Հայաստան գալը շատ թանկ է, այդ ո՞վ պետք է այդքան գումար ծախսի
Sat, 14 Mar 2026 12:15:56 +0400

Փաշինյանի Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Հայտարարության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից, նյութապես շահագրգռելու եղանակով, խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը, այն է՝ այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավար անձինք, քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած՝ կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն՝ դրա դիմաց խոստանալով տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը՝ այդ կերպ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով անձանց հարկադրելով մասնակցել ընտրությանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նյութապես շահագրգռելով ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով) հատկանիշներով:
Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ՌԴ-ի հայերին և իշխանություններն ամեն գնում փորձում են կանխել նրանց մուտքը Հայաստան: Թեպետ Փաշինյանը հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ վստահ է` ՌԴ-ի հայերը ևս իրեն են ընտրելու: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ, բլոգեր Միկա Բադալյանի հետ:
– Իշխանությունները` նրանց ձեռքի գործիք դարձած Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում են, որ 80 հազար հայի փորձում են ճնշելով ուղղորդել Հայաստան` հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակ: Այս կապակցությամբ անգամ Քննչականն է վարույթ նախաձեռնել: Տեղյա՞կ եք, թե խոսքն ինչի մասին է, ո՞վ է ցանկանում 80 հազար հայ բերել Հայաստան:
– Առաջին հերթին չկա նման բան, որ իբր թե Ռուսաստանի ՖՍԲ-ն նման բան կազմակերպի, ավելին` ստիպի մարդկանց, որպեսզի գան Հայաստան, ընտրություններին մասնակցեն և այլն: Ռուսաստանի հայերին ոչինչ ստիպել պետք չէ: Իսկ Հայաստան գալը շատ թանկ է, այդ ո՞վ պետք է այդքան գումար ծախսի, և հետո, հինգշաբթի օրը Նիկոլը հայտարարեց, որ Ռուսաստանի հայերը այսպես թե այնպես իրեն են ընտրելու, այդ դեպքում ես հայտարարում եմ, որ եթե այդպես է, եթե նա այդքան վստահ է դրանում, ես պատրաստ եմ իրեն «օգնել» և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան` ընտրություններին մասնակցելու, սակայն հնարավորություն չունեն, ես պատրաստ եմ նրանց բոլորին օգնել:
– Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը պնդում, որ ՌԴ-ի հայերը իրեն են ընտրելու:
– Նա փորձում է ցույց տալ, ավելի ճիշտ` խաբել Հայաստանի ժողովրդին, որ ինքը ռուսների հետ ոչ մի խնդիր չունի, որ ամեն ինչ լավ է, նա ուզում է ռուսներին սարքի սատանա: Նրա ասածն այն է, որ ես ռուսների հետ լավ եմ, բայց այ ռուսները այնքան վատն են, որ իմ դեմ են դուրս եկել: Իսկ իրականությունն այն է, որ ռուսների հետ օրեցօր հարաբերությունները վատանում են:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ են 80 հազար հայի պատմությունն ասպարեզ բերել:
– Իշխանությունը նախապատրաստվում է հաջորդ էտապի քաղաքական ռեպրեսիաներին: Այդ գործը, որ օրեր առաջ հարուցվել է, նրա համար է, որ ցանկացած ընդդիմադիր մարդու կարողանան կալանավորել: Վաղը ում Նիկոլը ասեց` Ռուսաստանի շպիոն է, այդ գործի տակ փակելու են, տանելու են անժամկետ կալանքի: Ինչպես եկեղեցինն է Նիկոլի թիրախում, այնպես էլ` ընդդիմադիր հանրույթը: Նա օրեր առաջ Ստրասբուրգում հայտարարեց, որ եկեղեցականները փորձում են քայքայել խաղաղության գործընթացը: Նիկոլը ունի երկու թշնամի` եկեղեցին և Ռուսաստանը: Իսկ նպատակը` կալանավորումներն են: Նա այլ տարբերակ չունի: Նրա միակ զենքը ռեպրեսիան է: Անվերջ խոսում են Մոլդովայի սցենարի մասին, բայց նույն Մոլդովայում այնպիսի գործիքներ են կիրառվել, որ բառի ամենաուղիղ ձևով` ընտրակեղծիք կարող ենք անվանել: Օրինակ` 500 հազար մոլդովացի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց Ռուսաստանում բացել էին ընդամենը երկու ընտրատեղամաս, որտեղ հազիվ 5000-10 000 մարդ է կարողացել ընտրություններին մասնակցել, իսկ Եվրոպայում հազիվ մի 10 հազար մոլդովացի է ապրում, բացել էին 50 հազար ընտրատեղամաս: Իրականությունը սա է: Նիկոլ Փաշինյանը մի ղեկավար է, ով Արցախ է հանձնել, ամեն ինչ արել է, որ Հայաստանը թուլանա, և հիմա մեկ բան կարող է անել մարդկանց լռեցնելու համար` բանտարկել բոլոր ընդդիմադիր ուժերին: Բայց մարդիկ չեն վախենում այլևս կալանքից, ավելին` եթե այսօր կա մարդ, ում վրա քրեական գործ չկա, կամ կալանավորված չի եղել, կասկածելի է դառնում, թե իրականում ում կողմից է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր