«Հրապարակ»․ Եթե չես անում պետական մակարդակով` արտգործնախարարի կամ վարչապետի, արա գոնե գիտնականների մակարդակով

«Հրապարակ»․ Եթե չես անում պետական մակարդակով` արտգործնախարարի կամ վարչապետի, արա գոնե գիտնականների մակարդակով

Sat, 14 Mar 2026 12:45:55 +0400


Պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի ագրեսիվ ու պահանջատիրական եւ Հայաստանի պարտվողական ու զիջողական քաղաքականության, մեր շուրջ օր-օրի թանձրացող գոյաբանական սպառնալիքների մասին։

– Ադրբեջանը գրեթե ամենօրյա հաճախականությամբ, հատկապես Արցախը բռնազավթելուց եւ հայաթափելուց հետո, որպես ռազմավարական ծրագիր՝ հայտարարում է 300 կամ 500 հազար ադրբեջանցիների վերադարձն «Արեւմտյան Ադրբեջան»` ՀՀ ինքնիշխան տարածք: Մեր իշխանությունները լուռ են՝ չեն հակադարձում: Ադրբեջանի տարածքում հայեր չե՞ն ապրել, վերադարձի խնդիր մենք չունե՞նք:

– Խորհրդային Ադրբեջանի կազմում հայությունը գրեթե միշտ կազմել է բնակչության առնվազն 12 տոկոսը` որպես երկրորդ էթնոս, ընդհանուր թաթարների համեմատությամբ: 1926 թ. ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվն Ադրբեջանում կազմել է 282 հազար, ներառյալ ԼՂԻՄ-ի հայությունը` 111 հազար 694: Իսկ 1989թ. ԽՍՀՄ վերջին մարդահամարով՝ հայերի թիվը 475 հազար էր, որից 140 հազարը Լեռնային Ղարաբաղի տարածքում էր: Այսինքն, մոտ կես միլիոն հայ բնակչություն կար Ադրբեջանի կազմում, որի մասին այսօր մենք ոչինչ չենք խոսում: Վերցնենք հակառակ պատկերը․ 1989թ. մարդահամարով՝ երկու տվյալ կա․ 84 հազար եւ 89 հազար ադրբեջանցի, որ ապրում էր Հայաստանում: Ինչո՞ւ 5 հազարի տարբերություն կա: Երբեմն մուսուլման քրդերին մտցնում էին ադրբեջանցիների մեջ, ինչպես մտցրին Ամասիայի շրջանի օղուզ օսմանյան թուրքերին: Եվ հիմա, ժողովրդական խոսքով ասած, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Մենք, որ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում մինչեւ 1991թ. ունեինք մոտ կես միլիոն հայություն, ոչ մի ծպտուն չենք հանում, իսկ Ադրբեջանը գիշեր-ցերեկ խոսում է այն մասին, որ իբր 300 հազար ադրբեջանցի է եղել մեր տարածքում, եւ նրանց նկատմամբ իբր ցեղասպանություն է իրականացվել, եւ իրենք պետք է վերադառնան իրենց հայրենի վաթանը, ինչպես իրենք են ասում: Եթե նրանք առաջ զուտ հրապարակախոսական, հետո «գիտական» մակարդակով սկսեցին խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, հիմա արդեն պետական մակարդակով, առաջին դեմքի մակարդակով են խոսում վերադարձի մասին:

– Ինչո՞ւ: Մեր «էստի համեցեք» զիջողական քաղաքականությո՞ւնն է Ադրբեջանին առիթ տալիս՝ նման պարտադրանքով նախ՝ խոսելու եւ հետո՝ գործելու:

– Մեր «խաղաղության խաչմերուկ» ծրագրի առաջադրման պարագայում, երբ Ադրբեջանն անընդհատ ճնշումներ է գործադրում մեզ վրա, եւ մենք ընկրկում ենք պետականորեն, նրանք եկան այն եզրակացության, թե ի՞նչ կարիք կա զոհեր տալու, ինչպես 2020-23թթ. պատերազմի ժամանակ, երբ կարելի է դիվանագիտական ճնշման արդյունքում հասնել հաջողության եւ «Զանգեզուրի միջանցք» բացել: Նաեւ՝ խոսել այն մասին, որ Սեւանա լճի առնվազն արեւելյան ափն Ադրբեջանի մաս է կազմում, հետո անցան ավելի առաջ` ամբողջ Վայքին ու Սյունիքին, եւ արդեն հասել են Երեւանին: Ինչպես տեսնում ենք, պատմագիտական կեղծիքը դարձել է հայեցակարգ Ադրբեջանի համար, ինչի հետ կապված՝ մենք համարժեք հակահարված չենք տալիս: Ոչ միայն գիշեր-ցերեկ պատմաբանները պետք է խոսեն դրա մասին, այլեւ պիտի խոսեն պետական մակարդակով: Որքանո՞վ է ընդունելի մեր կողմից այն հանգամանքը, որ, այսպես կոչված, 300-500 հազար ադրբեջանցիների վերադարձից հրաժարվելու դիմաց մենք էլ հրաժարվում ենք արցախցիների վերադարձի իրավունքից: Բայց մենք դրա իրավունքը չունենք: Արցախն անկախ հանրապետություն էր, անգամ եթե այդ հանգամանքը հաշվի չառնենք, այն խորհրդային տարիներին պետական կազմավորում էր Ադրբեջանի կազմում, ինքնավարություն ուներ:

– Մենք ոչ միայն չենք հակադարձում, որ հայերն էլ կարող են վերադառնալ Ադրբեջան, այլեւ Արցախի էթնիկ զտման իրողությունն ենք կոծկում: Այսպես հեշտ ու անխռով մոռացա՞նք Արցախը:

– Եթե ադրբեջանցիներն այսօր իրենց վերադարձի հարցն են բարձրացնում՝ այն դեպքում, երբ Խորհրդային Հայաստանի տարածքում իրենք որեւէ ինքնավարության նշույլ չունեին, մենք ունեինք երկու ինքնավարություն Ադրբեջանի կազմում. մեկը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն էր, մյուսը` ԼՂԻՄ-ը, որ պետական կազմավորում էր: Մենք ադրբեջանցիների համեմատությամբ ունենք առավելություն այն տեսանկյունից, որ խորհրդային Ադրբեջանի կազմում պետականություն ունեինք: Այսինքն, լուծարվել է մեր պետականությունը, մեզ հայրենազրկել են՝ ենթարկելով ցեղասպանության, որն ամբողջովին տեղավորվում է 1948թ. ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության բանաձեւի կետերի մեջ: Մենք ոչ միայն պետք է դնենք պարզ վերադարձի խնդիրը, այլ նաեւ՝ մեր կորցրած պետականության: Մեր պարագայում նաեւ պետական կազմավորման խնդիր կա: Անընդհատ խոսում են միայն, որ Արցախի բնակչության վերադարձի խնդիր պետք է դրվի: Ոչ, Արցախի պետականության հարցն էլ պետք է դրվի:

– Թրքալեզու ցեղերը ե՞րբ են հայտնվել մեր տարածաշրջանում: Մեր հասարակության որոշ շերտեր անտեղյակությունից մոլորության մեջ են, եւ զգալի մասն էլ թրքական քարոզչության սպառողն է դարձել:

– Ամեն մի երիտասարդ ժողովուրդ, տվյալ դեպքում՝ թյուրքալեզու ժողովուրդներից ներկայիս ադրբեջանցիները, այսպես կոչված, իրենց բնիկությունն այստեղ հաստատելու համար պետք է դիմեին կեղծարարության: Եվ դա սկսվեց 20-րդ դարի 50-60-ական թվականներին: Դրա ակունքներում ծագումով հրեա Միլերն էր՝ Ադրբեջանից, որն էլ էստաֆետը փոխանցեց Զիա Բունիաթովին: Իմաստը հետեւյալն էր, որ ադրբեջանցիները, որպես էթնոս, ի սկզբանե այս տարածաշրջանում ապրել են: Որպեսզի այդ կեղծ հայեցակարգը նրանք կարողանային տեղից շարժել եւ դարձնել պաշտոնական, սկսեցին տարածաշրջանի բոլոր հնագույն ժողովուրդների պատմությունը յուրացնել: Մենք միշտ խոսում ենք հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության յուրացման մասին, բայց բոլոր ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու ճանապարհով են գնացել ադրբեջանցիները: Քանի որ որպես էթնոս, ժողովուրդ՝ նրանք ձեւավորվել են 20-րդ դարի ընթացքում եւ «ադրբեջանցի» անվան տակ հանդես են եկել միայն 1936թ. դեկտեմբերի 5-ից` ստալինյան սահմանադրությունից հետո: Տարածաշրջանն ի սկզբանե եղել է արիական-հնդեվրոպական ծագման, ես՝ որպես պատմական ժողովրդագրության մասնագետ, ուսումնասիրել եմ եւ համոզվել, որ, հայ ժողովրդի էթնոգենեզի ծագումնաբանության գործընթացից սկսած, տարածաշրջանն էթնիկապես եղել է զտարյուն մոնոէթնիկ: Սա հայկական լեռնաշխարհին բնորոշ երեւույթ է եղել: Եթե շատերը պնդում են, թե տարբեր էթնիկ խմբերի ձուլման արդյունքում է հայ ժողովուրդը ձեւավորվել, իրականության մեջ այդպես չէ: Մինչեւ ընդհուպ 16-րդ դարը հայկական լեռնաշխարհը գերազանցապես եղել է էթնիկապես միատարր` հայկական ծագում ունեցող: Էթնիկ դիմախեղումն սկսվել է 16-18-րդ դդ. թուրք-պարսկական երկարատեւ պատերազմների հետեւանքով, երբ տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական նորանոր ցեղեր: Եվ հետագայի, այսպես կոչված, ադրբեջանցիները ձեւավորվեցին այդ էթնիկ խառը սինթեզի արդյունքում, բայց չունեին ինքնանվանում անգամ: Նրանց որպեսզի զանազանեին մյուս ժողովուրդներից, ուղղակի իսլամ էին անվանում: Խորհրդային տարիներին, երբ արտասահմանում ադրբեջանցին հանդիպում էր ադրբեջանցու, ասում էր՝ մուսուլման սը՞ն` դու մուսուլմա՞ն ես: Այսինքն, «մուսուլման» ասվածն ընկալվում էր որպես էթնիկ հանրույթ: Եվ պատահական չէ, որ 1921թ. հուլիսի 5-ի քաղբյուրոյի այդ չարաբաստիկ որոշումով, երբ Արցախը միացվեց Ադրբեջանին, այնտեղ նշված էր. «Ելնելով հայերի եւ մուսուլմանների միջեւ հաշտություն հաստատելու անհրաժեշտությունից…», չի ասում` ադրբեջանցիների: Հետագայում «ադրբեջանցի էթնոս» անվան տակ հանդես եկող հանրույթն իր մեջ սկսեց ներառել քրդերի զգալի մասը եւ օսմանյան թուրքերի` օղուզների: Մի օրինակ բերեմ․ Ամասիայի շրջանում ապրող ադրբեջանցիներն իրականում սյունի օղուզ թուրքեր էին` օսմանյան թուրքեր, որոնց եւս պարտադրեցին «ադրբեջանցի էթնիկ» անվանումը: Այդ մուսուլման հավաքական կրոնական անվան տակ աստիճանաբար սկսեց ձեւավորվել մի երիտասարդ էթնոս, որը փնտրտուքի մեջ էր՝ իր ինքնության առումով: Ինքը չգիտեր, թե ինչ է, եւ մինչեւ հիմա Ադրբեջանում վիճում են դրա շուրջ:

– Գոնե, հանուն արժանապատվության եւ ինքնահարգանքի, ինչպե՞ս մեզ դրսեւորենք` ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն:

– Այն, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է դրսեւորել զգուշավորություն, համաձայն եմ, բայց ո՛չ վախկոտություն: Զգուշավորություն, որը վախկոտության մակարդակի է, որ ստիպում է ճշմարտությունը թաքցնել, ասելիքդ չասել, միմիայն բումերանգի նման կաշխատի քո դեմ: Գոնե համաշխարհային հանրությանը ներկայացրու իրականությունը: Եթե դա չես անում պետական մակարդակով, պետական խողովակներով` արտգործնախարարության կամ վարչապետի, արա գոնե գիտնականների մակարդակով: Մեզ համար ստեղծեք հնարավորություններ՝ քարոզչական իմաստով, որ ճշմարտությունը հասցնենք աշխարհին: Քարոզչական դաշտում մենք պարտություն ենք կրում: Պետական աջակցություն է պետք գիտնականին` գոնե քո պատմական ճշմարտությունը մարդկանց հասցնելու համար: Յուրաքանչյուր պատերազմ եւ հաղթանակ, բնականաբար, տեղի են ունենում այն դեպքում, երբ դու գաղափարապես այն նախապատրաստում ես եւ ճիշտ ուղղությամբ ես տանում: Իսկ մենք այդպես չենք անում: Անընդհատ խոսել խաղաղության խաչմերուկի մասին, երբ ամբողջ Արեւելքը կրակների մեջ է, դառնում է արդեն ծիծաղելի: Դրա համար էլ պիտի ճշմարտությունն ասել մինչեւ վերջ, եթե ոչ պետական մակարդակով, գոնե գիտնականների մակարդակով: Համենայնդեպս, ես չեմ նկատել, որ մեզ խրախուսելու, ուղղորդելու առումով այդ բնագավառում աշխատանք է տարվում:

Ֆելիքս Եղիազարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես

«Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես Sat, 14 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով