Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ
Sat, 14 Mar 2026 18:15:47 +0400

Նիկոլ Փաշինյանի վերջին ճեպազրույցը կարելի է բնութագրել որպես գետնախոնարհ, ծնկածալուկ խոնարհում Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ: Թվում է, թե խոնարհվելու, հպատակվելու, հնազանդվելու էլ տեղ չկա, բայց նա ամեն անգամ նորանոր ռեկորդներ է սահմանում: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին աշխատանքից հեռացնելու պարտադրանքով հպարտանալը՝ միայն նրա համար, որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահին «Արցախ» անունով գիրք նվիրել, որը կարող էր զայրույթ առաջացնել Ադրբեջանի նախագահի մոտ, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու Ադրբեջանին տրված հրապարակային խոստումը, Ադրբեջանին Հայաստանի տարածքով անցնող այլընտրանքային ճանապարհներ առաջարկելը խոսում են այն մասին, որ նույնիսկ նախընտրական իրավիճակը Փաշինյանին չի ստիպում պահպանել արժանապատվության որոշակի նորմեր: Փաշինյանն իր իշխանության գոյությունը հանձնել է Ադրբեջանին, դրա նախագահին:
Փաշինյանն իր իշխանության վերարտադրությունը կառուցել է ընդամենը մի բանաձեւի վրա` ինքը խաղաղություն է բերել: Բայց այդ խաղաղությունն իր ձեռքում չէ, եթե կամ երբ Ադրբեջանն անգամ պատերազմ չէ, այլ սահմանային մի փոքր ընդհարում կազմակերպի, Փաշինյանի խաղաղության փուչիկը կպայթի, նրա իշխանության թելը միանգամից կկտրվի:
Վիճակն ավելի է սրվել Իրան-ԱՄՆ պատերազմի հետեւանքով. եթե մինչեւ պատերազմը նրա մոտ այնպիսի ընկալում կար, որ ԱՄՆ-ն եւ այդ երկրի նախագահը կարող են ինչ-որ չափով երաշխավորել խաղաղությունը, զսպել Ադրբեջանին, հիմա տեսնում է, որ ԹՐԻՓՓ կոչվող անհեթեթությունը հօդս է ցնդել, ամերիկյան ցանկացած նախագիծ կամ ներդրում ոչ թե անվտանգություն է երաշխավորում, այլ դառնում է Իրանի համար թիրախ, ամերիկացիները նախկինում արած իրենց ներդրումները, իրենց նավթագազային օբյեկտներն ընդունակ չեն պաշտպանել, ուր մնաց որ կարողանան ապագայի հետ կապված նախագծերին տիրություն անել:
Փաշինյանը հասել է այնպիսի հոգեխանգարման, որ ամբողջ օրը նստած մտածում կամ փորձում է կանխագուշակել, թե, օրինակ, Հայաստանում կատարվող որ քայլը Ադրբեջանում ինչպես կարող է ընկալվել, ինչը կարող է զայրույթի կամ դժգոհության պատճառ դառնալ: Նրան թվացել է, որ Ադրբեջանում կարող են իրեն կասկածել միջանցք տրամադրելու հարցը ձգձգելու մեջ, ու որպեսզի փարատի այդ կասկածները, ասում է․ «Ես զգում եմ, որ Ադրբեջանում, Թուրքիայում ըտենց ընկալում կա (խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է՝ Ա. Բ.), որ Հայաստանը փորձի ձգձգի, ինչի՞ համար Հայաստանը պիտի փորձի ձգձգի, ընդհակառակը՝ մենք ուզում ենք, որ րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, որովհետեւ դա ֆունդամենտալ կարեւոր հարց ա մեր էսօրվա եւ ապագայի մեր պատկերացրած ճարտարապետության իրականացման տեսակետից»։ Իսկ որպեսզի Ադրբեջանի այդ կասկածները վերջնականապես փարատի, շարունակում է. «Ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կապը: Ինչի՞ ենք մենք այս առաջարկն անում, որովհետեւ հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի, ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար այդ քայլի դիմաց մեր քայլն անենք, մի անգամ առաջարկել էինք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով Ադրբեջանի արեւմտյան շրջաններից եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ եւ հակառակ ուղղությամբ կապն ապահովել: Մանավանդ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան: Ուզում եմ ընդգծել, թե ինչու եմ այս երթուղին առաջարկում, որովհետեւ ուրիշ երթուղի չկա, պատրաստ ճանապարհ չկա: Եթե հարմար դիտվի, նաեւ Իջեւան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել»։
Տեսեք․ մի անգամ առաջարկել է Հայաստանի տարածքով ապահովել Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը` հրաժարվել են, արդեն հարյուրերորդ անգամ առաջարկում է Հայաստանի տարածքով ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը, դարձյալ ոչ միայն հրաժարվում, այլեւ անուշադրության են մատնում։ Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանին եւ Թուրքիային ցամաքային կապ պետք չէ, նրանք դա ունեն Վրաստանի տարածքով, Ադրբեջանին Նախիջեւանի հետ ցամաքային կապ պետք չէ, իրենք դա ունեն Իրանի տարածքով, նրանց միջանցք է պետք` Հայաստանից տարածք։ Փաշինյանը սարսափով մտածում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են Իրանում տեղի ունեցող պատերազմը եւ անկայունությունն օգտագործել եւ գրավել Մեղրին, եւ այդ դեպքում իրեն ո՛չ պարոն Թրամփը կօգնի, ո՛չ Մակրոնը եւ ո՛չ էլ որեւէ մեկը։ Փաշինյանը Մեղրիի մասին չի մտածում, ինքն իր իշխանության կորստի մասին է մտածում, իր անձնական անվտանգության մասին է մտածում, որ չի կարողանա մարդկանց խաբել, թե խաղաղություն եմ բերել, ինձ իշխանություն տվեք, դուք էլ հանգիստ ապրեք։ Դրա համար է սողում Ալիեւի ոտքերի տակ, որ հանկարծ իրեն չտրորեն, իշխանությունից չզրկեն։
Նիկոլն իր կյանքն ու ճակատագիրը հանձնել է Ալիեւի ձեռքն ու հիմա նրանից կյանքի, ապրելու իրավունք է աղերսում, դրա դիմաց խոստանալով ընտրություններից հետո նրան հանձնել ամբողջ Հայաստանը։ Ալիեւը ծանր ընտրության առաջ է․ իսկ եթե, չնայած իր բարեգթությանը, Նիկոլը չկարողանա մնալ իշխանության, եթե ինքը նրան գթա եւ չոչնչացնի, կարող է իր փոխարեն դա անել հայ ժողովուրդը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր