Պաշտոնը բարձունք է, որից վաղ թե ուշ իջնելու եք

Պաշտոնը բարձունք է, որից վաղ թե ուշ իջնելու եք

Sat, 14 Mar 2026 19:15:12 +0400


Մի քանի օր առաջ «Հրապարակ» օրաթերթի անունից էլեկտրոնային հարցում էի ուղարկել Ալավերդու համայնքապետարան։ Հարցը վերաբերում էր քաղաքի համար սովորական մի թեմայի` քաղաքի զբոսայգիներին, պուրակներին եւ հանգստի գոտիներին: Հարցրել էինք` ինչպե՞ս են պատրաստվում գարուն-ամառ սեզոնին, ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում կատարել։ Թվում է՝ բարդ հարց չէր` ո՛չ քաղաքական էր, ո՛չ վիճահարույց, ո՛չ անձնական բնույթի։ Իսկ պատասխանը հետաքրքիր կարող էր լինել քաղաքի բնակիչներին։
Սակայն պարզվեց, որ նույնիսկ նման պարզ հարցը կարող է հանդիպել բյուրոկրատական պատի։ Սկզբում պատճառաբանեցին, թե էլեկտրոնային նամակը թերի է, իբր անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ։ Մինչդեռ նամակում նշված էին բոլոր անհրաժեշտ տվյալները՝ լրագրողի անունը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն։ Երկրորդ նամակը գրեցինք, հարցումը գրանցվեց։ Թվում է՝ մանրուք է, բայց հենց նման մանրուքների մեջ է երեւում վարչարարական մտածողության իրական պատկերը։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե տեղեկատվություն ստանալու համար լրագրողը պետք է հաղթահարի մի ամբողջ ընթացակարգային լաբիրինթոս։ Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում։

Դեբեդ գետի խնդիրներին նվիրված իմ հոդվածից հետո նման մի հարցում ուղարկեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ նախարար Համբարձում Մաթեւոսյանին։ Հոդվածում բարձրացված էին Դեբեդ գետի ավազանի, ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, տարիներով կուտակված խնդիրները։ Հետաքրքրվել էի՝ արդյո՞ք նախարարությունն ունի ծրագրեր՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նորից բյուրոկրատական պատնեշի բախվեցինք։ Նախարարությունից պատասխանեցին, որ էլեկտրոնային նամակը բավարար չէ․ անհրաժեշտ է ստորագրություն։ Թվայնացման դարաշրջանում այս պահանջն առնվազն տարօրինակ է հնչում։ Քաղաքացիները պետական ծառայություններից օգտվում են առցանց, վճարումներ են կատարում էլեկտրոնային համակարգերով, դիմումներ են ներկայացնում թվային հարթակներով, իսկ լրագրողի նամակը չպետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով։ Երկար հեռախոսազրույց ունեցա նախարարության աշխատակիցների, ապա լրատվության բաժնի աշխատակցի հետ, փորձում էի հասկանալ, թե ինչու պետք է մի պարզ հարցում վերածվի ձեւական ընթացակարգերի շարանի։ Բայց գերատեսչությունների բյուրոկրատական պատը միայն նամակներով չի սահմանափակվում։ Երբեմն նյութ պատրաստելիս անհրաժեշտ է ընդամենը մեկ պարզաբանում, մեկ նախադասություն, որը պետք է լրացնի օպերատիվ տեղեկատվությունը եւ հոդվածը դարձնի ամբողջական, ու դա հնարավոր է անել հեռախոսով, սակայն այստեղ էլ է կրկնվում նույն պատմությունը։

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատողների 45-օրյա գործադուլի մասին նյութ պատրաստելիս փորձել էի կապ հաստատել կոմբինատի տնօրեն Վիլեն Հակոբյանի հետ։ 2 օր շարունակ զանգահարեցի, աշխատակցին ներկայացրի հարցերը, խնդրեցի կազմակերպել զրույց տնօրենի կամ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հետ։ Խոստացան ու չարեցին: Մինչդեռ խոսքը վերաբերում էր քաղաքի համար կարեւոր հարցի։ Ախթալան փոքր քաղաք է, որի տնտեսական կյանքը մեծապես կախված է հենց այդ ձեռնարկությունից։ Այստեղ գործադուլը պարզապես աշխատանքային վեճ չէ, այլ ամբողջ քաղաքի սոցիալական կյանքն է խաթարվում։ Բնական է, որ ուզում էինք լսել ոչ միայն գործադուլ անողների, այլ նաեւ ձեռնարկության ղեկավարության դիրքորոշումը։
Նմանատիպ իրավիճակ առաջացավ նաեւ Վանաձորի ավագանու նիստի մասին նյութը պատրաստելիս։ Քաղաքի համար կարեւոր նիստ էր` շուրջ 32 միլիոն դոլարի ծրագրային փաթեթ էր հաստատվելու։ Բնական է, որ քաղաքացիները կցանկանային հասկանալ, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, ինչ է արվելու այդ միջոցներով։ Փորձեցինք պարզաբանում ստանալ համայնքապետարանի ղեկավարությունից, դիմեցինք մամուլի խոսնակին։ Պարզվեց՝ նա տեղեկություն չունի ո՛չ նիստի մանրամասների, ո՛չ էլ ներկայացված ծրագրի մասին։ Առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցրի՝ Դուք լրագրող աշխատե՞լ եք։ Պատասխանը եղավ․ «Դա ի՞նչ կարեւոր է»։ Գուցե իսկապես կարեւոր չէ, բայց մամուլի հետ աշխատելու այս մշակույթը չիմացությունից է գալիս։ Մամուլի խոսնակը կարող է տվյալ պահին տեղեկություն չունենալ, բայց պետք է ասի․ «Կճշտեմ, մի փոքր ժամանակ տվեք»։ Իսկ լրագրողին երկարատեւ նամակագրության ճանապարհով ուղարկելն իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, մեր նյութն էլ կորցնում է իր օպերատիվությունը։

Այս ամենը մի հարցի է հանգեցնւմ. ինչպե՞ս են պետական եւ համայնքային կառույցները պատկերացնում իրենց հարաբերությունը հասարակության եւ լրատվամիջոցների հետ։ Մարդիկ մեծ դժվարություններ են հաղթահարում պաշտոն ստանալու համար, խոստանում են ծառայել ժողովրդին, պաշտպանել հանրային շահը, լուծել խնդիրներ։ Իսկ երբ հասնում են իրենց նպատակին, ամեն բան փոխվում է։ Պաշտոնյան սկսում է իրեն զգալ ոչ թե հանրությանը ծառայող, այլ հասարակությունից առանձնացած մի փակ համակարգի ներկայացուցիչ։

Պաշտոնը մի տեսակ բարձունք է, բայց այդ բարձունքը հավերժ չէ։ Լեռներ բարձրացող զբոսաշրջիկները կարող են որոշ ժամանակ մնալ գագաթին, բայց վերջում անպայման իջնում են ներքեւ։ Իսկական ալպինիստները դա գիտեն հենց սկզբից` գիտեն, որ բարձունքը հաղթահարելուց հետո պետք է վերադառնալ մարդկանց մոտ։ Պաշտոնյաներն էլ պետք է գիտակցեն, որ, վաղ թե ուշ, վերադառնալու են նույն հասարակության մեջ, եւ կարողանան ապրել մարդկանց մեջ, որոնց չեն արհամարհել, երբ բարձունքի վրա են եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են

Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են Sat, 14 Mar 2026 23:45:09 +0400 Գողության համար…

4 ժամ ago

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը Sat, 14 Mar 2026…

4 ժամ ago

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ Sat, 14 Mar 2026…

5 ժամ ago

Դերասանը դատի է տվել՝ սերիալը նորից ցուցադրելու համար

Դերասանը դատի է տվել՝ սերիալը նորից ցուցադրելու համար Sat, 14 Mar 2026 23:00:04 +0400 Բրազիլացի…

5 ժամ ago

«Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին․ Ռոբերտ Քոչարյան

«Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին․ Ռոբերտ Քոչարյան Sat, 14 Mar 2026 22:43:50…

5 ժամ ago

Հայտնի գրական երկի առաջին հրատարակությունը վաճառվել է աճուրդով

Հայտնի գրական երկի առաջին հրատարակությունը վաճառվել է աճուրդով Sat, 14 Mar 2026 22:30:38 +0400 Ռուս…

5 ժամ ago