Դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ աստվածաբանական իրականություն

Դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ աստվածաբանական իրականություն

Mon, 16 Mar 2026 11:47:22 +0400


Մարտի 15-ին Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։

«Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բանախոսության ընթացքում նորովի բացահայտվել է Մխիթար Գոշի կերպարը։

Ներկաները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու եռամեծ վարդապետի իրավաբանական մտքին, ինչպես նաև ստացել հարուստ տեղեկություններ նրա նշանավոր «Դատաստանագրքի» մասին, որը միջնադարյան հայ իրավական մտածողության կարևորագույն հուշարձաններից է։ Հենց այս աշխատության մեջ է Մխիթար Գոշը նկարագրում, թե ինչպիսին պիտի լինի դատավորը՝ աստվածավախ, իմաստուն, անաչառ, անկաշառ։

Այնուհետև «Դատավորի կերպարը Սուրբ Գրքում» թեմայով բանախոսել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ արձանագրելով դատավորի կամ դատական իշխանության կարևոր դերը պետության կայունության մեջ։

Հայր Սուրբը, մասնավորապես, նշել է. «Սուրբ Գրքում գործադիրից դատական իշխանության տարանջատման գաղափարը դիտարկվում է որպես աստվածատուր կարգ, իսկ մասնագիտական բարձր կարողությամբ օժտված, աստվածավախ, արդարամիտ և անկաշառ դատավորների նշանակումը՝ որպես պետական կառավարման համակարգի զորացման, հասարակության խաղաղ համակեցության, պետության զարգացման կարևոր նախապայման (Ելք 18։22–23)։ Միապետության հաստատման նախօրյակին, դատական իշխանությունը գործադիր իշխանությանը միաձուլելու և միապետի ձեռքում կենտրոնացնելու ժողովրդի ցանկությունը որակվում է իբրև աստվածուրացություն, աստվածային կարգի մերժում, ինչը Սամուել մարգարեի զգուշացմամբ՝ դառնալու էր ժողովրդի տառապանքի և պետական համակարգի խարխլման աղբյուր․ «Այդ ժամանակ դուք տնքալու եք ձեր ընտրած թագավորից, բայց Տերը ձեզ չի լսելու» (Ա Թագ․ 8։18)։

Հին ուխտի ժողովրդի պետական կազմավորման մեջ դատական իշխանությունը նախորդում է թագավորական միապետությանը, որով ընդգծվում են արդարադատության համակարգի առաջնայնությունն ու ինքնուրույնությունը։ Դատավորների անկախությունը բացարձակ արժեք է՝ անկախ ինչպես իշխանության մյուս ճյուղերից, այնպես էլ ժողովրդից․ «Մեծամասնությանը հետևելով չար գործերի հետևից չընկնես, վեճը չլուծես ճշմարտությունից հեռանալով՝ ըստ մեծամասնության» (Ելք 23։2)։ Ահարոնն անապատում ոսկե հորթ է ձուլում մեծամասնության պահանջով, պատժվում է հասարակությունը։ Միապետությունը հաստատվում է գործադիր և դատական իշխանությունների մեկտեղմամբ, դարձյալ մեծամասնության պահանջով, հետևանքը լինում է թագավորական իշխանության չարաշահումը, երկրի անվտանգության թուլացումը և արտաքին միջամտությունը։ Քրիստոսի դատավարությունն ու դատավճիռը տեղի են ունենում ամենաժողովրդավարական ձևով։

Երբ պետությունը, հասարակությունը հեռանում են Աստծուց և Նրա արարչադիր սկզբունքներից, աշխարհիկ իշխանությունը սկսում է իրեն դիտել որպես վերջնական հեղինակություն՝ փաստորեն իրեն վերագրելով այն դիրքը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ դեպքում դատարանը արդարադատություն իրականացնող մարմնից վերածվում է պատժիչ հաստատության, որտեղ գերակշռում է մեղադրական թեքումը, քրեական հետապնդումը։ Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց։

Հետևաբար, դատական համակարգի և դատավոր կերպարի աստվածաշնչյան ընկալումները մեզ հուշում են, որ դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ բարոյական և աստվածաբանական իրականություն, որի կայունությունն ու անկախությունը պայմանավորում են թե՛ հասարակության համերաշխությունը, թե՛ պետության կենսունակությունը։ «Պետության հոգին զինվորականությունն ու արդարադատություն իրականացնողներն են»,- ասում էր Արիստոտելը՝ նկատի ունենալով երկու փրկարար կառույց, որոնցից մեկը զինված ուժերը, պետությունը պաշտպանում են արտաքին վտանգից, մյուսը՝ դատարանները, ներքին վտանգից․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

12 րոպե ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

21 րոպե ago

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

42 րոպե ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

57 րոպե ago

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400…

1 ժամ ago

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն Sat, 24 Oct 2026 21:41:04 +0400 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի…

2 ժամ ago