Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Բոլորը դժգոհ են, բայց, ըստ Ավինյանի, օդը մաքուր է

Բոլորը դժգոհ են, բայց, ըստ Ավինյանի, օդը մաքուր է

Mon, 16 Mar 2026 12:00:16 +0400


Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ նշելով, որ նոյեմբերին գրանցված բարձր մակարդակն այժմ այլևս չի նկատվում։ Նրա խոսքով՝ չնայած քաղաքում շարունակվում է շինարարական ակտիվությունը, մեծ է ավտոմեքենաների հոսքը և առկա են մարդածին տարբեր գործոններ, այնուամենայնիվ աղտոտման այն մակարդակը, որը նկատվել էր աշնանը, այլևս չի արձանագրվում։

Քաղաքապետը պարզաբանել է, որ Երևանում նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում օդի որակը մեծապես պայմանավորված է մթնոլորտային շերտի բարձրությամբ։ Նրա խոսքով՝ այդ շրջանում մթնոլորտային շերտը մոտ 1200 մետրից իջնում է մինչև շուրջ 80–100 մետր, ինչի հետևանքով վերևում գտնվող աղտոտումները խտանում են ավելի ցածր բարձրության վրա։ Ավինյանի խոսքով՝ սա բնական բնակլիմայական երևույթ է, որը դիտվում է ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արարատյան դաշտավայրում՝ այդ թվում Վեդիում, Արտաշատում և հարակից տարածաշրջաններում, և պայմանավորված է տարածքի աշխարհագրական դիրքով։

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանը փորձում է ապահովել օդի որակի վերաբերյալ բաց և հասանելի տվյալներ։ Նրա խոսքով՝ հրապարակվում են ոչ միայն ընթացիկ տվյալները, այլ նաև առաջիկա օրերի և նույնիսկ մեկ շաբաթվա կանխատեսումները։ Նա հավելել է, որ գարնան սկզբին, երբ օրերը տաքանում են, մթնոլորտային շերտը կրկին բարձրանում է՝ հասնելով մոտ 1200–2000 մետրի, ինչի հետևանքով աղտոտման մակարդակները նվազում են։

Այնուամենայնիվ, քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանումները չեն փարատում բոլոր մտահոգությունները։ Շատ երևանցիներ շարունակում են դժգոհել օդի որակից՝ նշելով, որ քաղաքում հաճախ զգացվում է փոշու և ծխի բարձր մակարդակ։ Քաղաքացիները պնդում են, որ միայն բնական գործոններով բացատրել իրավիճակը բավարար չէ և ակնկալում են ավելի արդյունավետ քայլեր՝ շինարարական փոշու, ավտոմեքենաների արտանետումների և այլ աղտոտման աղբյուրների վերահսկման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Tue, 10 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով