Կնոջս էլ շուն մի տվեք. տանը տեղ չկա
Mon, 16 Mar 2026 11:54:50 +0400
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել անտուն կենդանիների որդեգրման թեմային։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ գովելի է այն փաստը, որ նախորդ տարվա ընթացքում հաջողվել է ապահովել 83 շների որդեգրում։
Քաղաքապետը նաև հայտնել է, որ այդ շներից մեկը որդեգրել է հենց իր ընտանիքը։ Նրա խոսքով՝ նման քայլերը կարևոր են անտուն կենդանիների խնդրի լուծման համար և կարող են օրինակ ծառայել մյուս քաղաքացիների համար։
Խորհրդակցության ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեության արդյունքները և կատարված աշխատանքները։
Քաղաքապետը թեմային անդրադառնալիս նաև կատակով նշել է, որ այլևս չպետք է իր կնոջը շուն փոխանցել որդեգրման համար, քանի որ իրենց ընտանիքում արդեն երեք շուն կա և նոր կենդանու համար տեղ այլևս չկա։