Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Mon, 16 Mar 2026 18:15:31 +0400

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն՝ աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։
«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:
Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։
Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:
Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։ Մեր ընտրանին տանը կընդունի Բելառուսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր