Իսրայելի ՀՕՊ միջոցները չեն կարող վնասազերծել իրանական գերձայնային հրթիռները
Mon, 16 Mar 2026 21:45:05 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է իրանագետ Նվեր Դավթյանը:
-ԱՄՆ-իսրայել-Իրան պատերազմ. Իրանը տհաճ անակնկալ մատուցե՞ց հակառակորդներին, թե՞ այս ընթացքը կանխատեսելի էր:
-Սա կարծում եմ, մի պատերազմ էր, որը սկսելուց առաջ գուցե թերագնահատվել էին Իրանի իրական հնարավորություններն ու ռազմապաշտպանական պոտենցիալը: Կամ գուցե գիտակցելով, թե ինչ կարող է լինել, բայց այնուամենայնիվ, զուտ պատերազմ ունենալու համար տարածաշրջանում, այն սկսվեց՝ եթե պատերազմի ընդհանուր նպատակները փորձենք հասկանալ: Խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, և բանակցային գործընթացը պատերազմով տապալելու իրողությանը, որը մեծամասամբ, կարծում եմ, տեղի ունեցավ Իսրայելի կողմից, Միացյալ Նահանգների համաձայնությամբ, բնականաբար: Ակնհայտ է, որ ճիշտ չեն գնահատվել և երկրի ռազմապաշտպանական ռեսուրսներն ու հնարավորությունները և նաև քաղաքական, տնտեսական այլ հետևանքները, որ կարող էին տեղի ունենալ կամ գուցե գերագնահատել են, որ նման համարձակությունն ունեցան սկսելու համար: Սա որպես փաստ պետք է արձանագրենք: Եվ հիմա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի կողմում Իրանն է իր սեփական ռազմաարդյունաբերական պոտենցիալով, որ կարող է նույնիսկ երկար ժամանակ պատերազմը շարունակել, որովհետև որևէ երկրից այս առումով կախվածության մեջ չէ: Գուցե լինեն լրացուցիչ տնտեսական, քաղաքական, միջազգային իրավական ճնշումներ, բայց եթե խոսքը վերաբերում է այդ երկրի ռազմապաշտպանական հնարավորություններին, այդ երկիրը գրեթե 90, գուցե ավել տոկոսով ինքնաբավ երկիր է: Եվ այս կոնցեպտը ձևավորվել է ոչ միայն այս պահին՝ իսրայելա-իրանական, կամ ամերիկա-իրանական այս լարված ֆոնին, այլ դեռևս իրանա-իրաքյան պատերազմի ժամանակներից: Սա իրենց ռազմապաշտպանական դոկտրինի հիմքն է, նվազագույնի հասցնել կախվածությունը արտաքին դերակատարներից:
-Փորձենք մարտավարական գնահատական տալ գործողություններին:
-Իրանի ՀՕՊ-ը գուցե իդեալական այն հնարավորությունները չունի կամ առհասարակ ռազմածովային ուժերը, որոնց շուրջ շատ քննարկումներ են լինում։ Նշվում է, որ այդ երկրի ռազմածովային ուժերը թույլ են: Առհասարակ, ռազմածովային ուժերը, գտնվելով մայր հողից դուրս հատվածում, սովորաբար ամենաթիրախայինն են, ամենախոցելին են, որովհետև այդ ռազմանավը պետք է կարողանա և իրեն պաշտպանի և այլ խնդիրներ կատարի, իսկ ցամաքայինի պարագայում նույնը, չէ, ռազմաօդայինի պարագայում նույնը չէ: Իսկ իրանի գործողությունների մարտավարության տրամաբանությունն է՝ իր առջև դրած ռազմածովային ուժերի խնդիրների մեծ մասը իրականացվում է ցավամքից, խոսքն այստեղ Պարսից Ծոցում կամ այլ հատվածներում, Օմանի ծոցում հակառակորդի թիրախները ցամաքից հարվածելու մասին է, իսկ սա արդեն այլ հնարավորություն է:
-Իսկ իսրայելական ՀՕՊ-ի վիճակն ինչպիսին է:
-Այստեղ նույնպես մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ գերժամանակակից, շատ արդիական, լավագույնը կամ գուցե ամենանորարարական միջոցներով ՀՕՊ միջոցներ են, բայց եթե փորձենք համեմատել իրանական հրթիռների՝ հատկապես գերձայնային հրթիռների արագության և ՀՕՊ միջոցների տեխնիկական հնարավորությունները, ապա նույնիսկ այդ գերժամանակակից ՀՕՊ համակարգերը մեծամասամբ չեն կարողանում տեխնիկապես իրենց առջև դրված խնդիրները կատարել, ոչնչացնել: Հակահրթիռային համակարգերի մեջ գտնվող կամ դրանցում օգատագործվող հրթիռները ևս շատ թանկ են, որովհետև սովորական ՀՕՊ հրթիռներ չեն, որ կարող են օգտագործվել իրանական հրթիռների հարձակումները չեզոքացնելու համար, դրանց համար համապատասխան՝ գերարարգ հրթիռներին համարժեք ՀՕՊ հրթիռներ են պետք, ուստի այս առումով կան լուրջ խնդիրներ: Ամեն ՀՕՊ միջոց չէ, որ այդ մարտավարական խնդիրները կարող է լուծել:
-Բայց ներկայացվում է, որ իրանական կողմը, Հեզբոլլահը ոչնչացվել է, վերջին շնչում են՝ ամերիկաիսրայելական քարոզչությունն այդ է ասում:
-Երկար ժամանակ ներկայացվում էր, որ Հեզբոլլահը ոչնչացված է, այլևս չկա, իրենից այլևս ոչինչ չի ներկայացնում, բայց փաստ է, որ այսօր տեսնում ենք օրական 100-ից 200 հրթիռ Հեզբոլլահի կողմից արձակվում է Իսրայելի տարածք:
-Նշեցիք Իրանի ինքնաբավության փաստը, ինչը այդքան էլ ճիշտ չէր գնահատվել․․․
-Կամ գուցե արժանացել էր, բայց համապատասխան օղակներում անտեսվել էր, որպեսզի այդ պատերազմը տեղի ունենա:
-Որո՞նք են այն մյուս կետերը, որոնցում ԱՄՆ-ն և Իսրայելը ևս սխալվել են։
-Մյուսը ժողովուրդի գործոնն է, այսինքն, երկրի ներքին պաշտպանական հնարավորությունն էր: Հաշվարկների մի մասը նախատեսված էր հետևյալ սցենարներով, որ գերագույն հոգեւոր առաջնորդին կամ ռազմական էլիտային ոչնչացնելով կառավարման լուրջ խնդիրներ կառաջանան քաղաքական և ռազմական համակարգերում, որը հնարավորություն կտա արագ կերպով իրականացնել և ռազմական, հանրային խնդիրներ Իրանի ներսում, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ և արդեն տասը օրից ավելի է պատերազմը սկսվել է և Իրանի փողոցները լցված են իշխանամետ ուժերի ներկայացուցիչներով։ Հիմա մեկը կասի դա իշխանությունն է բերում, կազմակերպում՝ դա կապ չունի, փաստ է, որ այդ ռեսուրսը կա, իշխանությանն աջակցող այդ ռեսուրսը հասարակության մեջ գոյություն ունի և փողոցը այսօր, որը հանրային կառավարման, երկրի հասարակական, քաղաքական կառավարման առումով այս պահին չափազանց կարևոր է, զբաղեցված է իշխանամետ ուժերի ներկայացուցիչների կողմից: Սա նույնպես կարևոր գործոն է:
-Մենք ի՞նչ դաս պիտի քաղենք Իրանից, հիշում եմ Արաղչիի խոսքերը, երբ ասաց, որ իրենց արժանապատվությունը առուծախի առարկա չի կարող լինել: Եվ ինչո՞վ է առանձնանում այս պատերազմը՝ սա պարզապես պատերա՞զմ է, թե՞ հանուն գոյության պայքար:
-Սա պատերազմ չի պատերազմի համար, գուցե այլ ուժերի համար այո, բայց Իրանում չափազանց լուրջ են վերաբերվում այդ պատերազմին և զուտ ֆիզիկական անվտանգության տեսնակյունից, թե պետության, թե ժողովրդի և նաև լուծում են միաժամանակ մի շարք իրավա-քաղաքական խնդիրներ, որոնք ձևավորվել են և վերջին տասնամյակների ընթացքում սեղմել էին Իրանի շուրջ այդ օղակը՝ իրավաքաղաքական խնդիրներ, միջազգային ճնշումներ, պատժամիջոցներ և այլն: Տարածաշրջանի երկրների, հատկապես այն երկրներին, որտեղ գոյություն ունեն Միացյալ Նահանգների ռազմաբազաներ, Իրանը բազմիցս նախազգուշացրել է, որ նրանց ներկայությունը տարածաշրջանում անվտանգային երաշխիք չէ և այսպես շարունակ։ Տպավորություն էր, որ Պարսից ծոցի երկրները չեն ցանկանում պատերազմ, գուցե անկեղծորեն չեն էլ ցանկացել, որովհետև այս պահին իրենք էլ են շատ մեծ վնասներ կրել: Բայց, այնուամենայնիվ, պատերազմը տարածաշրջանի երկրների կամքից անկախ տեղի ունեցավ և պատերազմը, կարելի է ասել, տարածաշրջանի երկրների մակարդակի պատերազմ չէր: Սա այլ, գլոբալ աշխարհաքաղաքական նշանակության պատերազմի բովանդակություն ունի: Իրանն իր առջև դրված ռազմական խնդիրները լուծելով, մի քանի այլ հարակից խնդիրներ է փորձում լուծել: Առաջինը, տարածաշրջանի երկրներին ապացուցել, որ Միացյալ Նահանգների ռազմաբազաների ներկայությունը, որ տասնամյակներ շարունակ հիմնավորվում էր, որ այդ երկրների անվտանգության երաշխիքն է, դա այդպես չէ: Ավելին, այդ ռազմաբազաների ներկայությունը որոշակիորեն նաև ռիսկեր է առաջացնում այդ երկրների անվտանգության համար, եթե ճիշտ քաղաքական կողմնորոշում չլինի այդ երկրների իշխանությունների կողմից: Մյուսը տնտեսականն է․ երկար ժամանակ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կան: Գուցե չէին գնահատում կամ չէին հաշվարկել, որ Հորմուզի նեղուցը կարող է այդպիսի խնդիրներ ստեղծել: Եվ այնպես չի, որ միայն Հորմուզի նեղուցը Իրանը որոշեց փակեց կամ մի մասը բաց թողեց, հարցը միայն այս իմաստով չի, կամ որ իրանական հրթիռները թիրախավորում են միայն ԱՄՆ-ի կամ իր դաշնակիցների նավթատարները, խնդիրն այն է, որ ցանկացած ռազմական իրադրություն այն տարածաշրջանում, որտեղ տեղի է ունենում, գրեթե բոլոր առևտրային կազմակերպությունները խուսափում են իրենց միջազգային տրանզիտն իրականացնելուց: Սա այսպես թե այնպես լինելու էր, իսկ թե ինչու դա չի գնահատվել, կանխատեսվել, կարծում եմ, որ դա այն քարոզչական սին պատկերացումների վրա է հիմնված եղել, որ Իրանի հարցը մի քանի օրվա ընթացքում կլուծեն և նման խնդիրներ չեն առաջանա: Այնինչ, այսօր տեսնում ենք, որ համաշխարհային տնտեսության համար լուրջ խնդիրներ է սա առաջացրել: Այլ երկրներ, այո, կարող են շահեկան դիրքերում որոշակիորեն հայտնվել: Նույն Պարսից ծոցի բազմաթիվ երկրներ ֆորսմաժորային իրավիճակներում, այդ երկրներում գործող առևտրային կազմակերպությունները բոլոր իրավական հիմքերն ունեն հրաժարվելու իրենց առևտրային պայմանագրերից և ստանձնած պարտավորություններից ու նոր պայմանագրեր կնքել այնպիսի երկրների հետ, որոնք հնարավորություն կտան խուսափել որոշ անվտանգային ռիսկերից: Այս պարագայում կարող է նման դերկատարություն ստանձնել, օրինակ, Չինաստանը, եվրոպական մի շարք երկրներ, որոնք նույն Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով հսկայական տնտեսական վնասներ են կրում: Միացյալ Նահանգների ակտիվ ներկայացվածության պատճառով Պարսից ծոցում մի շարք եվրոպական երկրների առևտրային կազմակերպություններ զրկված են եղել ակտիվ ներկայությունից Պարսից ծոցի էներգետիկ ռսուրսների կառավարմանը: Հիմա բացառիկ հնարավորություն է, նոր իրավիճակ է արդեն դա ենթադրում: Պատերազմը թե երբ կկանգնի, դա արդեն կախված է ոչ թե քաղաքական որոշումից, ինչպես եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ, այս անգամ կարծում եմ, մարտադաշտն է որոշելու կամ այնպիսի մի իրավիճակ, երբ որ կողմերը գիտակցեն, որ այլևս անհնար է կորցնել վերջին կամ հետագա վերականգնման վերջին հնարավորությունը: Սա կարող է մի իրավիճակ ձևավորել, որ կողմերն, առնվազն շահեկան դիրքում գտնվող կողմը, հետ կանգնի:
-Այսինքն, Իրանն իր հակազդեցությամբ, ոչ միայն ռազմական, տնտեսական իրավիճակ է փոխել ամբողջ աշխարհում, այլև աշխարհաքաղաքական ու բազմաթիվ այլ փոփոխությունների պատճառ է դարձել և աշխարհն այլևս առաջվանը չի լինի, ինչպես այս պատերազմից առաջ էր:
-Քանի որ պատերազմը դեռ շարունակվում է, ես կխուսափեի նման սահմանում տալ, բայց այնուամենայնիվ, որ մենք այս պահին այդ փոփոխությունների փուլի մեջ ենք՝ դա ակնհայտ է: Այդ փոփոխությունները սկսվել են, փոփոխությունները թելադրող, ենթադրող իրավիճակը արդեն ձևավորվել է: Հիմա տարածաշրջանի երկրներն ինչ հետևություններ կանեն, այնտեղ գործող առևտրային կազմակերպությունները, նավթային ընկերությունները, հանքավայրերը կառավարող ընկերությունները ինչ որոշումներ կկայացնեն իրենց անվտանգ գործունեության հետագա ապագայի համար, դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց փաստ է, որ մենք հիմա գործ ունենք այս իրավիճակի հետ: