«Հրապարակ». Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը
Tue, 17 Mar 2026 08:45:14 +0400

Նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Եվ նախատեսվում է այն քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաեւ՝ խմբակցությունում։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում երեկ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը: «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,- ասաց նախարարը:
Նոր մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումն է Անկախության հռչակագրին, որն Ադրբեջանին դուր չի գալիս: Այն հանելու վերաբերյալ իր մտադրության մասին մոտ մեկ տարի առաջ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը՝ տուրք տալով Ադրբեջանի նախագահի պահանջներին: Ընդ որում, մի անգամ արդեն Սահմանադրական դատարանը դրան անդրադարձել է, երբ վավերացվում էր սահմանազատման կանոնակարգը։ ՍԴ-ն որոշեց, որ Հռչակագրում տարածքային պահանջներ չկան, եւ այն չի կարող հետեւանքներ առաջացնել։ Բայց Ադրբեջանին դա չբավականացրեց։ Նրանք շարունակեցին պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, եւ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի Անկախության հռչակագրի տեքստը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ պնդեց իր դիրքորոշումը. «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել»:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միակ նախապայմանն է այսօր։ Մեր Հռչակագիրը, ըստ Ադրբեջանի, իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում: Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետեւ կհակասի երկրի մայր օրենքին, եւ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, սակայն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում նիստերին, հայտարարելով, որ դեմ է Ալիեւի կողմից «տնային աշխատանք» հանձնարարելուն եւ Հայաստանի կողմից այն կատարելուն, ըստ այդմ՝ Հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել չի կարելի, երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց՝ Հռչակագրից հրաժարվելը կնշանակի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնել։ «Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը՝ կնշանակի հանել Հայաստանի ծննդականը, կնշանակի չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է մեր անկախության դեմ»,- ասում է Մարուքյանը։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, թե մեր Հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս մեր պետության դեմ՝ որ իր երկիրն է, որ կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, Սովետական Միության փլուզումից հետո նա պնդում է, որ կոնֆլիկտ հրահրողը մենք ենք՝ սա ադրբեջանական թեզ է»։ Որպեսզի մեր անկախությունը չվտանգենք, Մարուքյանի առաջարկած լուծումն այն է, որ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, որ չոչնչանա մեր պետության «ծննդականը»․ «Դրանից հետո մենք Սահմանադրական դատարանի որոշումով շարունակում ենք բանակցությունները, որ տարածքային պահանջ չունենք, ու կնքում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե Փաշինյանը մնում է վարչապետ, իրեն օգտագործում են էս երկիրը վերացնելու համար, փափուկ ուժով, ինչ ասում են՝ անում է»։
Նոր սահմանադրության տեքստն իշխող խմբակում քննարկելուց հետո քննարկումները պետք է տեղափոխվեն նաեւ Սահմանադրական խորհուրդ, որտեղ էլ կշարունակվեն քննարկումները, ապա քվեարկության կդրվի տեքստը, որպեսզի իբրեւ նախագիծ ներկայացվի հանաքվեի։ Մարուքյանը նշում է, որ փորձելու է խափանել այդ փոփոխությունը, ասում է, որ խորհրդում մեկ-երկու հոգի եւս դեմ են Հռչակագիրը հանելուն։ Մենք տեղեկացանք, որ մեկը Արթուր Սաքունցն է։
«Բայց ո՞վ է Անկախության հռչակագիրն ուժը կորցրած ճանաչում։ Կներեք, Բրիտանիայի ծննդյան վկայականը որտե՞ղ է, կամ Բրիտանիան, որ չունի անկախության հռչակագիր, դադարո՞ւմ է պետություն լինելուց, լուրջ չէ»,- Մարուքյանին հակադարձում է Դանիել Իոաննիսյանը։ «Ինձ համար շատ ավելի կարեւոր է Սահմանադրությունում, օրինակի համար, ընդդիմությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունենա, կամ հակակոռուպցիոն մարմինները սահմանադրական երաշխիքներ ունենան, քան որեւիցե կարգավորում, որն իրավական ուժ չունի, այդ թվում՝ Հռչակագիրը»,- կարծում է Իոաննիսյանը։
Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ՝ կախված է ընտրությունների արդյունքներից։ Հիշեցնենք․ որպեսզի բանը հասնի հանրաքվեին, պետք է Ազգային ժողովի 2/3-ը կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին, ձայների պարզ մեծամասնությունը բավարար չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր