«Հրապարակ». Ինչո՞ւ չպարեն, եթե այդքան պարգեւավճարներ են ստանում
Tue, 17 Mar 2026 09:15:46 +0400

Նիկոլ Փաշինյանը, որը 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ քաղաքացիներին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իսկ դրանից առաջ բղավում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», այժմ «Արցախի Հանրապետություն» եզրույթը համարում է վտանգավոր սպառնալիք Հայաստանի համար եւ ուղղակի պատերազմի կոչ։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ խոստովանեց, որ ինքն է Ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրել, չնայած նա իր ուղիղ ենթական չէ։ Պատճառն այն է, որ վերջինս Արցախի մասին գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին։ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՔՊ անդամ Սոֆյա Հովսեփյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին, նկատում է․ «Այն բոլոր հայտարարությունները, որ անում է այդ մարդը, իր քաղաքական տրամաբանության շարունակությունն է։ Մենք չպետք է շատ հեռու գնանք եւ վաղուց պետք է կանխատեսած լինեինք, որ այդպես էլ պետք է լիներ։ Եթե մարդը հանձնում է Արցախը եւ այն համարում է ադրբեջանական տարածք, բնական է, որ պետք է նման տեսակետներ հնչեցնի։ Դպրոցի դասագրքերից էլ հանել են Արցախի մասին բոլոր մանրամասները, ազատագրական պայքարը եւ այլն, բնական է, որ Ցեղասպանության թանգարանից էլ պետք է մաքրեն Արցախի մասին պատմությունը, ինչպես նաեւ՝ հենց ցեղասպանությանն առնչվող մանրամասները։ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանն էլ է իրենցը, հետագայում մենք նաեւ կլսենք, որ Տավուշը, Սյունիքն ու Գեղարքունիքն էլ են ադրբեջանական տարածքներ, ավելին՝ մենք, որպես ազգ, այն չունենք հայկական համարելու որեւէ իրավունք։ Ցավալին այն է, որ գյուղերում արդեն խոսույթ կա, որ այս գյուղը թուրքերն են հիմնել, այն գյուղը ազերիներն են հիմնել եւ այլն։ Մենք որեւէ կերպ այս ամենից չենք կարող զերծ մնալ, քանի դեռ այս մարդիկ են հանդես գալիս որպես Հայաստանի իշխանություն։ Քանի դեռ այս քաղաքականությունը մարդկանց գիտակցության մեջ է մխրճվել, շատ կոպիտ կերպով մարդկանց պարզապես ստիպում են հարմարվել այս սարսափելի իրականությանը։ Իսկ մարդիկ էլ իրենց գրպանի, օրվա հացի ու կաշվի համար հնազանդվում են այդ ամենին։ Ոչ բոլորը, բայց քիչ չեն նմանները։ Բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր ընդունում են, որ Թուրքիայի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, առեւտուր անել, անգամ Հայոց ցեղասպանությունն են կասկածի տակ դնում, ասում են՝ արդյո՞ք Արցախը հայկական էր եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ քաղաքականությամբ է փորձում առաջ շարժվել»։
Խոսելով նախընտրական քարոզարշավի եւ ընդդիմության անելիքների մասին՝ մեր զրուցակիցը կարծում է․ «Հետեւում եմ նախընտրական քարոզարշավներին եւ շատ ցավում եմ, քանի որ տպավորություն եմ ստանում, որ ընդդիմությունն էլի մի քանի մանդատի համար է պայքարում, որպեսզի նորից՝ եւս հինգ տարի նստեն ու ոչինչ չանեն, ինչպես 2021-ից մինչ այս պահը։ Նրանք որեւէ կերպ չեն գալիս այն գիտակցությանը, որ պետք է համախմբվեն եւ Նիկոլ Փաշինյանին վռնդեն իշխանությունից։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ երկու մանդատ փախցնելով՝ միմիայն իրենց աշխատավարձի հարցն են լուծում, ուրիշ ոչ մի բան։ Փաշինյանը լկտի ձեւով այցելում է մարզեր, մարդկանց զարմացնում է ասֆալտով, բայց այդ ասֆալտի համար հենց այդ մարդիկ են վճարում՝ իրենց հարկերով ու տուրքերով։ Իբր թե չպետք է այդպես լիներ, իսկ ի՞նչ պետք է լիներ։ Թող անկեղծորեն ասեն՝ այդ բոլոր աշխատանքներից ո՞ր մասն է իրենց գրպանից, որ մասը՝ արտաքին պարտքից։ Ի՞նչ են ուզում ասել այս հայտարարություններով՝ չես հասկանում, տպավորություն է, որ ասում են՝ լավ է գոնե 100 տոկոսով չենք թալանել, այլ թալանել ենք 99 տոկոսով միայն։ Նայում եմ դրանց կերուխումին, սիրտս խառնում է, անկիրթ, անգրագետ մասսա կա, որ ուղղակի լափելով ապրում է, այ, այդ մասսային ուզում են ցույց տալ, որ ձեզ նման լափող ենք, ոչ մի բանով չենք տարբերվում։ Աշխատում են անգրագետ մասսայի վրա, որը, ցավոք, քիչ չէ։ Պետք է մարդկանց բացատրել մի բան՝ այդ մանկապարտեզները, որ սարքում են, այդ ասֆալտը, որ անում են, այնքան մեծ պարտքերի արդյունքում է արվում, որ անգամ իրենց թոռների թոռները՝ դեռ չծնված, մեծ պարտքերի տակ են։ Սերժ Սարգսյանն իր կյանքում, հավանաբար, մի ճիշտ բան է ասել, որ դպրոցները սարքելով, ճանապարհներ սարքելով՝ թալան են անում։ Ավտոբուսների մեջ անամոթաբար պարում են, իսկ ինչո՞ւ չպարեն, եթե մեկ տարվա կտրվածքով այդքան պարգեւավճարներ են ստանում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր