Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ականներն ուտում էին, իսկ մարդիկ «լայվի» տակ գրում էին․ «Արցախը համո՞վ էր»

«Հրապարակ»․ ՔՊ-ականներն ուտում էին, իսկ մարդիկ «լայվի» տակ գրում էին․ «Արցախը համո՞վ էր»

Tue, 17 Mar 2026 09:45:40 +0400


Եթե ցանկանում եք կտրվել երեւանյան տխուր իրականությունից, իրանական պատերազմի սարսափներից, ծառերի սպանդից, որը ծավալվում է պատուհանից այն կողմ, մեր առօրյայի մաս կազմող սպանություններից, աղքատությունից, Ալիեւի ռազմատենչ հայտարարություններից, հետեւեք վարչապետ Փաշինյանի մարզային այցելություններին, ֆեյսբուքյան «լայվերին», թոշակառուների հետ զրույցներին, դիտեք «Ուրախ ավտոբուսի արկածները» նախընտրական սերիալը, որը ցուցադրվում է ամեն շաբաթ-կիրակի: Մի օգտատեր վարչապետի մարզային «սերիալի» տակ գրել էր՝ «Ֆրեդի Կրյուգերի արկածները», բայց դե, նա երեւի չար ու նախանձ, ՔՊ-ի լավը չուզող ընդդիմադիրներից է։ Իսկ վարչապետի բեմադրած սերիալում դուք կտեսնեք մի ուրիշ՝ իրական Հայաստան:

Ու չեղավ մեկը, որ վարչապետին ասեր՝ իսկ դու մեր ժողովրդի տված 7 մլն պարգեվավճարը ստացա՞ր, լավ էր, չէ՞
Այս հանգստյան օրերին նա թիմով քշել-հասել էր Սյունիք, կանգառներ արել Արենիում, Վայքում, Աղավնաձորում: Գոհ ու երջանիկ քաղաքացիները «սելֆի» էին անում, ողջագուրվում վարչապետի հետ: Իսկ եթե փողոցում մարդիկ շատ չէին, Նիկոլն ինքն էր խցկվում նրանց տները, դռնեդուռ ընկած, արթնացնում՝ ասելով, որ վատ է, եթե մարդը 11-ին դեռ քնած է: Հիվանդներին պատմում էր, թե ոնց առողջանան, թոշակառուներին՝ հավելյալ 10 հազարի մասին բարի լուր բերում։ Սիսիանում մի ծեր մարդու դուռը երկար թակեց Նիկոլը: Տաբատը վերեւ քաշելով՝ տարեց տղամարդը վերջապես բացեց դուռը։ Վարչապետը խոսում էր, իսկ նա, լարված, տաբատն էր վեր քաշում, վերնաշապիկը ներս հրում։ «Իմացար, չէ՞, որ թոշակդ ավելացել ա ամսի 1-ից, գիտես, չէ՞, որ անկանխիկ առեւտուր անես, ավելի շատ կստանաս, գիտես, չէ՞, որ առողջության ապահովագրություն էլ ունես»,- քննում էր վարչապետը տարեցին։ Վերջինս լռում էր ու մեկ էլ, թե՝ տնից դուրս չեմ գալիս, բժշկի չեմ կարող գնալ։ «Ո՞ւր է Անահիտ Ավանեսյանը»,- կանչեց վարչապետն իր «վասալ» նախարարին։ Նախարարը շնչակտուր ներս գցվեց ու շուտասելուկի նման արտաբերեց, թե քաղաքացին կարող է կանչ գրանցել, եւ ընտանեկան բժիշկը կգա։ Ծեր թոշակառուն երբեք ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել էր ընտանեկան բժշկի մասին, չգիտեր, որ Սիսիանում հիմա նման ծառայություն կա, ու ապշահար նայում էր հեքիաթի կախարդ Անահիտին։ Իսկ Սյունիք այցելած վարչապետը թոշակի 10 հազար դրամը տժվժիկ էր դարձրել։ Իրեն հանդիպած բոլոր թոշակառուներին հիշեցնում էր, որ ապրիլից 10 հազարով շատ է տալու նրանց, ու չեղավ մեկը, որ վարչապետին ասեր՝ իսկ դու մեր ժողովրդի տված 7 մլն պարգեւավճարը ստացա՞ր, լավ էր, չէ՞։

Մեկը գրել էր՝ շատ ենք սիրում քեզ, վարչապետ ջան, մյուսը գրել էր՝ «ասյոլ»

Սիսիանում մի «պուզատի» տատիկ՝ Սեդա Ղազարյանը, փոքր խանութի տեր, որի թոշակը 80 հազար դրամ է, Իլոն Մասկի գիրքն էր կարդում։ Վարչապետը շատ էր զվարճել այն փաստից, որ իր երկրում կան նման բիզնեսմեն տատիկներ։ «Հլը եկեք, տեսեք՝ տատին ինչ ա կարդում»,- մի քանի անգամ բղավեց նա՝ իր խմբին ներս կանչելով, ապա նորից թոշակի, հետվճարի ու ապահովագրության երգը երգեց:

Արմինե Խաչատրյանը՝ Աղիտու գյուղում տուրիզմ զարգացնող մի կին, մոտեցավ, թե բա՝ սուբվենցիոն ծրագրով ոռոգման ջուր են քաշել, բայց ամեն օր ջրի կռիվ է, ճանապարհները շատ վատն են, գյուղ հասնել չի լինում: Վարչապետը կարճ կապեց. «Բազմաթիվ ճանապարհներ վատթար վիճակում են, բազմաթիվ ճանապարհներ վերանորոգվել են, դիմում գրեք մեյլիս»: Միամիտ ժողովուրդը մոտենում ու մոտենում էր վարչապետին, ու երբ նա հարցնում էր խնդիրներից, անկեղծանում էր․ մեկին հող էր պետք, մյուսը ջուր չուներ, երրորդն ուզում էր, որ խաղահրապարակը սարքեն-վերջացնեն, մեկն էլ ասֆալտ էր ուզում: Շաքի գյուղից մի կին տանիքի հարցով մոտեցավ: Վարչապետը, թե․ «Օրենքով արգելվում ա, ընտրական փուլ ա, նյութական խոստումներ չեմ կարող տալ»: «Բա Տեղ գյուղում ո՞նց են բոլոր տանիքները փոխում կառավարության կողմից»,- «լայվի» տակ մատնել էր օգտատերերից մեկը: Մեկն էլ գրել էր՝ շատ ենք սիրում քեզ, վարչապետ ջան, մյուսը պատասխանել էր՝ «ասյոլ»:

Միամիտ ժողովուրդ: Չի հասկանում, որ վարչապետն էդքան հարց չի կարող հիշել, որ նա չի եկել իրենց պրոբլեմները լուծելու, այլ եկել է կառավարության արած աշխատանքը ցուցադրելու, կոպիտ ասած՝ նախընտրական քարոզի: «Գրեք իմ մեյլին», «հերթով բոլորը կանենք», «հիմա չենք արել, հետո կանենք», «կսարքենք, կլուծենք, սաղ կանենք», «հիմա խաղաղությունն է ամենակարեւոր հարցը, երկրորդը ջուրն է լինելու»՝ աջ ու ձախ խոստումներ էր շտայլում Նիկոլը, ինչը մեր օրենսգրքով նույնպես ընտրակաշառք է: Սիսիանցիները նրա համար դիդակտիկ նյութ էին՝ ՔՊ-ականների «նվաճումները», աջակցության ծրագրերը ցույց տալու, խոստումներ շռայլելու: Ասենք, եթե մարդն ասում էր՝ հիվանդ եմ, նրան ուղարկում էր Սիսիանի նոր բժշկական կենտրոն, որը դեռ չկա, բայց կբացվի մինչեւ մայիս: Եթե մարդն ասում էր, որ շուտով երեխա է ունենալու, կանչում էր Արսեն Թորոսյանին ու ներկայացնում հիպոթեքի գծով աջակցության ծրագիրը, որ եթե մինչեւ 35 մլն դրամանոց տուն վերցնի, մոտ 500 հազարը կառավարությունը կտա: Մի տղամարդու նա խոստացավ այդ աջակցությունը, բայց սա, իհարկե, ընտրակաշառք չէր, այլ՝ «աջակցության ծրագիր»: «Երեխան՝ ձեզանից, աջակցությունը՝ մեզանից»,- գոհ-գոհ ասում էր Նիկոլը։ Անահիտ Ավանեսյանն էլ հենց կամերա էր տեսնում, սրտիկ էր անում ու կեղծ ժպիտով քարանում խցիկի առաջ: «Երկինք-գետին շնորհակալ եմ»,- սուպերքծնանքով՝ Փաշինյանին մոտեցավ վարչական ղեկավար մի կին ու բողոքեց, թե Ույծ գյուղի եկեղեցին լավ չեն վերականգնում։ Վարչապետը լարվեց, խոստացավ հետեւել:

Ոչինչ, որ գյուղի երեխաները գնան հեռավոր գյուղեր, դաս անեն, գան

Սիսիանում Նիկոլն անցնում էր կեղտոտ բակերով, մտնում էր չռռացող, խոնավությունից փլուզված առաստաղներով մուտքեր, թակում պատուհաններն ու գովազդային գործակալի նման գոռում. «Իսկ դուք գիտե՞ք, որ առողջության ապահովագրություն ունեք, իսկ դուք օգտվե՞լ եք հետվճարից, գո՞հ եք, ի՞նչ եք զգում, հլը պատմեք»: Գտավ մի ծեր թոշակառուի, որը սրտի անվճար վիրահատության էր ենթարկվել, ու էյֆորիայի մեջ ընկավ. «Ոչ մի բան չվճարեցի՞ք: Հա-հա-հա: Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցի՞ք: Վիրահատությունն անվճար չի, պարզապես ձեր փոխարեն վճարում է կառավարությունը»: Մե՛կ խոստանում էր, մե՛կ հրաժարվում ինչ-որ բան անել։ Նույնիսկ «պրինցիպ ընկավ», երբ մի տղամարդ խնդրեց, որ իրենց գյուղի դպրոցը չքանդեն, սպասեն, երեխաները վերջին զանգն անեն, նոր քանդեն: Նիկոլի վերդիկտը դաժան էր՝ պետք չէ շինարարական ծրագրերի ժամանակացույցը խոչընդոտել, երեխա են, էլի, թող խոտերի մեջ մի տեղ վերջին զանգ անեն: Խոզնավարում էլ փակվող դպրոցի, սահմանը դատարկվելու մասին հարցրին։ Ասաց, որ ինքն իր երեխաներին օրական վեց կիլոմետր հեռու դպրոց է տարել ու բերել՝ իր հաշվին, որ երեխան նորմալ կրթություն ստանա: Ոչինչ, որ գյուղի երեխաները գնան հեռավոր գյուղեր, դաս անեն, գան: «Գյուղ տանող ճանապարհը նորոգում ենք, ավտոմեքենա ենք ձեռք բերում, որ մեքենան հավաքի երեխաներին, հետո տանի իրենց գյուղ»,- ասաց Փաշինյանը։ Իսկ մարդիկ ուրիշ բան են ուզում հասկացնել, որ գյուղերն առանց դպրոցի դատարկվելու են:

Գորիսում Փաշինյանը հար­մարվողականության մասին ճառ ասաց, այն մասին, որ, այ, հիմա, էս պահին լավ է: «Տեսեք, հիմա մեզ համար կանգնած, իրար հետ խոսում ենք: Այո, հարցեր կան: Աշխարհում որեւէ երկիր չկա, որ հարց չլինի, Հայաստանն ինչքան էլ հզոր լինի, հզորության լիմիտ ունի: Էսօր աշխարհում ուժի 90 տոկոսը կենտրոնացած է 20 տոկոս երկրներում: Պետք է հարմարվել իրողությանը, ոչ թե նկատի ունեմ հանձնվել, այլ՝ հարմարվել: Նավը ե՞րբ ա հաջող․ երբ որ հարմարվում ա քամուն»,- ճառ էր ասում՝ ինքն իրեն շարունակ հակասելով ու նախկին ասածները հերքելով: Ու ոչ ոք չհարցրեց՝ հիմա մենք հարմարվում ենք Ալիեւի՞ն: Մի գորիսեցի կին էլ մոտեցավ, թե. «Պարոն Փաշինյան, ուզում ենք՝ էն անկապ լրագրողներին վերջ տաք»: Վարչապետն ասաց՝ բա խոսքի ազատությո՞ւնը, ժպտաց ու առաջ անցավ: Ինչպես միշտ, այս անգամ էլ Նիկոլն առատ առեւտուր էր անում՝ լավաշ, փշատ, ընկույզ։ ՔՊ-ականներն ուտում էին, իսկ մարդիկ «լայվի» տակ գրում էին․ «Արցախը համո՞վ էր»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչո՞ւ չպարեն, եթե այդքան պարգեւավճարներ են ստանում

«Հրապարակ». Ինչո՞ւ չպարեն, եթե այդքան պարգեւավճարներ են ստանում Tue, 17 Mar 2026 09:15:46 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով