«Հրապարակ»․ Այս խոշորացմանը նույնիսկ ՔՊ-ականներն են դեմ
Tue, 17 Mar 2026 10:45:39 +0400

Առաջիկայում եւս համայնքների խոշորացման գործընթաց է նախատեսված Հայաստանում։ 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն եւ կդառնան 3 խոշորացված համայնք։ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է կառավարության նախորդ նիստի ժամանակ։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ 3 խոշորացված համայնքները ձեւավորվելու են 3 մարզում․ Ստեփանավան համայնքը՝ Լոռու մարզում, որը ներառելու է Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները, ընդհանուր թվով՝ 20 բնակավայր։ Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառելու է Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ՝ 28 բնակավայր, Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց Ձորի մարզում, ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։
Մինչ իշխանությունը որոշում է խոշորացված համայնքների ճակատագիրը, գյուղական համայնքների բնակիչները, անգամ՝ ՔՊ-ականերից ոմանք, դեմ են այդ խոշորացմանը։ Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ քաղաքացիներից մեկը նույնիսկ դիմեց Փաշինյանին, թե սխալ է «մեր համայնքի» խոշորացումը։ Մարդիկ վստահ են, որ կրկնակի խոշորացումը դրական արդյունք չի ունենա։ «Մի անգամ խոշորացրին՝ հասկացանք, այն էլ դա արեցին առանց մեզ հետ քննարկելու: Հիմա նույնն են անելու, թող հանրային լսումներ անեն, մեր ձայնը լսեն, հասկանան՝ մենք կո՞ղմ ենք երկրորդ անգամ խոշորացմանը, թե՞ դեմ ենք: Հեռավոր գյուղերի համար խնդիր կլինի: Եթե հիմա մեզ տեղեկանք է պետք կամ ինչ-որ հարցով հասնում ենք Լոռի բերդի համայնքապետարան, արդեն ստիպված կլինենք հասնել Ստեփանավան: Ստեփանավան հասնելու համար, եթե անձնական մեքենա չունես, մի ամբողջ օր է պետք՝ Ստեփանավան հասնելու եւ վերադառնալու համար»,- մեզ հետ զրույցում ասացին Լոռվա մարզի Լոռի բերդ համայնքների բնակիչները:
Լոռի բերդ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոշորացումը կունենա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմ. «Առաջին անգամ համայնքը խոշորացրին, կոնկրետ մեր համայնքում մի շարք խնդիրներ լուծվեցին՝ աղբամաններ են տեղադրվել, ճանապարհներ ասֆալտապատվել, գյուղն արդեն մանկապարտեզ ունի, խոշորացումն իր դրական արդյունքը տվեց: Բացասական կողմն այն է, որ բազմաթիվ հարցեր լուծելու համար մարդիկ իրենց գյուղից պետք է հասնեն մարզկենտրոն, որը ե՛ւ ավելորդ ժամանակի, ե՛ւ գումարի վատնում է: Ավելի մեծ խոշորացման կարիք չկա, բնական է՝ ես դեմ եմ այդ խոշորացմանը»: «Դա նորմալ չէ, մեկ խոշորացրին, գյուղապետարանում նույն վարչական ղեկավարը կա, օպերատորը կա, հավաքարար ունի, իմաստը ո՞րն է, որ նորից խոշորացնեն: Միայն գյուղացու համար են վատ բան անում: Մի տեղեկանքի համար հասնելու են չգիտես ուր: Ասենք, ես մեքենա ունեմ, իմ մեքենայով կգնամ, բայց մյուս գյուղացինե՞րն ինչ անեն: Գյուղական համայնքներ կան, որ ավտոբուս չունեն, կամ որոշ ժամերի է ավտոբուսն աշխատում»,- ասաց ավագանու անդամ Վանո Չատինյանը:
Լոռի բերդի ավագանու ՔՊ-ական խմբակցության անդամ Անահիտ Սիմոնյանը նույնպես համայնքների կրկնակի խոշորացումը դրական չի գնահատում. «Ինձ թվում է՝ երկրորդ խոշորացումն ավելի վիճակը կվատացնի, հիմա ես Ձեզ ասեմ, Լոռի բերդ համայնքը կարողանում է բյուջեի կատարողականը 150 տոկոսով կատարել: Բնակիչները տեսնում են, որ գյուղերում ինչ-որ բան փոխվել է, ու մենք չունենք խնդիր՝ հարկերի հավաքագրման հետ կապված: Որքան խոշորացվի, այնքան աշխատանքը կդժվարանա, ու հարկերի հավաքագրումը եւ այլ միջոցառումներ ավելի կվատանան, դրական արդյունք չի ունենա: Բացատրեմ, թե ինչու․ ես ապրել եմ Յաղդանում: Ամեն տարի 100 տոկոսով հարկերը վճարվել են, եւ բարեկեցիկ կյանքն էլ ապահովվել է: Երբ առաջին անգամ խոշորացվեց, շատ դժվարությամբ կարողացան հարկերը հավաքագրել: Մի քիչ էլ համայնքի ղեկավարից եւ իր թիմից էր կախված, բայց նաեւ մեծ նշանակություն ունեն խոշորացման հետ կապված բնակիչների պարտականություները: Տարբեր կառույցներում երկար ժամանակ աշխատել եմ, տարբեր մարդկանց հետ եմ շփվել, կարծում եմ, որ այս խոշորացումը դրական արդյունք չի տա»:
Գյուլագարակ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Վրույր Այվազյանը նշում է, որ կարեւորը խոշորացումը չէ, այլ՝ այն, թե ով է լինելու դերակատարը. «Խոշորացումը կախված է դերակատարներից, հարցի որոշիչ կողմը լինելու է համայնքապետը, եւ թե ինչպես կբաշխվեն ռեսուրսները: Ի վերջո, համայնքների խոշորացման գաղափարախոսությունն այն է, որ փոքր ռեսուրսները գումարում են իրար, որ ծառայեն ավելի խոշոր նպատակի, որից պետք է համամասնորեն օգտվեն նույն բնակավայրում ընդգրկված մյուս համայնքները: Եթե համայնքի ղեկավարը խելքը գլխին եւ իսկապես համայնքի մասին մտածող մարդ լինի, այդ ռեսուրսները կբաշխվեն համամասնորեն, եւ ամեն բնակավայր այդ ռեսուրսներից կունենա մաս՝ մի տեղ ճանապարհ կկառուցեն, մի տեղ՝ կգազիֆիկացնեն, մշակույթի տուն կկառուցվի, իսկ անբարեխիղճ համայնքի ղեկավարի դեպքում փոքր գյուղերը, որ պետք օգտվեին, չեն օգտվի, կանտեսվեն: Այս պարագայում, եթե իրենք ունեին հնարավորություն՝ ինքնուրույն իրենց բյուջեն որոշելու, հիմա կվճարեն հարկեր, որն ընդհանրապես իրենց գյուղ չի վերադառնա»:
Ի՞նչ կտա համայնքների կրկնակի խոշորացումը․ հարցրինք նաեւ Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանին։ «Կանխատեսում անելը մի քիչ դժվար է, հեռավորության առումով Լոռի բերդի եւ Ստեփանավանի միջեւ այդքան էլ մեծ հեռավորություն չկա, բայց դե … Լոռի բերդից Ստեփանավան 3 կմ տարբերություն է, ուղղակի խնդիրները մի քիչ այլ են: Այս փուլում խոշորացնելը չգիտեմ ինչ կտա, քանի որ խոշորացվել են համայնքները, արդեն կայուն զարգացում են ապրում, հաջողություններ են գրանցում: Կրկին խոշորացումը կնպաստի, թե խոչընդոտ կլինի՝ դժվարանում եմ ասել»:
Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, որը հետագայում ընդունվեց նաեւ ԱԺ-ում, միավորվեցին նաեւ Խոյ եւ Վաղարշապատ համայնքները։ Ընդ որում, դա տեղի ունեցավ դարձյալ ընտրություններից առաջ, որպեսզի Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանը կարողանա մի կերպ ընտրվել խոշորացված համայնքում: Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցան 2025-ի նոյեմբերին, եւ ՔՊ-ն մեծ դժվարությամբ՝ ադմինիստրատիվ ռեսուրսի եւ տեռորի միջոցով կարողացավ իշխանություն վերցնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր