Հորմուզի նեղուցը և Իրանի ռազմավարական մոտեցումները. Տարածաշրջանային հակամարտությունից մինչև գլոբալ անվտանգության և էներգետիկ ճգնաժամ

Հորմուզի նեղուցը և Իրանի ռազմավարական մոտեցումները. Տարածաշրջանային հակամարտությունից մինչև գլոբալ անվտանգության և էներգետիկ ճգնաժամ

Tue, 17 Mar 2026 13:37:39 +0400


«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։

Ժամանակակից միջազգային անվտանգության համակարգում ծովային հաղորդակցությունների և էներգետիկ մատակարարումների անվտանգությունը դարձել է գլոբալ կայունության առանցքային բաղադրիչներից մեկը։ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ ռազմավարական նշանակության ծովային «խեղդվող կետերը» կարող են վերածվել համաշխարհային տնտեսական և քաղաքական ճգնաժամերի կենտրոնների։ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին, որոնցում առանցքային դեր են խաղում Միացյալ Նահանգները և Իսրայելը, միջազգային անվտանգության միջավայրը կանգնած է մի իրավիճակի առջև, որտեղ տարածաշրջանային ռազմական հակամարտությունը արդեն ձեռք է բերել գլոբալ տնտեսական և ռազմավարական ճգնաժամի հատկանիշներ։ Այդ գործընթացի առանցքում գտնվում է Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կենսական նշանակություն ունեցող ծովային անցուղին, որի շուրջ զարգացող ռազմական և քաղաքական լարվածությունը բացահայտում է ժամանակակից գլոբալ էներգետիկ և ծովային առևտրի համակարգի խոցելիությունը։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը միաժամանակ ցույց է տալիս նաև ռազմավարական սխալ հաշվարկների, ասիմետրիկ պատերազմի և գլոբալ տնտեսական փոխկապվածության բարդ համադրությունը, որը կարող է հանգեցնել միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի։

Հորմուզի նեղուցը աշխարհագրական առումով կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ և հանդիսանում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ռազմավարական հանգույցներից մեկը։ Նեղուցի լայնությունը տատնվում է 33–60 կիլոմետր, ինչն այն դարձնում է ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմավարական առումով խիստ խոցելի ծովային անցուղի։ Համաշխարհային նավթի զգալի մասը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի խոշոր ծավալներ, արտահանվում են հենց այս նեղուցով դեպի Ասիայի, Եվրոպայի և այլ տարածաշրջանների էներգետիկ շուկաներ։ Այս հանգամանքը Հորմուզի նեղուցը դարձնում է համաշխարհային տնտեսության առանցքային լոգիստիկ հանգույցներից մեկը, և դրանում նավագնացության խափանումը անմիջապես ազդում է էներգետիկ շուկաների կայունության վրա։ Նեղուցի ռազմավարական նշանակությունն առավել ընդգծվում է այն փաստով, որ այն հանդիսանում է միակ ծովային ելքը Պարսից ծոցի խոշոր նավթային արտահանողների համար, և դրա փակումը կամ նույնիսկ նավագնացության սահմանափակումը կարող է հանգեցնել էներգետիկ մատակարարումների կտրուկ կրճատման։ Հետևաբար, այս նեղուցի անվտանգությունն արդեն երկար ժամանակ դիտարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության խնդիր։

Սակայն վերջին ռազմական և քաղաքական զարգացումները՝ ԱՄՆ–Իսրայել գործողությունների և Իրանի արձագանքի համատեքստում, ցույց են տալիս, որ տվյալ կարևոր աշխարհաքաղաքական տարածքում տեղի են ունեցել մի շարք լուրջ սխալ հաշվարկներ։ Դրանք առավելապես պայմանավորված են ԱՄՆ-ի և Իսրայելի պլանավորողների գնահատականներով, որոնք մշակել են Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ թերագնահատելով հնարավոր տարածաշրջանային հետևանքներն ու հակամարտության սրման պայմաններում Իրանի արձագանքի և ռազմավարական կարողությունների ներուժը։ Այս սխալ հաշվարկներից առաջինը վերաբերում է Իրանի կողմից կիրառվող ասիմետրիկ ռազմավարության թերագնահատմանը։ Իրանը, չունենալով ծովային գերակայություն կամ տեխնոլոգիական առավելություն ԱՄՆ-ի նկատմամբ, երկար ժամանակ զարգացրել է այնպիսի ռազմական մարտավարություն, որը նպատակ ունի հակառակորդի գործողությունները կաթվածահար անել և անընդունելի չափի հասցնել ծովային հաղորդակցությունների ռիսկայնությունը։ Այս ռազմավարությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նավագնացությունը դառնում է չափազանց ռիսկային։

ԱՄՆ ռազմավարական պլանավորման մեջ ևս մեկ կարևոր սխալ հաշվարկ կապված է Հորմուզի նեղուցի խոցելիության գնահատման հետ։ Թեև ԱՄՆ ռազմածովային ուժերը տեխնոլոգիական և ռազմական գերազանցություն ունեն, սակայն Հորմուզի նեղուցի աշխարհագրական առանձնահատկությունները այն դարձնում են բավականին բարդ տարածք՝ լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար։ Նեղուցի սահմանափակ լայնությունը, ափամերձ տարածքների մոտ լինելը և ծովային հաղորդակցության բարձր ինտենսիվությունը ստեղծում են այնպիսի պայմաններ, որտեղ նույնիսկ փոքր միջադեպերը կարող են արագ վերածվել լայնածավալ ճգնաժամերի։ Միևնույն ժամանակ, միջազգային ծովային անվտանգության մեխանիզմների արդյունավետության նկատմամբ չափազանց մեծ վստահությունը կարող է դիտարկվել որպես ռազմավարական սխալ։ Գլոբալ նավագնացության համակարգը հիմնված է առևտրային նավերի ազատ տեղաշարժի և միջազգային ծովային իրավունքի վրա, սակայն ռազմական հակամարտության պայմաններում այդ համակարգը կարող է կորցնել իր գործունակությունը։

Իրանի կողմից որդեգրված ռազմավարությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ հիմնականում հիմնված է «ծովային մուտքի խափանման» սկզբունքի վրա, որը միջազգային ռազմավարական գրականության մեջ հաճախ բնութագրվում է որպես Sea Denial մոտեցում։ Այս ռազմավարության նպատակը ոչ թե լ նեղուցը ամբողջությամբ փակել կամ դրա նկատմամբ լիակատար ռազմական վերահսկողություն ապահովելն է, այլ ստեղծել այնպիսի անվտանգային միջավայր, որտեղ նավագնացությունը դառնում է անկանխատեսելի և վտանգավոր նավերի համար։ Իրանը այս նպատակին հասնելու համար օգտագործում է մի շարք ռազմական և տեխնոլոգիական գործիքներ, ներառյալ ափամերձ հրթիռային համակարգերը, ծովային ականները, անօդաչու թռչող սարքերը և արագընթաց փոքր նավակները, որոնք կազմվորված են խմբային հարձակումների ձևաչափով։ Այս մեթոդները համեմատաբար ցածր ծախսատար են, սակայն կարող են լուրջ խնդիրներ ստեղծել անգամ տեխնոլոգիական առումով առավել զարգացած նավատորմերի համար։

Այս ռազմավարության արդյունավետությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ միջազգային առևտրային նավագնացությունը մեծապես կախված է ապահովագրական և ֆինանսական ռիսկերի գնահատումից։ Նավագնացության ոլորտում նույնիսկ սահմանափակ ռազմական սպառնալիքը կարող է հանգեցնել ապահովագրական վճարների կտրուկ աճի, ինչի արդյունքում միջազգային առևտրային նավատորմները սկսում են խուսափել վտանգավոր երթուղիներից։ Նման իրավիճակ արդեն նկատվել է Կարմիր ծովում, որտեղ Եմենի հութիների գործողությունները հանգեցրին այն բանին, որ բազմաթիվ միջազգային նավատորմներ սկսեցին փոխել իրենց երթուղիները՝ շրջանցելով վտանգավոր տարածաշրջանը։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ ռազմական գործողությունները կարող են ունենալ անհամաչափ տնտեսական հետևանքներ։

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը անմիջապես անդրադառնում է միջազգային էներգետիկ շուկաների վրա։ Նավթի և բնական գազի համաշխարհային շուկաները չափազանց զգայուն են մատակարարումների ցանկացած խափանման նկատմամբ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական տարածաշրջանների, ինչպիսին Պարսից ծոցն է։ Նեղուցով անցնող նավթի մատակարարումների նույնիսկ մասնակի կրճատումը կարող է առաջացնել գների կտրուկ աճ, ինչպես նաև խուճապային արձագանք էներգետիկ շուկաներում։ Պատմականորեն նման իրավիճակ արդեն դիտվել է 1973 թվականի նավթային ճգնաժամի ժամանակ, երբ էներգետիկ մատակարարումների սահմանափակումները հանգեցրին համաշխարհային տնտեսական լուրջ ցնցումների։ Սակայն ներկայիս գլոբալ տնտեսությունը շատ ավելի փոխկապակցված է, և դրա հետևանքով ազդեցությունը կարող է լինել նույնիսկ ավելի լայնածավալ։

Էներգետիկ շուկաների անկայունությունը իր հերթին անմիջապես ազդում է համաշխարհային տնտեսության վրա։ Նավթի գների բարձրացումը արդեն մեծացրել է արտադրական և փոխադրումների ծախսերը, ինչն առաջացրել է գնաճային ճնշումներ բազմաթիվ երկրներում։ Բացի այդ, մատակարարման շղթաների խաթարումը արդեն ազդել է արդյունաբերական արտադրության վրա՝ հատկապես այն երկրներում, որոնք մեծապես կախված են ներմուծվող էներգակիրներից։ Ասիայի խոշոր տնտեսությունները, որոնք հանդիսանում են Պարսից ծոցի նավթի հիմնական սպառողները, արդեն բախվել են էներգետիկ անվտանգության լուրջ խնդիրների։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի էներգետիկ շուկաները աստիճանաբար զգում են այս ճգնաժամի ազդեցությունը, հատկապես այն պայմաններում, երբ համաշխարհային էներգետիկ համակարգը գտնվում է վերափոխման փուլում։

Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը նաև փոխում է ծովային անվտանգության աշխարհագրությունը՝ տեղափոխելով ռազմական և ռազմավարական մրցակցությունը դեպի Հնդկական օվկիանոս։ Եթե նեղուցով նավագնացությունը դառնա չափազանց վտանգավոր կամ սահմանափակված, միջազգային առևտրային նավատորմները ստիպված կլինեն օգտագործել այլընտրանքային, հաճախ ավելի երկար և ծախսատար երթուղիներ։ Այս գործընթացը հանգեցնում է Հնդկական օվկիանոսի որոշ հատվածներում նավագնացության ինտենսիվության աճի և ծովային անվտանգության նոր մարտահրավերների առաջացման։ Միևնույն ժամանակ, մեծ տերությունները մեծացնում են իրենց ռազմածովային ներկայությունը այդ տարածաշրջանում՝ պաշտպանելու իրենց առևտրային նավերը և ապահովելու ծովային հաղորդակցությունների անվտանգությունը։

Այլընտրանքային երթուղիների օգտագործումը, սակայն, կապված է մի շարք ռիսկերի հետ։ Այս դեպքում նավերը կարող են ստիպված լինել շրջանցել Աֆրիկայի հարավային հատվածը՝ անցնելով Բարեհուսո հրվանդանով (Cape of Good Hope) կամ Մոզամբիկի նեղուցով (Mozambique Channel)։ Այս երթուղիները զգալիորեն երկարացնում են ճանապարհը, ինչի արդյունքում աճում են վառելիքի ծախսերը և առաքման ժամկետները։ Բացի այդ, որոշ հատվածներում ծովահենության և այլ անօրինական գործողությունների վտանգը շարունակում է մնալ բարձր, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում միջազգային առևտրի համար։ Այս հանգամանքները կարող են ավելի մեծացնել գլոբալ առևտրի վրա ճգնաժամի ազդեցությունը։

Ծովային անվտանգության միջավայրի վատթարացումը ավելացնում է ռազմական միջադեպերի և սխալ հաշվարկների հավանականությունը։ Ժամանակակից նավագնացությունը մեծապես կախված է տարբեր տեխնոլոգիական համակարգերից, ներառյալ ավտոմատ նույնականացման համակարգերը և արբանյակային նավիգացիան։ Սակայն ռազմական հակամարտության պայմաններում այս համակարգերը հաճախ ենթարկվում են խափանումների կամ դիտավորյալ միջամտությունների, ինչը դժվարացնում է նավերի շարժի վերահսկումը և մեծացնում պատահական բախումների վտանգը։ Միևնույն ժամանակ, կեղծ դրոշի օգտագործումը կամ նավերի ինքնության քողարկումը կարող է ավելի բարդացնել իրավիճակը, ստեղծելով անորոշություն և շփոթություն միջազգային ռազմածովային ուժերի շրջանում։

Այս բոլոր գործոնները միասին կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որի արդյունքում Հնդկական օվկիանոսը վերածվում է նոր թատերաբեմի՝ մեծ տերությունների մրցակցության և հնարավոր ռազմական բախումների համար։ Ռազմածովային ուժերի աճող ներկայությունը, միջազգային առևտրային նավերի ուղեկցման գործողությունները և տարածաշրջանային անվտանգության աճող լարվածությունը կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նույնիսկ փոքր միջադեպերը կարող են արագ վերածվել լուրջ դիմակայության։ Այս համատեքստում հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ տարածաշրջանում գործում են միաժամանակ մի քանի խոշոր ռազմածովային ուժեր, որոնց միջև համակարգվածության բացակայությունը մեծացնում է էսկալացիայի վտանգը։

Ընդհանուր առմամբ, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ ռազմական միջոցներով կիրառվող ասիմետրիկ ռազմավարությունը կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի տնտեսական, քաղաքական և անվտանգային ազդեցություն, ինչը ընդգծում է ժամանակակից միջազգային համակարգի խոցելիությունը ռազմավարական ծովային հաղորդակցությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, այս ճգնաժամը բացահայտում է այն վտանգները, որոնք կարող են առաջանալ ռազմավարական սխալ հաշվարկների արդյունքում, ներառյալ էներգետիկ մատակարարումների խափանումը, միջազգային առևտրի խաթարումը և ծովային անվտանգության միջավայրի վատթարացումը, որոնք միասին կարող են ստեղծել գլոբալ անկայունության նոր փուլ։

Հետևաբար Հորմուզի նեղուցի շուրջ զարգացող ճգնաժամը պետք է դիտարկել ոչ միայն որպես տարածաշրջանային ռազմական հակամարտության հետևանք, այլ նաև որպես գլոբալ անվտանգության և տնտեսության համակարգային մարտահրավեր։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում ռազմավարական ծովային անցուղիները շարունակում են ունենալ նույնքան կարևոր նշանակություն, որքան էներգետիկ ռեսուրսները կամ ռազմական ուժը։ Եթե այս ճգնաժամը չկարգավորվի իրականության վրա հիմնված արդյունավետ դիվանագիտական մեխանիզմների միջոցով, այն կարող է վերածվել ավելի լայն միջազգային հակամարտության, որի հետևանքները կզգացվեն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ համաշխարհային տնտեսությունում և միջազգային հարաբերությունների համակարգում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆուտբոլ՝ առանց պատերազմի և ԱՄՆ-ի․ Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ

Ֆուտբոլ՝ առանց պատերազմի և ԱՄՆ-ի․ Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Tue, 17 Mar 2026 16:30:15…

20 րոպե ago

Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց

Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց Tue, 17 Mar 2026 16:20:40 +0400 Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր…

29 րոպե ago

Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք

Մանկական այգի, ժանգոտած ռելսեր, մոլախոտի մեջ կորած տարածք Tue, 17 Mar 2026 16:15:37 +0400 Մի…

34 րոպե ago

Պատերազմ և ժեստ․Նեթանյահուն շնորհավորել է իրանցիներին

Պատերազմ և ժեստ․Նեթանյահուն շնորհավորել է իրանցիներին Tue, 17 Mar 2026 16:00:03 +0400 Չնայած ԱՄՆ-ի և…

50 րոպե ago

Ցուցադրաբար ընդդիմադիր գործիչների դիակների վրայով է քայլում

Ցուցադրաբար ընդդիմադիր գործիչների դիակների վրայով է քայլում Tue, 17 Mar 2026 16:00:01 +0400 Latest news…

50 րոպե ago

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն Tue, 17 Mar 2026 15:45:40 +0400 Իսպանիայի ֆուտբոլի ազգային…

1 ժամ ago