Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար
Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400

Հայաստանի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում չի եղել դեպք, երբ ընտրությունների նախաշեմին հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդը զրկված լինի ազատությունից, գտնվի կալանքի տակ, թեկուզ՝ տնային: Անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից հրապարակայնացված եւ իշխանության կողմից քարոզվող սոցիոլոգիական հարցումներով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ամենամեծ հանրային աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժն է, փաստացի ընդդիմության առաջնորդը: Մարտի 14-ին Հակակոռուպցիոն կոչվող դատարանը եւս մեկ ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը, որը նրան զրկում է ազատ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Ժողովրդավարությունը միայն ընտրության առկայությունը չէ, անգամ ամենաբռնապետական երկրներում անցկացվում են ընտրություններ, սակայն երբ սահմանափակված է ընդդիմադիր ուժերի եւ առաջնորդների մասնակցությունն այդ ընտրություններին, դրանք ոչ թե ընտրություններ են, այլ՝ իշխանության կողմից սեփական վերանշանակումը լեգիտիմացնելու անհաջող փորձ: Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ եւ արդար ընտրությունների անցկացում, երբ երկրի բոլոր քաղաքացիները եւ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ազատորեն մասնակցել ընտրական պրոցեսներին, չհետապնդվել իրենք հայացքների եւ քաղաքական գործունեության համար:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է, օգտագործելով պետական` հանրային միջոցները, քարոզարշավ է իրականացնում, գնում է մարզեր, հանդիպում ընտրողների հետ, հանրային միջոցներով կառուցված ճանապարհները, մանկապարտեզները, դպրոցները կամ թունելները ներկայացնում որպես իր կողմից իրականացված աշխատանք: Արդյո՞ք նույն հնարավորությունն ունի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդը` Սամվել Կարապետյանը․ նա զրկված է ոչ միայն ազատ տեղաշարժի, այլեւ խոսքի ազատության իրավունքից, չի կարող իր տնից դուրս գալ, շփվել մարդկանց հետ, տեսակետ կամ կարծիք արտահայտել: Ավելին՝ Փաշինյանն ընդունել է այնպիսի օրենք, որով նրա հիմնադրած բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունն արգելված է, քանի որ ցանկացած պահի դա կարող են հռչակել որպես ընտրակաշառք եւ այդ հիմքով քրեական գործ հարուցել, նոր մարդկանց կալանավորել եւ խոչընդոտել քաղաքական գործունեությունը: Այսպիսով Փաշինյանը հանրային միջոցներն օգտագործում է իր քարոզարշավի համար, հանրության միջոցով իրականացվող աշխատանքը ներկայացնում է որպես իր գործունեության արդյունք, իսկ իր քաղաքական մրցակցին զրկել է անգամ սեփական միջոցներով տեղաշարժվելու, խոսելու եւ գործելու հնարավորությունից: Ընդ որում, Սամվել Կարապետյանը քրեական հանցագործ չէ, նա հետապնդվում է բացառապես իր քաղաքական հայացքների համար` միայն այն պատճառով, որ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցին իր ձեւով պաշտպանելու մտադրության մասին: Որեւէ հակաօրինական բան չի արել, գործողություն չի ձեռնարկել, բայց Նիկոլ Փաշինյանը նրա ասածի մեջ իր իշխանության նկատմամբ սպառնալիք է տեսել եւ հրահանգել է կալանավորել նրան․ Կարապետյանն արդեն 9-րդ ամիսն է՝ անազատության մեջ է:
Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ իրավիճակ է: Հայաստանը երբեք չի փայլել իր ժողովրդավարությամբ, ընտրությունները չեն եղել կատարյալ, բայց իշխանությունը երբեք նախընտրական փուլում չի կալանավորել ընդդիմության առաջնորդին կամ առաջնորդներին, խոսքը հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների մասին է: Նույնիսկ հետընտրական փուլում, երբ ընդդիմությունը փողոցում բողոքարկել է քվեարկության պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով դրանք կեղծված, ընդդիմության առաջնորդները եղել են անձեռնմխելի. 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը չկալանավորեց Վազգեն Մանուկյանին, չնայած տեղի էր ունեցել հարձակում խորհրդարանի շենքի վրա, 2003-2004 թվականներին, երբ ոստիկանական ուժերը ներխուժեցին ընդդիմադիր ՀԺԿ, ԱՄ եւ «Հանրապետություն» կուսակցությունների գրասենյակներ, կալանավորվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, սակայն դարձյալ կուսակցության ղեկավարները մնացին ազատության մեջ։ Անգամ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո իշխանությունն ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին կալանավորելու որոշում չկայացրեց:
Արդյո՞ք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են համարվել ժողովրդավարական, երբ իշխող կուսակցության ղեկավարն ազատորեն շրջում է մարզերում, իսկ նրա քաղաքական հիմնական մրցակիցը զրկված է անգամ սեփական տնից դուրս գալու եւ մարդկանց հետ շփվելու տարրական ազատությունից: Սա հռետորական հարց է, որովհետեւ դրա պատասխանն ակնհայտ է. առանց ազատ մրցակցության չի կարող լինել ազատ ընտրություն, առանց ազատ ընտրության՝ ժողովրդավարություն: Բռնապետության պայմաններում չեն լինում ազատ ընտրություններ, բռնապետությունը տապալվում է համաժողովրդական պայքարով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր