Լրագրությունը պետք է պահպանի իր մարդկային դիմագիծը

Լրագրությունը պետք է պահպանի իր մարդկային դիմագիծը

Tue, 17 Mar 2026 23:15:49 +0400


Նախօրեին Վատիկանում Հռոմի Լեւոն 14-րդ Սրբազան քահանայապետն ընդունել է իտալական պետական TG2 լրատվական կայանի աշխատակիցներին։ Ընդունելության ժամանակ Սրբազան քահանայապետը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ ներկայացնելով ժամանակակից լրագրության վերաբերյալ իր ընկալումները։ Լեւոն 14-րդը մասնավորապես ասել է, որ այսօրվա տագնապալից աշխարհում շատ կարեւոր է, որ լրագրությունը պահպանի իր մարդկային դիմագիծը եւ կուլ չգնա ո՛չ արհեստական բանականությանը, ո՛չ քաղաքական կամ այլ բեւեռացումներին։ Սրբազան պապը նկատել է, որ, չնայած վերջին կես դարում ահռելի մեծ առաջընթաց է տեղի ունեցել, ինչպիսին, օրինակ, անալոգայինից թվային հեռուստատեսության անցումն է, սակայն, անկախ տեխնոլոգիական հնարավորություններից ու նորարարությունից, ոչինչ չի կարող փոխարինել մարդկային պրպտող եւ քննադատական մտածողությանը, ստեղծագործական մտքին ու խորհելու ազատությանը։ Նա շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է հաղորդակցությունները կազմակերպի ըստ մարդկային չափանիշների, որպեսզի արհեստական բանականության ժամանակներում կուլ չգնա առաջատար տեխնոլոգիական հնարավորություններին, եւ չկորսվեն մարդկային դիմագիծն ու նկարագիրը։

Սրբազան քահանայապետը նկատել է՝ կարեւոր է, որ լրագրությունը հիմնվի աշխարհիկության եւ աղբյուրների բազմազանության ու հուսալիության վրա։ Սակայն նաեւ նկատել է, որ աշխարհիկությունը չպետք է ընկալել որպես հավատքից հեռացում, այլ որպես կանխակալ գաղափարախոսությունների մերժում եւ բաց մտքով օբյեկտիվ իրականությանը նայելու կարողություն։ Լեւոն 14-րդը նաեւ պատգամել է, որ լրագրողները չդառնան քաղաքական քարոզչության գործիք եւ ոչ էլ՝ պետական իշխանությունների բարձրախոս։ Ասել է, որ պատերազմները մարդկային ամենածանր ողբերգություններից են, ու սխալ է դրանք նաեւ «տեսախաղի» վերածելով ներկայացնելը։ Մարդիկ, ըստ նրա, արժանի են հավաստի, ճշգրիտ եւ ստուգված լրատվություն ստանալու, եւ, ըստ Սրբազան պապի, սրանում է արտահայտվում նաեւ լրագրողների մասնագիտական գործունեության եւ կոչման վեհությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջ կռվում էինք թշնամու դեմ, այսօր՝ Նիկոլի դեմ…

Առաջ կռվում էինք թշնամու դեմ, այսօր՝ Նիկոլի դեմ… Sat, 14 Mar 2026 15:45:51 +0400 Շվեյցարիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով