Եվրոպայի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում
Tue, 17 Mar 2026 23:30:00 +0400

Նավթի եւ գազի կտրուկ գնաճը Մերձավոր Արեւելքում իրավիճակի էսկալացիայով պայմանավորված, կարող է կործանիչ հարված հասցնել Եվրոպայի տնտեսությանը։ Այս ամենը եվրոպական կառավարությունները թեեւ լավ հասկանում են, սակայն փաստացի է, որ չունեն միջոցներ՝ այդ ծանր հետեւանքները մեղմելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Հոդվածի համաձայն, Եվրոպայի տնտեսության համար հավելյալ ծանր բեռ է դարձել նաեւ եվրոպական պետությունների ունեցած պետական պարտքի կտրուկ աճը։ Այսպես, բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունների ունեցած պետական պարտքը հասել է վերջին 60 տարվա կտրվածքով առավելագույն ցուցանիշի։ Վարկերը ողջ եվրոպական ցամաքում սկսել են թանկանալ, բիզնեսն ու տնային տնտեսությունները չունեն այլեւս այն տնտեսական անվտանգության «բարձիկը» որպիսին կար կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի տարիներին։ 2022 թվականին, նշում է հոդվածագիրը, երբ եվրոպական երկրները հրաժարվեցին ռուսական էներգակիրներից, նավթն ու գազը նորից կտրուկ թանկացան։ Այն ժամանակ կառավարությունները միլիարդավոր եվրոներ հատկացրեցին բնակչությանն ու բիզնեսին աջակցելու համար։ Այս անգամ արդեն այդ միջոցները եվրոպական կառավարությունները պարզապես չունեն։ Վերլուծաբաններն ահազանգում են, որ լոգիստիկ խնդիրները, տրանսպորտային փոխադրումների, պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի թանկացումները կարող են հարվածել եվրոպացի ֆերմերների եկամուտներին, իսկ դա իր հերթին կարող է բերել սննդամթերքի թանկացումների։ Արդեն կան հաշվարկներ, որ եթե նավթի 1 բարելի գինը հասնի 125 դոլարի, ապա 1 տոկոս աճ ունեցող համաեվրոպական տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր