«Հրապարակ». Պապոյանի ստախոսությունը, ՀՀ դատախազությունը, Բաքվի ցորենի տերմինալը
Wed, 18 Mar 2026 11:15:43 +0400

2025-ի աշնանը Հայաստանում ամենից շատ հանրային ուշադրության եւ քննարկումների արժանացած թեման, որի մասին ողջ երկիրը խոսում էր շաբաթներ, Ղազախստանից IV կարգի եւ տոքսիններով վարակման ենթակա, կերարտադրության համար նախատեսված ցորենի ներմուծումն էր, որ իշխանությունը պատրաստ էր հանրությանը հրամցնել որպես սննդամթերք։ «Հրապարակի» զգոնության, հետեւողականության եւ հնչեցրած ահազանգերի, լրատվադաշտում բարձրացած աղմուկի, հանրության հետաքրքրվածության եւ բացասական վերաբերմունքի հանրագումարում հնարավոր եղավ էական խնդիր լուծել, որը միայն այժմ, հետահայաց հայացքով կարելի է ընդգրկել եւ գնահատել։
2025-ի նոյեմբերին Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խմբաքանակը՝ ընդամենը 1000 տոննա, ալյուրի չի վերածվել, օգտագործվել է խմիչքի արտադրության եւ կենդանակերի համար։ Այդ առաջին խմբաքանակից հետո Ղազախստանից ցորենի նոր ներմուծում Հայաստան չի եղել։ Սա փաստ է եւ սա լրագրողների ու հասարակության հաղթանակն է։ Այդքան գիտական եւ լաբորատոր տեղեկություն, որ հրապարակվեց, ավելի մեծ ծավալով էլ փոխանցվեց իշխանությանը, սպասելի է, որ վերջնահաշվում հասներ կենդանուց տարբերվող ցանկացած արարածի գիտակցությանը եւ հանրային առողջության հետ խաղալու վտանգավոր արկածախնդրությունից ետ պահեր։ Բարեբախտաբար, ՔՊ-ական արարածների գիտակցությանն էլ հասավ։
Ընդսմին, Հայաստանում հազիվ թե որեւէ մեկը խնդիր ունենա ղազախական ծագման ցորենի կամ կենդանակերի ներմուծման հետ։ Խնդիրը ղազախական որակյալ ցորենը թողած, գիտակցաբար IV կարգի, կերարտադրության մեջ օգտագործվող, հետն էլ երաշտային բնակլիմայի արդյունքում հասկում ծլարձակած, հետեւաբար՝ անխուսափելիորեն տոքսիններով վարակման ենթակա ցորեն ներմուծելու եւ դա որպես սննդամթերք մատուցելու афера-ն էր։
Այդ афера-ի այցեքարտն ու դեմքը Փաշինյանից հետո կամ գուցե Փաշինյանից էլ առաջ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր՝ առատության եղջյուրներից թափվող իր հայտարարություններով եւ տեսանյութերով։ Կարմիր գրքում գրանցվելու ենթակա հենց այս արարածն էր 2025-ի նոյեմբեր-դեկտեմբերին հայտարարում, թե՝ ժողովուրդ, դուք Ղազախստանից ներկրված ցորենն արդեն կերել եք։ Ընդսմին, գիտակցության հետ այն խորության խնդիրներ ունի, որ դա իր տեսանյութերում ասում էր ավելի վաղ, քան Ղազախստանից ներմուծված ցորենի՝ Հայաստանում անցկացված լաբորատոր փորձաքննության իբրեւ թե արդյունքներ սկսեցին հրապարակվել։
Սակայն էլ ավելի հետաքրքիր է, թե Պապոյանն ինչ էր ասում դեկտեմբերին Ղազախստանից ցորենի նոր խմբաքանակներ ներմուծելու մասին։ Մեջբերում եմ դեկտեմբերին ԱԺ միջանցքներում կայացած ճեպազրույցներից հայտնի մի հատվածի սղագրությունը (տեսանյութը հասանելի է հղումով).
«– Պրն Պապոյան, 4-րդ կարգի ցորենի հացը, վերջապես, կերա՞ք, թե՞ չէ։
– Չորրորդ կարգի ցորեն չի եղել, եղել է երրորդ կարգի ցորեն։ Բոլորս այդ հացը կերել ենք։ Այդ 2000 տոննա ցորենը, սիրելի՛ հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է: Ամբողջ Հայաստանի բնակչությունն այդ հացը կերել ենք, վերջացրել ենք։ Այդ ինչ-որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ буханка-ն, ա՛յ, այդ հացից է եղել։ Այնպես որ՝ ես էլ եմ կերել, դու էլ ես կերել։
– Պրն Պապոյան, այս նոր խմբաքանակը, որ գալիս է, նորի՞ց 3-րդ կարգ է։
– Երրորդ կամ երկրորդ։
– Եվ նույն քանակի՞ է, 2000 տոննա՞․․․
– Ավելի շատ, ավելի շատ»։
Դեկտեմբերի առաջին կեսին հնչեցրած այս անհոգ ստախոսությունից մեկ ամիս էլ չանցած, ամանորյա եւ սուրբծննդյան տոներից անմիջապես հետո՝ հունվարի 8-ին, թե 9-ին, Պապոյանն ինքնաբուխ որոշում է գրառում կատարել եւ դեկտեմբերյան հայտարարությունները հերքել։ Իբր տարեկան ցուցանիշներ ամփոփելու սոուսի ներքո գրառում եւ մամուլով տարածում է․ «2025թ. Ադրբեջանի տարածքով, երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6 580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան՝ ղազախական եւ 5 580 տոննան՝ ռուսական, ինչպես նաեւ՝ 1210 տոննա ադրբեջանական բենզին»
Ի՞նչ միջատ էր հանկարծ խայթել Պապոյանին։ Պարզվում է, հաղորդումը, որ դեկտեմբերի 18-ին մենք ներկայացրել էինք ՀՀ գլխավոր դատախազություն եւ «Հրապարակի» կայքում էլ հրապարակել, դատախազությունում 15-20 օր ուսումնասիրելուց հետո որոշում են ուղարկել ՆԳՆ քրեական ոստիկանություն՝ որոշակի ստուգումներ կատարելու առաջադրանքով։ Մեր հաղորդումը՝ դատախազության ուղեկցող գրությամբ, ՆԳՆ-ում մուտքագրվում է հունվարի 8-ին։ Նույն օրն էլ Պապոյանը հավանաբար տեղեկանում է, որ ղազախական ցորենի հարցով դատախազություն ներկայացված հաղորդմանն ինչ-որ ընթացք է տրվել, ինչ-որ ուսումնասիրություն է կատարվում, եւ որոշում է իրեն ապահովագրել՝ նախկին ասածներից հրաժարվելով։ Դեկտեմբերին ասվում էր՝ մի 2000 տոննա ցորեն է եկել Ղազախստանից, եւս նույնքան կամ ավելի ճանապարհին է, բոլորդ այդ ցորենը կերել եք, նորից կուտեք։ Հունվարին ստախոսությունը դադարեցնելով՝ Գեւորգ Պապոյանը խոստովանում է՝ 2025թ․ ընթացքում Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել 1000 տոննա ցորեն։ Ընդամենը, եւ վերջ։
Թե դատախազությունում եւ քրեական ոստիկանությունում հաղորդման ուսումնասիրությունն ինչ ընթացք է ունեցել եւ ուր է հասել, կներկայացնենք հաջորդիվ։ Իսկ այժմ՝ ամենաէականը։ Ինչո՞ւ ղազախական ցորենի հարցով դեկտեմբերին հաղորդում ներկայացրինք ՀՀ դատախազություն (այն կից հրապարակում ենք): Եվ ինչո՞ւ ղազախական ցորենի թեման չի մնացել անցյալում, այլ տեղափոխվել է ապագա, ինչից ելնելով էլ՝ այսօր հարկավոր է տեղեկացվածություն եւ գործողություն։ Ղազախական ցորենին առնչվող ամենաէական եւ մտահոգիչ իրողության մասին ես մինչ այժմ հրապարակավ չեմ գրել։ Այդ մասին առաջին անգամ գրել եմ դատախազությանը, այժմ ժամանակն է՝ նաեւ հասարակությանը տեղեկացնելու։
2025թ. հոկտեմբերին, երբ Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ, նաեւ երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվել՝ Բաքվի Գովսան նավահանգստում գտնվող ցորենի պահեստարանն ընդլայնելու եւ համատեղ ղազախա-ադրբեջանական վերահսկողությամբ տերմինալի վերածելու մասին (Казахстан и Азербайджан будут совместно развивать зерновой терминал в порту Говсан )։ Դա նշանակում է, եւ բաց տեքստով էլ ասված է, որ ապագայում Ղազախստանից ներկրվող ցորենը ոչ թե տրանզիտ անցնելու է Ադրբեջանի տարածքով, այլ մատակարարվելու է բուն Բաքվից՝ դրանից արտածվող ռազմավարական կախվածությամբ եւ վտանգներով, որ յուրաքանչյուրը կարող է գիտակցել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր