Հայկական անուններն էլ են հակասում փաշինյանական արտաքին քաղաքականությանը
Wed, 18 Mar 2026 13:15:14 +0400
«Մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը 2018թ. տված թավշյա մանդատը կփոխարինի պողպատե մանդատով, եւ մենք այդ պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի եւ օրենքի դիկտատուրա»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 13-ին՝ Աբովյանում, գլխավերեւում թափահարելով Հայաստանի դրոշի եռագույնով զարդարված «չագուճը»: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Միայն վերընտրվելուց հետո, վերլուծական ոչ խոր ունակություններ ունեցող շարքային քաղաքացիները, որ որոշել էին եւս մեկ շանս տալ «միամիտ Փաշինյանին», պետք է հասկանային, որ լավագույն թեկնածուին չեն ընտրել: Եվ հետո պիտի երեւար, թե, ի վերջո, ինչ իրավունքի կամ օրենքի դիկտատուրայով էր մեզ սպառնում Փաշինյանը, կամ՝ ում էր ծառայելու այդ իրավունքի եւ օրենքի դիկտատուրան՝ մե՞զ, թե՞, օրինակ, Ալիեւի ու Ադրբեջանի շահերին:
«Հրապարակը» գրել էր, որ ԿԳՄՍ նախարարը Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանից պահանջել էր աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, իսկ մի երկու օր անց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքն է պահանջել Գզոյանի հեռացումը, քանի որ վերջինս իրենց քաղաքական գծի մեջ չի եղել։ Նա համարձակվել է ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերի ու ցեղասպանությունների մասին ամերիկյան լրատվամիջոցների անդրադարձերն ամփոփող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ: «Երբ որ երկրի վարչապետն ասում է, որ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում: Այս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: Այն պետական պաշտոնյան, որը Հայաստանի Հանրապետության կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ի՞նչ թեմա կա: Այսինքն, մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է»,- հարցնում է Փաշինյանը՝ բացատրելով իր որոշումը: Անհնար է չնկատել, որ Փաշինյանը կարծես պետությունը շփոթել է ինքնագործ խմբակի հետ եւ մոռացել թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավունքներով մարդկանց կարծիք արտահայտելու ու դրանք բարձրաձայնելու իրավունքի մասին:
Սա, թերեւս, այս իշխանությունների փոքրիկ բացթողումներից մեկը կարող էր լինել, եթե չփորձեին ճնշել այն ամենը, ինչ վերաբերում է հայ ազգային ինքնությանը: Վկան՝ երիտթուրքերը, Աթաթուրքն ու բոլշեւիկները․ նրանց քաղաքականության մասին հիշողությունները դեռ թարմ են, եւ ստելը դժվար կլինի: Իր ղեկավարի միտքը շտապեց կրկնել նաեւ թուրքական ազգերի հանդեպ առանձնակի ջերմ զգացումներ տածող պատգամավոր Մարիա Կարապետյանը: Մեջբերեմ «Ֆակտորին» տված հարցազրույցում նրա արտահայտած միտքը, որը ժողովրդավարության բաստիոնի, եվրոպական արժեհամակարգի բացառիկ նմուշ է երեւի․ «Ես թախանձագին խնդրում եմ պետության բոլոր աշխատողներին՝ նկատի ունենալ, որ իրենց ասած ցանկացած միտք, անկախ նրանից՝ դա գիտականության բերումով է, թե արժանապատվության բերումով է, թե ինչի բերումով, պետք է համապատասխանեցվի Հայաստանի արտաքին քաղաքականությանը»։ Փորձենք թարգամանել այս տիկնոջ ասածը, ստացվում է, որ մենք, հանուն ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության, պետք է մեզ բարոյապես ոչնչացնենք, նվաստացնենք, մոռանանք մեր անցյալը, հրաժարվենք մեր մարդկային, սահմանադրական ու միջազգային բոլոր իրավունքներից եւ, ընդհանրապես, բոլոր իրավունքներից, որպեսզի այս իշխանությունը հանգիստ շարունակի իր «խաղաղության օրակարգը»՝ մեր ու մեր երեխաների կյանքի, արժանապատվության վրայով։ Այստեղ անգամ հնարավոր է, որ ավելորդ է Հայաստանի հիշատակումը, որովհետեւ թե՛ Փաշինյանի, թե՛ Մարիա Կարապետյանի ու այս թեզը կրկնողների դեպքում խոսքի հիմքում ընկած է «Արեւմտյան Ադրբեջան» հորինովի, հակահայկական ու ցեղասպան քաղաքականությունը: Կզարմանա՞ք, որ մի օր էլ պարզվի, որ մեր հայկական անուն-ազգանուններն էլ են հակասում այս իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ես չեմ զարմանա։ Ցնո՞րք է թվում․ իզուր, այս իշխանություններն ամեն անգամ ծակում են հատակը՝ ավելի խոր փոսում հայտնվելով, մեզ էլ իրենց հետեւից քաշելով։ Անակնկալները դեռ առջեւում են՝ Հայաստանի ու հայերի գլխին կախված Փաշինյանի պողպատե «չագուճը» վկա: