Սևանա լիճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտպանության ներքո՞
Thu, 19 Mar 2026 12:07:56 +0400

Սևանա լճում և այլ ջրային տարածքներում, առկա են կարևոր մշակութային շերտեր, որոնց պահպանությունը դարձել է պետական ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով կառավարությունը հավանություն է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիային միանալու նախաձեռնությանը, որը վերաբերում է ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Կոնվենցիային միանալու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ստորջրյա մշակութային արժեքները համարվում են համաշխարհային ժառանգության կարևոր մաս։ Դրանք կարևոր նշանակություն ունեն ժողովուրդների պատմության ուսումնասիրման և մշակութային կապերի ձևավորման տեսանկյունից։
Նշվում է, որ ստորջրյա ժառանգությունը ներկայումս վտանգված է տարբեր գործողությունների հետևանքով, ուստի անհրաժեշտ է ուժեղացնել դրա պահպանությունն ու պաշտպանությունը։ Այդ նպատակով կարևոր է գիտական հետազոտությունների, տեղեկատվության տարածման և կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը։
Ըստ նախագծի՝ ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գործունեության բոլոր այն հետքերը, որոնք ունեն պատմական, մշակութային կամ հնագիտական արժեք և առնվազն 100 տարի գտնվել են ջրի տակ՝ լինի դա ծովերում, լճերում կամ գետերում։
Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը՝ հետագա ընթացք ապահովելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր