«Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին
Fri, 20 Mar 2026 11:15:01 +0400
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի տարածք, ավելին՝ այն մշտապես եղել է ադրբեջանցիներինը։ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի շաբաթ է՝ Արցախի դեմ ագրեսիվ քարոզչություն է տանում, նախ ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրեց աշխատանքից՝ Արցախի մասին Վենսին գիրք նվիրելու համար, ապա հայտարարեց, որ «Արցախ» եզրույթը պատերազմի ուղիղ կոչ եւ սպառնալիք է։ Իսկ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը հպարտանում է Արցախը հայաթափելու փաստից եւ հայտարարում, որ հայ ժողովուրդն Ադրբեջանի դարավոր թշնամին է, որին Արցախից վռնդելն ադրբեջանական կողմի մեծագույն ձեռքբերումներից է։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս ամենի մասին, նկատում է․ «Այս մարդն իշխանության է մնացել միայն ու միայն իր արտաքին հովանավորների շնորհիվ։ Կորցնելով իր ներքին լեգիտիմությունը՝ նա ապավինում է բացառապես իրեն իշխանության բերած արտաքին ուժերին, որպեսզի կրկին վերարտադրվի։ Այս մարդու բառապաշարը թուրքի բառապաշարից ավելի վատ բառապաշար էր։ Այս բոլոր հայտարարությունները հերթական անգամ պետք է սթափեցնեն մեզ, եւ պետք է հասարակությունը գիտակցի, որ այս իշխանության վերարտադրման ցանկացած հնարավորություն պարզապես պետք է բացառել։ Իսկ ինչ է պետք՝ այն բացառելու համար․ ընտրություններին ակտիվ մասնակցել եւ քվեարկել ցանկացած պետականամետ ուժի։ Այս մարդու հակաարցախյան նկարագիրն այնքան ակնառու է եւ բացահայտ, որ արդեն ոչ մեկիս չի զարմացնում։ Նա չունի արմատներ, փորձում է ոտնատակ տալ մեր ազգային արժեքները։ Նա եթե կարողանա վերարտադրվել, ապա մենք անգամ այս պահին, երբ լիարժեքորեն զրկված ենք ինքնիշխանությունից, վերածվելու ենք մի քանի երկրների գաղութի՝ բրիտանական, ամերիկյան եւ այլն, եւ շատ շուտով վերջնականապես կվերածվենք վիլայեթի, իսկ այս մարդը դա չի էլ թաքցնում։ Էլ պատրանքի տեղ չկա, ժողովուրդը պետք է հասկանա՝ կա՛մ նամազի հեռանկարն է, կա՛մ արժանապատվության։ Նրանք, ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին։ Նա անդադար մեր ժողովրդին սպառնում է պատերազմով։ 3 օր առաջ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը` առանց Հայաստանին հարցնելու, իսկ դա նշանակում է, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Եթե Հայաստանն անգամ մեկ տոկոս ինքնիշխանություն ունենար, ապա կկարողանար գոնե իր օդային տարածքը վերահսկել։ Հայաստանին այժմ արհամարհում են, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի զրո ինքնիշխանություն։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հազար ու մի պատճառ ունեն՝ Հայաստանին չհարգելու, սակայն կտրուկ քայլերի չի դիմում, որպեսզի խաղաղություն լինի: Ուշադրություն, ամենակարեւոր պահը. նա ընդգծել է, որ 6 ամիս անց Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը։ Այսօր վարչապետ կոչեցյալն ասում է, որ Հայաստանի պետականակենտրոն ուժերը՝ ընդդիմությունը, սեպտեմբերյան պատերազմ են ցանկանում․ եթե վերհիշենք Ալիեւի ասած ժամկետը եւ Նիկոլի հայտարարությունը, կարող ենք ասել, որ սեպտեմբերին հերթական ողբերգությունն է մեզ սպասվում՝ ծրագրված ողբերգությունը։ Այս մարդն այսօրվանից արդեն հանրությանը պատրաստում է այդ ողբերգությանը, ու եթե ինքը վերարտադրվի, այն լինելու է անխուսափելի։ Նա նորից մեղադրելու է նախկին իշխանություններին: Որպեսզի մենք այս ամենը կանխենք, պետք է համատարած մերժենք այս մարդուն»։