ՖԻՖԱ-ն պատժեց Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային
Fri, 20 Mar 2026 13:30:03 +0400
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի (ԻՖԱ) նկատմամբ՝ կազմակերպության կարգապահական կանոնագիրը խախտելու համար։
Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պարզել է, որ ԻՖԱ-ն խախտել է կազմակերպության կանոնագրքի 13-րդ (հարձակողական վարքագիծ և արդար խաղի սկզբունքների խախտում) և 15-րդ (խտրականություն և ռասիստական խոսք) հոդվածները։
Արդյունքում, իսրայելական կողմին պարտադրվել է վճարել 150,000 շվեյցարական ֆրանկ տուգանք։
Ավելին, ՖԻՖԱ-ն պաշտոնական նախազգուշացում է տվել ԻՖԱ-ին։ Ասոցիացիան պետք է ՖԻՖԱ-ի հովանու ներքո ազգային հավաքականի հաջորդ երեք տնային խաղերում ցուցադրի «Ֆուտբոլը միավորում է աշխարհը՝ առանց խտրականության» գրությամբ պաստառներ։
Տուգանքի մեկ երրորդը պետք է նաև օգտագործվի խտրականության դեմ պայքարի և նմանատիպ խախտումները կանխելու համապարփակ ծրագրի իրականացման համար՝ որոշման մասին տեղեկացվելուց հետո 60 օրվա ընթացքում։