Եվրաչինովնիկների տեսողության խնդիրը
Fri, 20 Mar 2026 22:15:08 +0400

Ոնց հասկանում եմ, արևմտյան աշխարհում գոյություն ունի երկու Արևմուտք: Չէ, խոսքը ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, ու Եվրամիության (գումարած Անգլիան) տարբերակման մասին չէ: Խոսքը մեկ այլ բնույթի բաժանման մասին է: Մեկն ամեն դեպքում Եվրոպական Միությունն (ԵՄ) է իր բազմաթիվ կառույցներով և չինովնիկներով: Ովքեր (չինովնիկները) այցելում են Հայաստան ու որպես ժողովրդավարական գովազդում բռնապետության ուղին բռնած իշխանությունը: Եվ աջակցում են ոչ միայն խոսքով, այլ միլիոնավոր եվրոներով: Ովքեր իրականում թքած ունեն՝ Հայաստանում ժողովրդավարություն է, թե բռնապետություն: Եվ առաջնորդվում են միայն իրենց շահերով՝ լինի ԵՄ-ի, թե ԵՄ անդամ պետության: Իսկ իրենց շահը ԵՄ հուսալի գործընկեր Ադրբեջանին աջակցելն է Հայաստանի հետ առնչությամբ:
Կա նաև մյուս, շատ ավելի նվազ ազդեցությամբ Արևմուտքը: Այն ներկայացված չէ ո՛չ պետական և ո՛չ էլ վերպետական միավորման մակարդակով: Այդ Արևմուտքը ներկայացված է ընդամենը անհատներով և մի քանի կազմակերպություններով: Մի շրջանակ, որի համար արդարությունն ու մարդու իրավունքները դեռևս մնում են որպես արժեքներ: Այդ շրջանակից է, օրինակ, ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: Ու մեկ-երկու՝ նրա նման անձինք: Ինչպես նաև զարմանալիորեն Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լրագրողների անվտանգության հարթակը: Որը 2025 թ․-ի դեկտեմբերի 11-ին ահազանգել էր հայաստանյան լրագրողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու մասին:
Առաջինի առումով դիտարկենք, օրինակ, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին: Ով եկել էր Երևան՝ աջակցելու, այսպես կոչված, հայկական ժողովրդավարությանն ԱԺ ընտրության հարցում: Բայց տիկինը տեղյակ չէր, որ ողջ Եվրոպայով մեկ հայերը հունիսին ընտրությանը չեն մասնակցելու: Որ, ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանի Ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Ավելի ճիշտ, նախատեսում է միայն դինավանագետների ու գործուղված անձանց համար: Բայց տիկնոջ համար դա չէր կարևորը: Այլ այն, որ իրենք «տեսնում են չարամիտ գործող անձանց, որոնք ամեն օր փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և միջամտության այլ ձևերի միջոցով»:
Ասեմ, որ որպես ավելի քան երկու տասնամյակ ընտրական գործընթացներում ներառված անձ՝ ես չեմ տեսնում ոչ մի նման բան: Քանի որ ես չունեմ այն ընդունակությունը, որ տեսնեմ մի առարկա կամ հատկապես երևույթ, եթե այն գոյություն չունի: Օրինակ՝ բռնատիրության ուղին բռնած երկրւմ ժողովրդավարական գործընթացը: Որպեսզի ինչ-որ անձինք էլ միջամտեն դրան այլևայլ ձևերով: Սակայն տիկին Մարթան, որքան էլ դա զարմանալի լինի, օժտված է նման ընդունակությամբ: Թեպետ իրականությունը շատ ավելի պրոզաիկ է. այդ ամենը գոյություն ունի միայն եվրաչինովնիկների ուղեղում: Դրա հետ միաժամանակ վերջիններս օժտված են ավելի պրակտիկ ընդունակությամբ: Այն է՝ իրավասու են նիկոլանմաններին օգնություն տրամադրել գումարի կամ այլ տեսքով: Ու դրանով ցույց տալ, թե իբրև թե աշխատում են, ու եվրոպացի ոչ հերոս հարկատուների հաշվին ֆռֆռֆալ եվրասիական աշխարհամասով մեկ:
Եվ եթե թե՛ վերը նշված տիկինը և թե՛ ընդհանրապես ԵՄ այլ չինովնիկները ունենային ոչ թե հատուկ, այլ սովորական տեսողություն, կտեսնեին, թե ինչ է կատարվում հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում: Կտեսնեին, օրինակ, գործող իշխանության հիմնական մրցակից (սոցհարցումների համաձայն) քաղաքական ուժի ղեկավարին ամիսներ շարունակ բանտարկելը: Որին վերջերս են ընդամենը թեթևացրել խափանման միջոցը՝ փոխվել տնային կալանքի: Կտեսներ հենց իր այցելության պահին ազատ խոսքը ճնշելու հերթական փորձն ի դեմս «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ նախաձեռնված պաշտոնական ահաբեկման: Բայց քանի որ դա տեսնելը քաղաքականապես ձեռք չի տալիս մարթակոսերին, դա տեսնելու ցանկություն իրենք չունեն: Ճիշտ այնպես, ինչպես չտեսան ընտրական անարդարությունն ու օրենքի կոպիտ խախտումը 2024-ին Ռումինիայում: Ինչպես ոչ միայն չտեսան, այլ դա փորձում են Հայաստանի համար «օրինակելի» դարձնել 2025-ին Մոլդովայում իրականացված ընտրական կոպիտ խախտումները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր