«Հրապարակ»․ Եթե 2023-ին ուրիշն ընտրվեր Երեւանի քաղաքապետ, Արցախը չէր հայաթափվի

«Հրապարակ»․ Եթե 2023-ին ուրիշն ընտրվեր Երեւանի քաղաքապետ, Արցախը չէր հայաթափվի

Sat, 21 Mar 2026 10:15:54 +0400


Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ջղաձիգ է դառնում Նիկոլ Փաշինյանը: Կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ նա ՀՀ քաղաքացիներին ուղղակի սպառնաց նոր պատերազմով: Կա՛մ ես, կա՛մ պատերազմ․ այս մտքին Փաշինյանը վերադառնում է պարբերաբար: Վերջին ձեւակերպումներն ամենակտրուկն էին: Ընդդիմադիրներին նա անվանեց «պատերազմի կուսակցություն», «խաղաղության ռեւիզիայի դիրքերից հանդես եկող ուժեր», որոնք պատրաստվում են նոր սեպտեմբերյան պատերազմի՝ «ծանր հետեւանքներով»։ Այնքան միանշանակ էր նախազգուշացումը, որ հանրության կողմից ընկալվեց որպես սպառնալիք եւ Ադրբեջանի ղեկավարին ուղղված SOS ազդանշան` ՔՊ-ի ճոճվող ավտոբուսից: «Արդեն Ալիեւը մեզ չի սպառնում պատերազմով, դա անում է Փաշինյանը»,- արձագանքում է դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Էս ասում եք՝ եթե ինձ չընտրեք վարչապետ, Ադրբեջանից ինձ պադդերժկա կանեն ու կհարձակվե՞ն Հայաստանի վրա: Էս մա՞րդ եք բերում մեզ վրա»,- հարցնում է «Միասնության թեւեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը: Շատ հավանական է, որ նման հայտարարություններով Փաշինյանն «իշմար է տալիս» Ալիեւին, որ օգնի իրեն: Իրականում, Նիկոլի ընտրվելն ամենեւին էլ երաշխիք չէ պատերազմներից խուսափելու, եթե չասենք` ճիշտ հակառակը, նպաստող գործոն է: Հիշեցնենք․ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երեւանում անցկացվեցին ավագանու ընտրություններ, եւ ՔՊ-ն մի կերպ իշխանություն ձեւավորեց, իսկ ընտրությունից ընդամենը 2 օր անց՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Արցախի դեմ, որն ավարտվեց վերջինիս տոտալ հայաթափմամբ: Այս ժամանակագրությունը մինչ օրս հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք պատահականություն էր, եւ որքանո՞վ է ՀՀ անվտանգությունը փոխկապակցված ներքաղաքական գործընթացների հետ: Հարցերն ուղղեցինք Գառնիկ Իսագուլյանին եւ Մովսես Հակոբյանին:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանում Արցախի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Ադրբեջանի գործողություններն ու մեր ներքաղաքական իրավիճակն ուղղակի եւ անմիջական փոխկապակցված են: «Մենք ե՞րբ ունեցանք հաջողություններ Արցախի հարցում: Երբ որ Ադրբեջանում իշխանության եկավ Էլչիբեյը: Այսինքն՝ եթե երկրի ղեկավարը թույլ է ու վախկոտ, բնականաբար, այդ երկրի գլխին դոմոկլյան սուր է կախված լինում, իսկ եթե ուժեղ մարդ է գալիս, բնականաբար, ամեն ինչ սկսում է շարժվել»,- ասաց նա:

Բանակում ծառայության տարիները հիշեց, որ ուժեղ էին հայերը, չեչենները, որոնք մյուսներից տարբերվում էին իրենց համարձակությամբ ու խիզախությամբ: «Կարող էր ամբողջ 700 հոգանոց պոլկում լիներ մեկ չեչեն, եւ մյուսներն իրենից շան պես վախենային, որովհետեւ առաջին օրերին, երբ որ նրան փորձում էին նվաստացնել, ստորացնել, նա չէր տրվում դրան: Կապ չունի, դուք նրան կարող էիք ծեծել, բայց մեկ-երկու՝ արդեն վախենում էին, որովհետեւ գիտեին, որ պատասխանը տալու է: Կային ղազախներ, ուզբեկներ, որոնց երկու տարի շարունակ աշխատեցնում էին, որովհետեւ նրանք վախկոտ էին: Չեչենը կարող էր նրանց շարել ու չափալախելով գալ, վրաները, որպես տանձիկ, պարապել: Բնականաբար, երկրի ղեկավարի հզորությունը, ուժն ու կամքը շատ մեծ նշանակություն ունեն»: Ադրբեջանն ուղիղ օգնո՞ւմ է Փաշինյանին, նրանց մեջ կա՞ պայմանավորվածություն: «Այո, բայց պետք է իմանալ, որ անմիջապես իշխանափոխությունից հետո որեւէ բան, սովորաբար, տեղի չի ունենում, որոշակի շրջան պետք է անցնի: Նիկոլը եկավ իշխանության, 2 տարի նրանք սպասեցին` նոր պատերազմ եղավ: Բոլոր գերտերությունները, հարեւան պետություններն ուզում են իմանալ, թե ով է իշխանության եկածը: Կարող է նորի դեմ պատերազմ սկսեն, ու, կոպիտ ասած, մի ատոմային ռումբ ընկնի գլխներին: Եթե ինչ-որ մեկը գալիս է իշխանության, հաստատ, 2 տարի ոչինչ չի լինում, բացառված է, որ անմիջապես ընտրություններից հետո որեւէ բան տեղի ունենա: Կախված այդ նոր մարդու պահվածքից՝ 1-2 տարի հետո պետությունները նոր որոշում են, թե նրա հետ ոնց հարաբերվել: Հիմա եթե Հայաստանում մնա Նիկոլը, իրենք գիտեն, որ ինչ ուզեն` անելու է, չի կարող չանել: Այդ պատերազմը մնալու է կախված մեր ժողովրդի գլխին: Նա, քանի որ ժողովրդին անընդհատ սպանել է, վախեցնում է պատերազմով, որ ժողովուրդը չգնա փոփոխությունների»: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 17-ի քաղաքապետի ընտրությունները կապ ունեի՞ն երկու օր հետո Արցախում սկսված պատերազմի հետ։ «Եթե հիշում եք` այն ժամանակ, նախընտրական քարոզչության ընթացքում իրենք ասում էին՝ եթե որեւէ մեկն ընտրվի, ո՛չ մենք, պատերազմ է լինելու: Իրենք ընտրվեցին, ու նոր պատերազմ եղավ, որովհետեւ եթե ուրիշն ընտրվեր Երեւանի քաղաքապետ, պատերազմ չէր լինելու, հայաթափում չէր լինելու»: Այսինքն, կարծում եք` հիմա է՞լ նույնը կլինի, եթե իրենք ընտրվեն, պատերա՞զմ կլինի։ «Միանշանակ»:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել է ու էլի կրկնում է. «Նիկոլ Փաշինյանն իսկական հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի վարչապետն է: Ես սա ասելու համար ենթարկվել եմ քննադատության, կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, եւ էլի կքննադատվեմ»:

– Այսինքն, ժողովուրդն արժանի՞ է Նիկոլին, այդպե՞ս հասկանանք:

– Ոչ, Նիկոլ Փաշինյանը վարում է այն քաղաքականությունը, ինչ որ ցանկանում է ժողովուրդը:

– Բայց հակառակն է դուրս գալիս: Նա ասում է՝ ինձ ընտրեք, որ պատերազմ չլինի, բայց հենց իրեն ընտրում ենք, պատերազմ է լինում՝ Հայաստանում, Արցախում:

– Դուք չե՞ք ուզում համաձայնել, որ Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ քաղաքական գործիչ է:

– Ոչ, թույլ է եւ խորամանկ, ես կասեի:

– Բոլոր քաղաքական գործիչները խորամանկ են, քաղաքականությունը խորամանկություն է: Երբ որ ինձ հարց են տվել 15 թվականին՝ ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չէ, ասել եմ՝ ոչ, որովհետեւ ես զինվորական եմ: Զինվորականը երբ մի միտք է արտահայտում, 1000 մարդ եթե լսում է, պետք է ընկալեն նույն ձեւով: Քաղաքական գործիչը երբ որ միտք է արտահայտում, եւ 1000 մարդ լսում է, նրանք այդ միտքը կհասկանան 1000 ձեւի:

– Լավ, որպես զինվորական, որը շատ լավ է ճանաչում ադրբեջանցիներին, ի՞նչ եք կարծում․ եթե Փաշինյանին չընտրենք, սեպտեմբերին պատերա՞զմ կսկսվի, ինչպես ինքն է սպառնում:

– Ես կարծում եմ, որ գլխավոր գործոնը՝ պատերազմ սկսվելու հարցում, հայ ժողովուրդն է: Եթե նա ուզի կռիվ լինի, կլինի, եթե չուզի, չի լինի: Կռիվ չլինելու միակ երաշխիքը դիմակայելու պատրաստակամությունն է: Եթե դու պատրաստ չես դիմակայելու, ով ուզում է ընտրվի, պատերազմը լինելու է:

– Բայց դա կապված չէ՞ բանակի մարտունակության հետ, պատրա՞ստ ենք պատերազմի, թե՞ ոչ:

– Դրանք՝ բոլորը, երկրորդական են, դա մարդու մտքից ու կամքից է կախված, որ նա չուզենա պարտվել, մնացած բոլորը հայթայթվող է, ստացվող է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան

Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ Հակոբ Բադալյան Sat, 21 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով