«Հրապարակ»․ Ամերիկյան կողմի հաշվարկները թերի են եղել՝ Իրանն Աֆղանստան չէ

«Հրապարակ»․ Ամերիկյան կողմի հաշվարկները թերի են եղել՝ Իրանն Աֆղանստան չէ

Sat, 21 Mar 2026 10:45:13 +0400


Իսրայելա-ամերիկյան ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, ներգրավվել են նաեւ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Բահրեյնը: Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք պատերազմի թեմայով:

«Ինտենսիվ ռազմական գործողություններին այդ երկրների` իրենց զինուժով անմիջական մասնակից լինելը դեռեւս տեղի չի ունեցել մինչ այս պահը: Չի բացառվում, որ եթե իրանական կողմը հրթիռակոծի այդ երկրների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն ու նավթավերամշակման գործարանները, նրանք ռազմական միջամտության անցնեն եւ համատեղ ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններ իրականացնեն: Սակայն աշխարհագրությունը փոխվում է, որովհետեւ, ինչպես տեսանք, պատերազմը հասավ Կասպից ծով»,- ասաց Կարապետյանը: Իսրայելը խոցեց իրանական 5 ռազմանավ, Իրանի գազի խոշորագույն արդյունաբերական հանգույցը, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մեկնեց Սաուդյան Արաբիա, եւ Կասպից ծովում ռազմական գործողությունների թեժացումը կարող է էականորեն փոխել պատերազմի ընթացքն ու աշխարհագրությունը: «Այժմ ինտենսիվ աշխատանքներ են տանում՝ նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին ներգրավելու ռազմական գործողությունների մեջ, որպեսզի, որպես պոլիգոն, օգտագործեն նաեւ Ադրբեջանի տարածքը: Նաեւ տեսնում ենք, որ իրանական կողմը կարողանում է պատշաճ հակահարվածներ հասցնել եւ զսպել համատեղ իրականացվող օպերացիաները: Իրանն օգտագործել է կեղծ կասետային հրթիռներ, որի արդյունքում Իսրայելի ՀՕՊ համակարգն արձակել է 4 միավոր «Թաաթ» կոչվող հրթիռներ, ինչի հետեւանքով 53 միլիոն դոլար` հանուն ոչնչի, ուղղակի ի չիք է դարձել: Նրանք արդեն անցել են նման մեթոդաբանության, որն առաջացրել է Թրամփի զարմանքը, որը կարծես քաղաքական անմեղսունակի կարգավիճակ ստանձնած լինի եւ ասում է, որ դա նորմալ չէ, որ Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, այդպես չի կարելի, եւ փորձում է ՆԱՏՕ-ին, եվրոպական երկրներին ներքաշել այս պատերազմի մեջ: Սակայն այդ երկրները չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նկատում է միջազգայնագետը:

Թրամփը զարմացել է նաեւ, որ Իրանը թիրախավորել է Մերձավոր Արեւելքի երկրները՝ դա նախատեսված չի եղել: Կարապետյանը կարծում է՝ Թրամփի խորհրդատուներն իրեն ասում են, որ իր գահավիժող ռեյտինգը փրկելու համար պետք է փորձի ցույց տալ, որ հաղթել է, շարքից հանի իրանական ենթակառուցվածքները, դադարեցնի միջուկային ծրագիրը եւ օր առաջ կանգնեցնի ոչ շահեկան պատերազմը: Հնարավո՞ր է Ռուսաստանն էլ դառնա պատերազմող կողմ, Կարապետյանը ոչինչ չի բացառում, նաեւ՝ Չինաստանի մասով: Իրանի դաշնակիցները դեռ ռազմական գործողություններին բացեիբաց չեն մասնակցում՝ կուլիսային օգնություն` տվյալներ են տրամադրում: «Քանի դեռ Իրանի համար, Իրանի ժողովրդի, Իրանի պետականության համար էքզիստենցիալ վտանգներ չկան, չեմ կարծում, որ նրանք մասնակից կլինեն, որքան էլ լուրջ վնասներ է կրում Իրանը, նրա ենթակառուցվածքները, այդուհանդերձ, կարողանում են դիմագրավել: Անգամ այս պահին Իրանն է թելադրում պատերազմի դադարի պայմանները»,- շեշտում է մեր զրուցակիցը:

ԱՄՆ պատերազմի նախարարությունը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար: Թե որքան կդիմանա Իրանը, միջազգայնագետը վկայակոչում է իրանական պաշտոնական տվյալները` մինչեւ սեպտեմբեր, հոկտեմբեր կարող են ինտենսիվ ռազմական գործողություններ իրականացվել: «Այսինքն՝ իրենց արսենալը եւ պոտենցիալը թույլ են տալիս: Հարց է` արդյո՞ք իսրայելա-ամերիկյան տանդեմը պատրաստ է մինչեւ սեպտեմբեր ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանողական ինստենսիվ գործողություններ իրականացնել: Թեհրանը համաձայն չէ հրադադարի, եթե չեն բավարարվելու իր 4 նախապայմանները: Դրանք են` լիարժեք միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում, տնտեսական պատժամիջոցների ամբողջական չեղարկում, պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի լիակատար փոխհատուցում կամ, այսպես կոչված, ռազմատուգանքի վճարում եւ ուրանի հարստացում: Մի նախապայման էլ կա, որն ուղիղ չի բարձրաձայնվում, սակայն փաստացի իրականացվում է` Հորմուզի նեղուցի ամբողջական ղեկավարում Իրանի կողմից՝ փակ եւ բաց պահելը»:

Ամերիկյան կողմն անում է ամեն ինչ, որ այս պայմանները չկատարվեն, Հորմուզի նեղուցը բացելն էլ համարում է այն երկրների խնդիրը, որոնք այդտեղից նավթ են ստանում: Իսկ նեղուցը համաշխարհային նավթային հոսքի գլխավոր զարկերակն է․ աշխարհի ծանր նավթի 20-30 տոկոսն այնտեղով է անցնում: Հետեւաբար, նավթի գները կտրուկ կաճեն, եթե այսպես շարունակվի, իսկ եթե Բաբ-Էլ-Մանդեպի նեղուցը փակվի, Սուեզի ջրանցքով կդադարի առեւտուրը, եւ դա լուրջ խնդիր կառաջացնի Թրամփի համար, ուստի հասունացել է պահը, որ ՆԱՏՕ-ն միջամտի, սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվում են: Եվ Թրամփի խոսքերից կարելի է եզրակացնել, որ արդեն խոսք է գնում ՆԱՏՕ-ի` որպես կառույցի գոյության մասին:

«Պատերազմի ընթացքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլեւս չի վերահսկում իրավիճակը: Հորմուզի նեղուցը բացելու անհնարինությունը, միջազգային շուկայում առաջացած ճգնաժամն ամերիկա-իսրայելական տանդեմի տագնապն ու ցայտնոտն են առաջացրել: Ամերիկյան կողմի հաշվարկները՝ բլից կրիգով արագ խնդիրը լուծելու, խափանվել են: Ստացվում է, որ Վաշինգտոնն անկարող եղավ իրագործել այդ ծրագիրը․ միջուկային ծրագիրը գործում է, Թեհրանն ունի հարստացված ուրանի պաշարներ, Իրանի դեմ ժողովրդական ապստամբություն չեղավ, պատերազմի պատճառով ԱՄՆ-ի ներքին ճակատում լարվածություն ստեղծվեց, ասում են, որ Թրամփն օր առաջ պետք է լքի նախագահի պաշտոնը: Այն, որ մտածում էին, թե Իրանի հոգեւոր, ռազմաքաղաքական ղեկավարներին ոչնչացնելով հարցը կլուծվի, եւ Իրանը հոգեւոր պետությունից աշխարհիկ պետություն կդառնա, իրանցիները Թրամփի խոսքերով չտարվեցին: Թրամփը չհասկացավ, որ Իրանն այնքան խորքային պետություն է, որ մեկ բարձրաստիճան ղեկավարն ամենաքիչը 7-9 փոխարինող ունի, որ մեկի սպանության դեպքում հաջորդը շարունակում է նախորդի գործը, որ մինչեւ վերջին շունչը չեն հանձնվում, ոչ մի թիզ չեն նահանջում Իրանի շահերից, իրենց ընտանիքներին չեն փախցնում երկրից, անգամ երբ Ալի Լարիջանիին սպանեցին` իր որդու հետ: Իրանի իսլամական հեղափոխության կորպուսը նախազգուշացնող կոչ է արել՝ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանից հեռանա քաղաքացիական բնակչությունը, Ալ Հոսնի գազի հանքավայրին, Ռաս լաֆանի ՝ Քաթարում գտնվող նավթավերամշակման գործարանին պիտի հարվածեն: Մարդիկ շիտակ հայտարարում են, որ այս օբյեկտներին հարվածելու են»,- ասաց Կարապետյանը:

ԱՄՆ-ն Աֆղանստանում 20 տարուց ավելի գործողություններ իրականացրեց, ինչն իրեն արժեցավ 2,3 տրիլիոն դոլար։ Այն ժամանակ Աֆղանստանի բնակչությունը 40 միլիոն էր, իսկ Իրանն 90 միլիոնանոց խորքային պետություն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ Fri, 27 Mar 2026 23:55:46 +0400 Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել…

20 րոպե ago

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400 Ռուսաստանում իրավապահները…

30 րոպե ago

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ…

45 րոպե ago

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ Fri, 27 Mar 2026 23:30:35 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

45 րոպե ago

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են Fri, 27 Mar 2026 23:15:12…

1 ժամ ago

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Fri, 27 Mar 2026 23:07:00 +0400 Մարտի 27-ի…

1 ժամ ago