Ինչ թեմաներ էին ընտրում պատմական կինոյի մեկնարկի շրջանում
Sat, 21 Mar 2026 21:00:55 +0400
1890-ականներին Լյումիեր եղբայրների կողմից կինեմատոգրաֆի ստեղծումից հետո, նկարահանվող ֆիլմերն աստիճանաբար սկսում են ձեռք բերել ժանրային բազմազանություն։ Կինոարվեստի պատմության մեջ կարեւոր տեղ ունեն պատմական կինոնկարները, որոնց իմաստն իրական պատմական ժամանակաշրջանի վերարտադրությունն է եւ մարդկության պատմական հիշողության վիզուալիզացիան։ Սակայն, ինչպես նշում են կինոգետներն ու կինոյի պատմության մասնագետները, պատմական ժանրի կինոնկարները եթե փաստավավերագրում չեն, ապա վերոնշյալ պատմական հիշողության գեղարվեստական մեկնաբանություն են ապահովում։
Արդեն կինոարվեստի արշալույսին ի հայտ են գալիս առաջին ժապավենները, որոնք անդրադառնում են պատմական իրադարձություններին եւ պերսոնաժներին։ Դրանցից է, օրինակ, 1897 թվականին էկրան բարձրացած «Մարաթայի մահը» կինոնկարը, որը մասնագետները համարում են պատմական իրադարձությունների գեղարվեստական վերակերտման առաջին փորձերից մեկը։
1890-1900-ական թվականներին պատմական թեմաներին եւ պերսոնաժներին նվիրված կինոնկարներն ինքնուրույն ժանր դեռ չէին դարձել, դրանք կարճամետրաժ տեսարաններ էին կամ «կենդանի պատկերներ», որոնք հաճախ ներշնչված էին թատերական ներկայացուցիչներից։ Սակայն արդեն այդ ժամանակ կիրառվում էին դարաշրջանին հատուկ դեկորացիաներ, կոստյումներ, պատկերվում էին իրական պատմական ֆիգուրներ, փորձ էր արվում անցյալի իրադարձությունները դրամատիզացնել։ Այսինքն, արդեն կինոյի արշալույսին՝ պատմական թեմաներին անդրադառնալիս, աստիճանաբար ձեւավորվում էին այն սկզբունքները, որոնք պետք է դառնային պատմական կինոյի ժանր։ 1900-1910-ականներն ընդունված է համարել պատմական կինոյի ժանրի ձեւավորման շրջան։ Այս ընթացքում արդեն բոլոր այն հիմնական երկրներում, որտեղ կինոն հիմնավորվում է, աստիճանաբար նկարահանվում են առաջին պատմական թեմաներին անդրադարձող ժապավենները։ Ռուսաստանում, օրինակ, առաջին պատմական ժապավենը Ստեփան Ռազինին նվիրված կինոնկարն էր, որը նկարահանվել է 1908 թվականին։ Ապա արդեն նկարահանվում են «Ասք վաճառական Կալաշնիկովի մասին», «Իվան Ահեղի մահը», «Պետրոս Մեծ», «Սեւաստոպոլի պաշտպանությունը» կինոնկարները՝ 1909-11 թթ․։ Այս կինոնկարներում կարճ տեսարաններին փոխարինելու են գալիս ավելի ծավալուն բեմականացումները՝ դարաշրջանին հատուկ էլեմենտների վերականգնումով։
Եվրոպայում եւս՝ Գերմանիա, Ֆրանսիա, պատմական կինոնկարներն աստիճանաբար դառնում են դիտարժան բեմականացումներ, որտեղ ներմուծվում են մասսայական տեսարաններ, բարդ դեկորացիաներ։ 1910-ական թվականների վերջերին ի հայտ են գալիս, այսպես կոչված, «կոստյումավորված կինոնկարները», որտեղ, բացի դեկորացիաներից, նաեւ ժամանակին հատուկ հագուկապն էր վերականգնված։
Առհասարակ, պատմական ժանրի կինոնկարների այդքան վաղ ի հայտ գալուն նպաստել են մի շարք գործոններ։ Նախ, արդեն պատրաստի սյուժե կար՝ ի դեմս այն պատմական պերսոնաժի կամ իրադարձության, որը պետք է վերապատմվեր գեղարվեստական մեկնաբանությամբ էկրանին։ Սցենարային աշխատանքը, այսինքն, մասամբ արված էր։ Բացի այդ, պատմական ֆիլմերը շատ դիտարժան էին ժամանակի եւ միջավայրի վերականգնման, ճակատամարտերի վերստեղծման, հայտնի պատմական անձերի վերակենդանացման շնորհիվ։ Եվ, բացի այդ, պատմական կինոնկարներն ունեին լուրջ կրթադաստիարակչական նշանակություն եւ գաղափարական պոտենցիալ։ 1910-20-ականներին արդեն պատմական կինոժանրը նոր մակարդակի է բարձրանում՝ զարգացում ապրելով։ Ասպարեզ են իջնում ժանրում ստեղծագործող այնպիսի ռեժիսորներ, ինչիսիք են՝ Սերգեյ Էյզենշտեյնն ու Դեւիդ Վորք Գրիֆիթը։ Նրանց աշխատանքներն աչքի էին ընկնում ե՛ւ դրամատուրգիայով, ե՛ւ ծավալներով, ե՛ւ բարդությամբ ու նորարարական մոնտաժային ու լուսային ներմուծումներով, որով ժանրն արդեն ամբողջապես կայացավ եւ մտավ կինոարվեստի «ընտանիք»` որպես առանձին բաժին։