Իրանա-ամերիկա-իսրայելական հակամարտության էսկալացիան հասնում է բացարձակ աննորմալ մակարդակի
Sun, 22 Mar 2026 19:15:00 +0400

Երեկ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել Իրանից, ըստ որի՝ իսրայելական ավիացիայի կողմից հարված է հասցվել իրանական «Նաթանզ» միջուկային կենտրոնին։
Օբյեկտից դուրս միջուկային ճառագայթման մակարդակի բարձրացման վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատվել։ Այնուամենայնիվ, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է ստացված տվյալները։
Ի պատասխան՝ Իրանը հարված է հասցրել իսրայելական Դիմոնա քաղաքին, որտեղ տեղակայված են Իսրայելի միջուկային գիտաարտադրական հզորությունները։
Որպեսզի հստակ լինի՝ այս իրավիճակը կարող է հանգեցնել առնվազն ռադիոակտիվ նյութերի արտանետման մթնոլորտ՝ հետագա լայնածավալ ռադիացիոն աղտոտմամբ մի քանի հարյուր կիլոմետր շառավղով տարածքների, թե Իրանում, թե Իսրայելում։
Եթե ամերիկացիներն ու իսրայելցիները չկանգնեն, իրավիճակը ուղղակիորեն սպառնում է վերածվել միջուկային աղետի։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական ագրեսիայի արդյունքում Իրանը դրել են այնպիսի իրավիճակում, որտեղ վերջինս փաստացի այլևս կորցնելու ոչինչ չունի։
Մյուս կողմից՝ ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ Բենիամին Նեթանյահուն այս պահին չեն կարող դուրս գալ հակամարտությունից առանց շոշափելի արդյունքների։
Խոսքը չի վերաբերում Թրամփի մշտական հայտարարություններին, թե ԱՄՆ-ն իբր արդեն հաղթել է Իրանին։ Ամերիկացիները և առավել ևս նրանց դաշնակիցները տեսնում են, թե ինչպես է «պարտված» Իրանը անդադար հզոր հարվածներ հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և իսրայելական քաղաքներին։
Իսկ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման մասին նույնիսկ խոսել պետք չէ — համաշխարհային տնտեսությունն արդեն հայտնվում է լուրջ տուրբուլենտության մեջ։
Այսպիսով, ցավոք, իրավիճակը զարգանում է ամենաբացասական սցենարով։
Եվ այո, քանի որ հայկական իշխանությունները, տեսախցիկների առաջ տարբեր սննդամթերքի տեսակներ ուտելու կարճատև ընդմիջումներում, իրականացնում են նախընտրական քարոզարշավ, որի ընթացքը փաստացի ցույց է տալիս նրանց անադեկվատությունը, հարկ է հիշեցնել՝ Իրանը շարունակում է մնալ Հայաստանի անմիջական հարևանը, ինչպես նաև Ադրբեջանը, որի համար Հայաստանի հարավի հարցը շարունակում է դիտարկվել որպես առաջնահերթ նպատակ՝ անեքսիայի տեսանկյունից, և Ադրբեջանի ծրագրերը որևէ կերպ կախված չեն հայկական իշխանությունների «խաղաղություն հաստատելու» մասին սուտ և անհեթեթ հավաստիացումներից։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր