Նիկոլների կազմակերպածը ոչինչ էլ չի փոխելու
Mon, 23 Mar 2026 12:04:25 +0400

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ շարունակվում են հանդիպումները տեղահանված արցախցիների հետ, և այս անգամ հերթական քննարկումը տեղի է ունեցել Գյումրիում։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակում սա արդեն հինգերորդ նման հանդիպումն էր, որի ընթացքում զգացվել են թե՛ կարոտն ու ջերմությունը, թե՛ կուտակված ցավն ու չլուծված խնդիրների ծանրությունը։
Հակոբյանի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել են գործող սոցիալական ծրագրերը, որոնք, նրա գնահատմամբ, չեն համապատասխանում մարդկանց իրական կարիքներին և կտրված են առօրյա կյանքից։ Նա նշել է, որ Գյումրիում բնակվող արցախցիների առաջնային խնդիրները շարունակում են մնալ բնակարանի և աշխատանքի հարցերը, իսկ փոքր ընտանիքների համար ստեղծված պայմանները փաստացի լուծում չեն առաջարկում։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակավայրում իրական կարիքների գնահատում և մշտադիտարկում իրականացնել, որպեսզի բնակարանաշինական ծրագրերը հիմնված լինեն մարդկանց կոնկրետ պահանջների վրա, ոչ թե ձևական հաշվետվությունների։ Նրա համոզմամբ՝ միայն այս կերպ հնարավոր կլինի մարդկանց ապահովել արժանապատիվ կենսապայմաններով։
Անդրադառնալով իշխանությունների վերջին նախաձեռնություններին՝ Հակոբյանը դրանք գնահատել է որպես ցուցադրական և անարդյունավետ քայլեր՝ պնդելով, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու ոչ սոցիալական խնդիրների հաղթահարմանը, ոչ էլ արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Նրա կարծիքով՝ դրանք ավելի շատ պոպուլիստական բնույթ ունեն։
«Վերջերս նիկոլների կազմակերպած «հանդիպում-շոուի» ընթացքում հնչած «լուծումները» ոչինչ չեն փոխելու։ Ոչ սոցիալական խնդիրների լուծման մեջ, ոչ էլ մեր իրավունքների պաշտպանության հարցում։
Դա հերթական պոպուլիզմն է»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր