Պատերազմը կարող է դադարեցվել հենց հիմա․ ԱՄՆ-ն կոչով դիմել է իրանցիներին
Mon, 23 Mar 2026 16:30:14 +0400
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Իրանի բնակիչներն չպետք է հիմա դուրս գան փողոցների բողոքի ակցիաների համար, քանի որ դա ռիսկեր է պարունակում։
Ըստ Քուփերի, հարվածները հաճախ իրականացվում են բնակելի տարածքներից, ուստի մարդիկ «պետք է առայժմ մնան տանը»։ Նա հավելել է, սակայն, որ ապագայում, երբ իրավիճակը փոխվի, կարող է հստակ ազդանշան լինել։
Միաժամանակ, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական գործողությունները «հենց հիմա», եթե Թեհրանը ձեռնպահ մնա հարձակումներից։ Ամերիկացի գեներալն այս մասին ասել է Iran International-ին տված հարցազրույցում։
Քուփերը Իրանի կառավարությանը պատասխանատու է համարել սեփական քաղաքացիներին վտանգի ենթարկելու համար։ Նա ասել է, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում բնակեցված տարածքներից, և ինքը անձամբ է հետևել այդ գործողություններին։ Նա նաև նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները գտնվում են ամրացված ապաստարաններում, մինչդեռ շարքայինները և քաղաքացիական բնակչությունը մնում են անպաշտպան։