Խաղաղությունն ուսմունք չէ, որպեսզի այն ենթարկվի ռեվիզիայի

Խաղաղությունն ուսմունք չէ, որպեսզի այն ենթարկվի ռեվիզիայի

Mon, 23 Mar 2026 21:15:42 +0400


Մի ժամանակ Հայաստանում քաղաքական մտքի նորարարությամբ զբաղվում էր միայն մեկ անձ՝ Հայաստանի երբեմնի «փրկիչ» Նիկոլը: Սակայն քանի որ բացասական օրինակը վարակիչ է, նրա հետևորդները շարունակում են իր գիծը: Չնայած նա դեռ կենդանի է և ժանրի կանոնով հետևորդներն իրավունք ունեն դրանով զբաղվել միայն իրենց կուռքի մահվանից հետո: Իհարկե, կարող են հակաճառել, որ հետևորդները կա՛մ պարզապես կրկնում են նրան, կա՛մ էլ փորձում են մեկնաբանել նրա մարգարեությունները: Կրկնելու դեմ բան չունեմ ասելու՝ մանուկը թութակելով է սովորում ծնողների լեզուն: Բայց մեկնաբանելն արդեն իսկ փիլիսոփայական կատեգորիա է: Այդ գիտությունից հեռու մարդկանց ասեմ, որ կան մտածողներ, ովքեր երկնում են մտավոր կառուցվածքներ մեր կյանքում պատահող այս կամ այն երևույթի առումով: Կան այլ մտածողներ, ովքեր կա՛մ փորձում են սխալ հանել այդ կառուցվածքները, կա՛մ էլ մեզ նման մարդկանց համար մեկնաբանել, այսինքն բացատրել դրանց իմաստը:

Եվ քանի որ պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողներն իրավունք չունեն սխալ հանելու երբեմնի «փրկչի» անհեթեթ գաղափարները, նրանց մնում է ընդամենը թութակելու կամ իմաստը բացատրելու գործառույթը: Առաջինը մի կողմ դնելով՝ անդրադառնանք ասվածի իմաստը բացատրելուն: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան բարդ բան կարող է լինել անհեթեթ մտքի իմաստը բացատրելը: Ու այդ պատճառով էլ այդ բացատրությունն ինքնին չի կարող չլինել անհեթեթ: Չի կարող՝ եթե նույնիսկ դա փորձի անել հույն Սոկրատեսին արժանի մեկը: Բայց չմոռանանք, որ հատկապես ՀՀ իշխանական միջանցքներում սոկրատեսներ չեն կարող լինել ի սկզբանե: Այդ պատճառով էլ պետք է ընդամենը ցավակցել նրանց, ում վրա է սովորաբար ընկնում սևը եթե ոչ սպիտակ, ապա գոնե մոխրագույն ներկայացնելու գործը:

Ինչևէ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շանտաժը ԱԺ ընտրության առումով (եթե հունիսին ՔՊ-ն ԱԺ-ում մեծամասնություն չգրավի՝ սեպտեմբերին պատերազմ կլինի) պետք է ներկայացվեր որպես, բռնվե՛ք, քաղաքական հայտարարություն: Փաստորեն, սիրելի ժողովրդի հասցեին ՀՀ վարչապետի բերանով հնչած շանտաժը՝ ինչպիսին էլ այն լինի, այսուհետ պետք է համարել քաղաքական հայտարարություն: Հետաքրքիր է՝ իսկ եթե նման բան ասվի, ասենք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի կողմից, դա ևս այդպես կընկալվի: Թե, այնուամենայնիվ, կգործեն սպառնալիքի առումով պատժաչափերը: Սպառնալիքի, քանի որ շանտաժի հանցակազմն ինքնին բացակայում է ՀՀ Քրեական օրենսգրքից:
Տեղյակ չեմ, թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից կամ արդարադատության նախարար Գալյանից լրագրողները փորձել են արդյոք ճշտել, թե ինչու հենց սեպտեմբերին: Դրա առումով կարող է լինել մեկ-երկու վարկած: Նախ, որովհետև նրա համար սեպտեմբերը խիստ հիշարժան է: 2020-ի սեպտեմբերից հետո երբեմնի «փրկիչ» և «դուխով» Նիկոլը վերածվեց, իր սիրելի ժողովրդի լեզվով ասած, «խեղճ հարիֆի»: Ինչի ավելի գրագետ տարբերակը խայտառակ պարտության խորհրդանիշն է: Երկրորդ, ինչն ավելի թույլ վարկած է, Ալիևին անհրաժեշտ է մի ամբողջ եռամսյակ, որպեսզի վերջինս գլխի ընկնի, որ ՀՀ վարչապետն այլևս իր ստորացումները հանդուրժող Փաշինյանը չէ: Երրորդ, կամ էլ նրան այդ ժամանակն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ նախագահ Թրամփից պարզի, թե ինքն իրավունք ունի արդյոք պատժի հայաստանցիներին Նիկոլին չընտրելու համար: Չէ որ նախագահ Թրամփն իր վրա է վերցրել անձամբ Նիկոլի հովանավորությունը: Մեզ, համենայն դեպս, չեն հարցրել, թե ունենք թե ոչ, նման ցանկություն:
Ինչ մնում է «խաղաղությունը ռևիզիայի ենթարկելը պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում» դատողությանը, ապա խաղաղությունն ուսմունք չէ, որպեսզի որևէ մեկը կարողանա այն ենթարկել ռեվիզիայի: Խաղաղությունը կա՛մ լինում է, կա՛մ չի լինում: Եթե այն առկա է՝ ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էր հայտարարում ժամանակին, ապա դա կարող է խախտել միայն այն կողմը, ով ունի հաղթանակի հնարավորություն: Տվյալ դեպքում նման հնարավորություն ունի ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Ինչը նշանակում է, որ ամեն հարմար պահի այդ երկրի ղեկավարը կարող է նախաձեռնել պատերազմ՝ ինչպես դա տեղի է ունեցել 2016-ին և 2020-ին: Եվ ոչ մի թղթի կտոր նրան հետ չի պահի այդ քայլից: Միակ խոչընդոտը կարող է լինել հզոր բանակը և նրանից ստանալիք համապատասխան պատասխանը: Ինչը Նիկոլի վարչապետության օրոք երբեք կյանքի չի կոչվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վազգեն Թեւանյանը հայր է դարձել

Վազգեն Թեւանյանը հայր է դարձել Mon, 23 Mar 2026 23:53:08 +0400 Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի…

3 ժամ ago

Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան

Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Mon, 23 Mar 2026…

3 ժամ ago

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել Mon, 23 Mar 2026 23:39:20 +0400 Իմ կրտսեր…

3 ժամ ago

Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ

Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ Mon, 23 Mar 2026 23:30:18 +0400 Իրանը ԱՄՆ…

3 ժամ ago

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Mon, 23 Mar 2026 23:15:54 +0400 Monument Watch-ը…

4 ժամ ago

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար Mon, 23 Mar 2026 23:00:12 +0400 Թեյը օգտակար…

4 ժամ ago