«Հրապարակ». Շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ` ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք անում` լավ ենք անում

«Հրապարակ». Շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ` ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք անում` լավ ենք անում

Tue, 24 Mar 2026 08:45:28 +0400


Ութ տարվա ընթացքում հինգ պատերազմ եւ ռազմական գործողություն բերած իշխանության ներկայացուցիչները, շարունակելով երկրորդել պետության թիվ մեկ պատուհասին, սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում, պատերազմի սպառնալիքով ահուսարսափի մեջ պահում։ 2020-ին Տավուշում հուլիսյան մարտեր, սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմ, 2021-ի նոյեմբերին Գեղարքունիքի նկատմամբ ռազմական էսկալացիա, 2022 թվականի սեպտեմբերին ջերմուկյան մարտեր եւ վերջապես Արցախի հանձնում` 2023-ի սեպտեմբերին։

Զրոյական կետից բանակ­ցություններ սկսած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, որ Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքները հանձնելուց հետո 2024-ին էլ պատերազմի սպառնալիքով` առանց մի կրակոցի թշնամուն հանձնեցին տավուշյան տարածքները, այսօր իսկական հիբրիդային պատերազմ են իրականացնում իրենց իսկ ժողովրդի դեմ, որի նպատակն է վերարտադրվել հունիսյան ընտրություններում, իրենց՝ պատերազմ ու աղետ բերողներին, ներկայացնել որպես «խաղաղության կուսակցություն», ընդդիմադիրներին՝ «պատերազմի»։

Փաշինյանը նախօրեին կրկին մարզերում էր, ապա Երեւանում քարոզարշավ իրականացրին, որի ժամանակ կրկնեց օրեր առաջ արած պնդումը՝ ավելի համոզիչ տոն հաղորդելով իր խոսքին. «Լինելու ա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»։ Ինչպես ասում են՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Այս թեմայի շուրջ իշխանականների վերջին օրերի մեկնաբանությունները մատնում են, որ իշխանության տեղն այնքան նեղն է, որ մեկ կենտրոնում մշակված կեղծ լոզունգներով որոշել են ժողովրդին վախեցնելով` կրկին գողանալ մարդկանց քվեն, ինչպես արեցին 2021 թվականին: Եվ այդ նպատակով էլ անընդհատ կրկնում են այն ոչնչով չհիմնավորված թեզը, թե պատերազմ է լինելու, եթե մեզ չընտրեք: Սա ամենաստոր քայլն է, որ փորձում են իրականացնել՝ անտեղյակ ու պատերազմից վախը չհաղթահարած ժողովրդի ուղեղները լվանալով եւ փորձելով ազդել տատանվող զանգվածի վրա:

Երեկ էլ տեռորի եւ խոսքով ահաբեկիչների դերը ստանձնել էին նրա կառավարության անդամները` արդարադատության եւ արտաքին գործերի նախարարները: Արարատ Միրզոյանը, թվում էր, իր զուսպ եւ հավասարակշիռ պահվածքով տարբերվում է Նիկոլ Փաշինյանից, բայց արի ու տես՝ այսօր ՔՊ-ում «բոլորս Նիկոլ ենք, բոլորս տեռորիստ ենք» կարգախոսն է գործում, եւ բոլորն են նախընտրական որսի դուրս եկել ու ոչ մի միջոցի մեջ խտրականություն չեն դնում։ Ընդ որում՝ Սրբուհի Գալյանը խոստովանեց, որ Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական է, եւ իրենք ընդամենը ընդդիմադիրների խոսույթից ենթադրություններ անելով են պատերազմի մասին պնդումներ անում․ «Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող: Հետեւաբար, քաղաքական դեմքերն ազատ են՝ անելու քաղաքական հայտարարություններ։ Վարչապետը նաեւ շարունակել է, որ խաղաղությունը ռեւիզիայի ենթարկելը պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է՝ մեր ընկալմամբ»։

«Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է»,- իր հերթին հայտարարեց Արարատ Միրզոյանը։ «Րոպեներ առաջ, ԱԺ հանձնաժողովում նստած, խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, նաեւ խորհրդարանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակների, որ գրեթե բոլոր հարեւան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը՝ «Էս Հայաստանը մեզ պետք չի», եւ քարտեզը գետնին գցելը։ Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարեւանների հետ։ Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբանությամբ են փորձում հիմնախնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ՝ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմը» միտքը շանտաժի է նման, ԱԳ նախարարն ասաց. «Շանտաժն այստեղ ո՞րն է։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, այլ պայմաններում, հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ որպես անկախ պետություն գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ կա զուգահեռ առաջարկը, որ չէ` այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»։
Հարցին՝ արդյոք չի՞ ստացվում, որ իրենք կանխակալ կերպով մյուս ուժերին կոչում են պատերազմի ուժեր, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իրենք են ասում։ Սա քաղաքական անճարակության դրսեւորում է այն ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է եւ անխոցելի, որ գալիս մեզ ասում են՝ լավ, էլի, էդ մի ասեք, որովհետեւ ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Ինչո՞ւ են որոշել, որ քաղաքական հակառակորդները պատերազմ են քարոզում, գուցե նրանք բանակցությունները նկատի ունեն եւ ավելի լավ են կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրավիճակում, քան դուք, իսկ դուք պատերազմով եք սպառնում։ Նախարարի արձագանքն այսպիսին էր. «Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ՝ ոչ, չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում` լավ ենք անում. դա մեր քաղաքական առաջարկն է, եւ մենք օրենք չենք խախտում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլենց ապօրինի օպերացիան

Նիկոլենց ապօրինի օպերացիան Tue, 07 Jul 2026 21:45:11 +0400 Նախորդ օրը վաղ առավոտից սկսվեց Գագիկ…

13 րոպե ago

Պուտինից և Զելենսկուց լավ ազդակներ ունի․ հույսը չի կորցրել

Պուտինից և Զելենսկուց լավ ազդակներ ունի․ հույսը չի կորցրել Tue, 07 Jul 2026 21:30:18 +0400…

28 րոպե ago

Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Դիանա Մալենկո. Վարդավառը ճոխ կլինի

Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Դիանա Մալենկո. Վարդավառը ճոխ կլինի Tue, 07 Jul 2026 21:15:29 +0400…

43 րոպե ago

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ Tue, 07 Jul 2026 21:00:23 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

58 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան

Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան Tue, 07 Jul 2026 20:59:36 +0400 ԲՀԿ…

59 րոպե ago

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին Tue, 07 Jul 2026 20:41:06 +0400…

1 ժամ ago