Երեքշաբթի , 24 Մարտի 2026

«Հրապարակ»․ Սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ

«Հրապարակ»․ Սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ

Tue, 24 Mar 2026 10:15:24 +0400


Մի իշխանություն, որն ամենից շատն է ատելության խոսք տարածում, որոշել է պայքարել ատելության խոսքի դեմ: Ժողովրդական մի լավ առած կա․ «Առաջ դու գողին բռնիր, քանի գողը քեզ չի բռնել»: Այս խոսքը տիպիկ բնութագրում է ՔՊ-ական ռեժիմին: Միայն նրանց պատկանող ֆեյքերի գրառումները եւ «լրատվամիջոցների» վերնագրերն ընթերցելով կարելի է հասկանալ, թե Հայաստանում ովքեր են համար մեկ ատելություն տարածողները: Մենք գրել էինք, որ Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն: Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը եւս նախկին լրագրող է` Վահագն Թեւոսյանը, եւ նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը:

Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկից մինչեւ 6000-ապատիկի չափով: Փաստաբան Հայկ Ալումյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Եթե ատելության խոսքը բառի բուն իմաստով հասկանանք, ապա, իհարկե, պետք է պայքարել ատելության խոսքի դեմ, եւ այս իմաստով ցանկացած քայլ ողջունելի է, այլ հարց է, որ ատելության խոսքն օրվա իշխանության գլխավոր գործիքներից էր 2018-ին` իշխանափոխության հասնելու ժամանակ: Ատելության խոսքի միջոցով նրանք կարողացան բոլորի բերանը փակել, բոլորս ենք հիշում, թե ինչպես էին համացանցում իրենց կարծիքին դեմ ցանկացած կարծիքի արձագանքում ատելության խոսքով: Եթե մի քանիսն այդ շրջանում փորձում էին կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի մարդկային որակները կամ նրա ունակությունները, հեղափոխական գաղափարախոսությունները, անմիջապես հարձակում էին գործում ամենակեղտոտ ու եղկելի բառապաշարով, հայհոյանքներով: Նրանց լկտիությանն ու բառապաշարին չկար սահման, եւ դա հանդիսացավ գործիք, որպեսզի ողջ լրատվական դաշտը հեղեղվի իրենց օգտին հրապարակումներով: Հիմա, երբ արդեն իրենք են դարձել ատելության խոսքի հիմնական հասցեատերը, սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ: Վախենում եմ, որ Եվրոպայից եկող գումարները, որոնց անունը դրել են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքար, ուղղեն մարդկանց ազատ խոսքը լռեցնելու գործին, մարդկանց բերանը փակելուն…. Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը եւս մի արցախցի կնոջ հասցեին ատելության խոսք տարածեց, սակայն ներողություն խնդրեց, փորձեց շտկել իրավիճակը, դա փաստեց այն մասին, որ կան իրավիճակներ, երբ այդ մարդը չի կարողանում տիրապետել ինքն իրեն: Բայց ես ուզում եմ ասել, որ՝ ինչ-ինչ, սակայն խոսքի հանդեպ Եվրոպական դատարանը շատ մանրամասն ու հօգուտ խոսքի ազատության է աշխատում: Եվրոպական դատարանի համար հստակ է, որ իշխանությունները պետք է լոյալ գտնվեն իրենց ուղղված քննադատության հանդեպ, կան չափանիշներ, սահմաններ, սակայն իշխանությունները պետք է իրենց ուղղված քննադատության նկատմամբ լինեն հանդուրժող: Անգամ երբեմն ոչ պարկեշտ քննադատության պարագայում պետք է այդպես լինի: Հայաստանի դատարաններն այս առումով պարտավոր են առաջնորդվել Եվրոպական դատարանի սահմանած չափանիշներով, վճիռներով: Իշխանությունների համար հեշտ չի լինելու ԶԼՄ-ների բերանը փակել, խոսքը նաեւ անհատ անձանց մասին է, սակայն նման փորձեր արվում են, եւ դա ակնհայտ է: Ասեմ, որ այդ փորձերը պայմանավորված նե նրանով, որ քչերն են հետեւողական, քչերն են դատարան դիմում եւ փորձում իրենց իրավունքները պաշտպանել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մի երկրում, որտեղ խոսքի համար մարդ են դատում, ինչպե՞ս կարող է լինել ազատ ՀՌՀ

«Հրապարակ»․ Մի երկրում, որտեղ խոսքի համար մարդ են դատում, ինչպե՞ս կարող է լինել ազատ ՀՌՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով