Երեքշաբթի , 24 Մարտի 2026

«Հրապարակ»․ Մի երկրում, որտեղ խոսքի համար մարդ են դատում, ինչպե՞ս կարող է լինել ազատ ՀՌՀ

«Հրապարակ»․ Մի երկրում, որտեղ խոսքի համար մարդ են դատում, ինչպե՞ս կարող է լինել ազատ ՀՌՀ

Tue, 24 Mar 2026 10:45:02 +0400


Իշխանությունների ձեռքի խամաճիկը դարձած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը «հեղափոխական իշխանությունների» իշխանավարման տարիներին մի քանի ընդդիմադիր հեռուստաալիքի է զրկել եթերից, օրերս իր 25 ամյակն էր տոնում: Եվ դրա կապակցությամբ հայտարարել է, որ աննախադեպ ձեռքբերում ունի, այն է` անկախ է: Մարտի 20-ին կայացել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեւավորման 25-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են հեռուստառադիոընկերությունների, ցանցային օպերատորների, հեղինակազորված ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ՝ օրենսդիր, գործադիր, սահմանադրական մարմինների, ՀՀ-ում գործող դեսպանությունների, միջազգային եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Այսօր մենք՝ բոլորս, նկատում ենք, որ Հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը, իր առաքելությունը, եւ մենք կարծում ենք, որ մեզ մոտ ինչ-որ չափով դա ստացվում է։ Եվ այդ պատճառով 25 տարին մենք եզրագիծ չենք համարում։ Մենք գտնում ենք, որ ճանապարհի կեսին ենք եւ բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք, քանզի չի կարող լինել հասարակության, մեդիայի վստահություն, եթե նրանք համոզված չլինեն քո որոշումների անաչառության եւ անկախության մեջ»,- ողջույնի իր խոսքում շեշտել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ ամենակարեւոր ձեռքբերումն այսօրվա ՀՌՀ-ի անկախ կարգավիճակն է։ «Մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք գուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին հաճո չլինեն։ Բայց դրանք առաջինը ծառայում են հանրային շահին, օբյեկտիվ են, անկողմնակալ եւ զերծ են դրսի ճնշումներից: Սա ամենամեծ նվաճումն է»,- ասել է նա՝ առաջիկա անելիքների շարքում կարեւորելով տեսալսողական մեդիայի ամբողջ դաշտը կարգավորելու առաջնահերթությունը:

Երգիչ, երգահան, զոհվածի հայր Դավիթ Ամալյանից, որը երկար տարիներ եղել է ՀՌՀ անդամ, հետաքրքրվեցինք` ՀՌՀ 25 ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված եղե՞լ է, թե՞ ոչ, ապա հարցրինք` արդյոք այսօրվա ՀՌՀ-ն ազա՞տ է, թե՞ ոչ: Դավիթ Ամալյանն ասաց. «Հրավիրված չեմ եղել, սակայն առանձնապես չեմ հուզվել այդ հանգամանքից, շնորհակալ եմ, ինչ վերաբերում է նրանց, ես նրանց հետ աշխատել եմ եւ, ի տարբերություն հակառակ թեւի, ես իրենց նման գործ տվող չեմ: Ես նրանց հետ ինչ-որ մի շրջանում աշխատել եմ, չեմ ուզում շատ հարցերի անդրադառնալ, սակայն երբ լսեցի նրանց հայտարարությունը, ակամայից հիշեցի հետեւյալ անեկդոտը. «Հարցնում են մեկին` ձեր մամուլն ազա՞տ է արդյոք, նա պատասխանում է` եթե պապուլը տանը չի, մամուլն ազատ ա»: Ինչպես բոլոր համակարգերը, այնպես էլ ՀՌՀ-ն չի կարող լինել ազատ, սրանց հասկացած ազատությունը չունի արժեք»:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանից նույնպես հարցրինք` մասնակցե՞լ է ՀՌՀ 25 ամյակին նվիրված միջոցառմանը եւ ի՞նչ կարծիք ունի այդ կառույցի մասին, արդյո՞ք այն ազատ է ու անաչառ։ Տեր-Գուլանյանն ասաց. «Ես հեռուստատեսության, ռադիոյի եւ, առհասարակ, մամուլի մի շարք օրենքների հեղինակ եմ, վատ չէր լինի, որ ինձ էլ հիշեին, բայց չեն հիշել, ինչեւէ: Ես, անկեղծ ասած, հայկական TV-ներին չեմ հետեւում, քանի որ նրանց մեծ մասն ուղղակիորեն ազատ չէ, սուտ են խոսում, ոչ մի ազատություն: Ազատ հեռուստաալիք ժամանակին «ԱՐ» հեռուստաընկերությունն էր, ներողություն եմ խնդրում, որ իմ ստեղծած հեռուստատեսության վրա եմ օրինակը բերում, սակայն եթե ինձ հարցնում եք, թե ազատ հեռուստատեսությունը որն է, ես էլ պատասխանում եմ: Իհարկե, մենք մեր ազատության համար պատժվեցինք, դա չէ խնդիրը, սակայն ազատ լինել՝ նշանակում է ազատ մտածել, ազատ հաղորդումներ եթեր հեռարձակել եւ հասկանալ, թե որ ուղղությամբ ես գնում: Մի երկրում, որտեղ խոսքի համար մարդկանց են դատում, ինչպե՞ս կարող է լինել ազատ ՀՌՀ: Ինչո՞ւ են դատում Սամվել Կարապետյանին, որովհետեւ նա ասել է` «մենք էլ մեր ձեւով կմասնակցենք»: Նա ընդամենը մի անմեղ խոսք է ասել, որի համար բանտարկվել է: Կամ, օրինակ, դատի են տվել «Հրապարակ» օրաթերթին: Ես ձեր թերթի երդվյալ ընթերցողն եմ ու չեմ հիշում մի տող, որի համար արժեր դատ բացել: Ես արդեն վաղուց սկզբունքորեն դադարել եմ հետեւել Հ1-ին, հենց ազատության բացակայության պատճառով: Եկեք չմոռանանք նաեւ, որ մի շարք հեռուստաալիքներ են փակվել, անգամ «Շողակաթի» նման TV-ն, որը ո՛չ ընդդիմադիր էր, ո՛չ էլ կապ ուներ ընդդիմության հետ: Հոգեւոր ալիք էր, ինչո՞ւ այն զրկեցին եթերից, էլ ի՞նչ ազատության մասին է խոսքը, լավ չեմ հասկանում, ինչեւիցե, նախընտրական շրջան է, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, սակայն ես ամաչում եմ իրենց համար: Ամոթ է, կարիք չկա նման հայտարարություններ անելու, բոլորս ենք տեսնում, թե Հայաստանում խոսքի ազատությունն ինչ վիճակում է գտնվում, ներառյալ TV-ներն ու ռադիոն: Իշխանությունը հայհոյում է, սակայն ուրիշներին են դատում` խոսքի համար: Արսեն Թորոսյանը մի անգամ Ազգային ժողովի ամբիոնից բոլորիս մայր, կին, աղջիկ հայհոյեց, ո՞վ նրան պատասխանատվության ենթարկեց՝ ոչ ոք: Սակայն դրա փոխարեն եպիսկոպոսների են դատում, բարերարների են դատում, եւ այսպես շարունակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հուսով եմ` այդ նախագիծը կյանքի չի կոչվի

«Հրապարակ»․ Հուսով եմ` այդ նախագիծը կյանքի չի կոչվի Tue, 24 Mar 2026 11:15:34 +0400 Նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով