Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի

Tue, 24 Mar 2026 18:45:54 +0400


«Պատերազմը քաղցր է նրանց համար, ովքեր չեն տեսել այն»՝ զգուշացնում էր միջնադարի փիլիսոփա, գրող Էրազմ Ռոտերդամցին։ Այսօր պետք է ավելացնել՝ պատերազմն առավել քաղցր է նրանց համար, ովքեր այն վարում են ուրիշների ձեռքով։ Դոնալդ Թրամփի, Նեթանյահուի կառավարությունները եւ նրանց դաշնակից մեդիացանցերը ստեղծում են մշուշ, որտեղ անհնար է տարբերել իրականը կեղծից։ Միեւնույն ժամանակ Իրանը վարում է իր քարոզչական պատերազմը՝ նույնքան ագրեսիվ: Պաշտոնապես բոլորը խոսում են հաղթանակի մասին։ ՆԱՏՕ-ն «գործընթացի» մեջ չի մտնում ամբողջ ուժով, որովհետեւ դա կնշանակի լայնածավալ պատերազմ, եւ երեւի զգուշանալով նոր համաշխարհայինից։ ԱՄՆ-ն, Իսրայելը կանգ չեն առնում, որովհետեւ դա կնշանակի քաղաքական պարտություն հենց իրենց երկրներում։ Իրանը չի նահանջում, որովհետեւ դա կնշանակի երկրի մասնատում։ Այսինքն՝ բոլորը մնացել են մի կետում, որտեղ պատերազմը շարունակելն ավելի հարմար է, քան այն ավարտելը։ Սա արդեն ոչ թե սխալ հաշվարկ է, այլ՝ գիտակցված ընտրություն։

Պատերազմը միշտ ունի ֆինանսական շահառուներ։ Զենք արտադրողներ, էներգետիկ շուկաների խաղացողներ, քաղաքական էլիտաներ։ Այս պատերազմը չի ավարտվում ոչ թե այն պատճառով, որ լուծում չկա։ Չի ավարտվում, որովհետեւ այն դարձել է օգտակար։ Աշխարհը կրկին նայում է մի պատերազմի, որի մասին շատ է խոսվում, բայց գրեթե ոչ ոք չի հասկանում՝ որտեղ է դրա ավարտը։ Իրանա-ամերիկա-իսրայելական հակամարտությունը, որը պետք է լիներ «արագ գործողություն», արդեն վերածվել է երկարատեւ, հյուծող եւ վտանգավոր բախման։ Բայց ամենաէականը նույնիսկ ռազմաճակատում չէ։ Ամենաէականն այն է, թե ինչ է կատարվում դրա շուրջ՝ մարդկանց գիտակցության մեջ։ Այս պատերազմն առաջին հերթին տեղեկատվական է։ Կեղծ տեսանյութեր, անհետացող առաջնորդներ, հակասական հայտարարություններ։ Երբ նույնիսկ պարզ չէ՝ ով է ողջ, ով՝ ոչ, պատերազմը դուրս է գալիս պարզ «իրականությունից» եւ մտնում մի տարածք, որտեղ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի։ Իսկ երբ ճշմարտությունը վերանում է, պատերազմը դառնում է անվերջ-անսահման։

Իրականությունը, որքան էլ փորձեն թաքցնել, մի բան հստակ ցույց է տալիս․ արագ հաղթանակ չկա։ Երկու շաբաթ, երեք շաբաթ, ամիսներ… եւ պարզ է դառնում՝ ոչ մի կողմը չի կարողանում կոտրել մյուսին։ Սա արդեն դասական սխալ է, որը մարդկությունը կրկնում է տասնամյակներով՝ պատերազմ սկսողները միշտ թերագնահատում են դրա տեւողությունը եւ գինը։ Այդ ընթացքում, մինչ ռազմավարական «հաշվարկները» ձախողվում են, իրական կյանքում տեղի է ունենում այն, ինչ երբեք չի մտնում հաղթանակի մասին հայտարարությունների մեջ։ Քաղաքներ են ավերվում։ Մայրերը ծննդաբերում են մեքենաների մեջ։ Մարդիկ ապրում են փողոցում՝ նորածին երեխաների հետ։ Նավաստիները մնում են ծովում՝ առանց սննդի ու ջրի։ Պատերազմը երբեք միայն ռազմաճակատ չէ։ Այն ամեն օր տարածվում է հասարակ մարդկանց կյանքի վրա՝ դարձնելով նրանց «կողմնակի, վնասակար էակներ»։

Միեւնույն ժամանակ աշխարհը սկսում է զգալ դրա տնտեսական հետեւանքները։ Նավթի գներն աճում են, առեւտրային ուղիները փակվում են, պետությունները հայտնվում են նոր ճնշումների տակ։ Հորմուզի նեղուցը, որը պարզապես աշխարհագրական կետ էր, հանկարծ դառնում է ամբողջ աշխարհի տնտեսության սրտի զարկը։ Եվ այդ զարկը սկսում է խափանվել։ Ամենավտանգավորն առջեւում է։ Այս պատերազմը չունի հստակ ավարտի սցենար։ Մի կողմը չի կարող հեշտությամբ նահանջել՝ կորցնելով հեղինակությունը։ Մյուսը չի կարող լիարժեք հաղթել՝ առանց ավելի մեծ պատերազմի ռիսկի։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմը կարող է կա՛մ երկար շարունակվել, կա՛մ հանկարծակի պայթել-ընդլայնվել՝ ներգրավելով նոր երկրներ, նոր ճակատներ, նոր միլիոնավոր մարդկանց։ Պատմությունը ցույց է տվել՝ պատերազմներ սկսելը հեշտ է, բայց կանգնեցնելը՝ գրեթե անհնար, երբ դրանք արդեն դուրս են եկել վերահսկողությունից։ Այսօր աշխարհը կանգնած է հենց այդ կետի վրա։ Եվ ամենակարեւոր հարցը սա է՝ արդյո՞ք այսքան հակասական լուրերը, այս ամբողջ ցավը, իրենց տիրակալներ կարծող անձանց գործողությունները ցույց են տալիս պատերազմի ավարտի ցանկություն։ Պատասխանը ցավալի է։ Մարդիկ, հասարակությունները, որոշ պետություններ ցանկանում են դադարեցնել այս ամենը։

Բայց ուժային կենտրոնները դեռ շարունակում են մտածել հաղթանակի խելահեղ տրամաբանությամբ, ոչ թե խաղաղության։
Այս հակասությունն է, որ երկարացնում է պատերազմը։ Այս ամենից հետո մնում է մեկ պարզ ճշմարտություն․ ինչպես բոլոր պատերազմները, այս պատերազմը եւս երբեք չի լուծելու այն խնդիրները, որոնց համար սկսվել է։ Այն միայն ծնելու է նորերը՝ ավելի խորը, ավելի վտանգավոր, ավելի անլուծելի։ Եվ գուցե ամենամեծ վտանգը հենց դա է՝ մարդկությունը կրկին սովորում է ապրել պատերազմի հետ, ընդունել այն որպես «նորմալ»։ Բայց պատերազմը երբեք նորմալ չէ։ Այն միշտ պարտություն է։ Բոլորի համար։ Եվ հենց սա է ամենամեծ մեղադրանքը։ Երբ պատմությունը գրվի, հարցը չի լինելու՝ ով հաղթեց։ Հարցը լինելու է՝ ովքեր թույլ տվեցին, որ սա շարունակվի, երբ արդեն պարզ էր, որ դա ոչ մի լուծում չի տալու։ Եվ այդ պահին արդարացումներ չեն ընդունվելու։ Որովհետեւ, ինչպես դեռ հինգ դար առաջ զգուշացնում էր Էրազմ Ռոտերդամցին, պատերազմը միշտ թվում է արդարացված՝ մինչեւ բացահայտվում է, թե ում համար էր այն իրականում շահավետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ

Ի՞նչ են ուզում ասել ու հասկացնել քեզ, հարգելի 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ Tue, 24 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով