«Հրապարակ». Փախչողն ինքն է ուրիշներին ասում
Wed, 25 Mar 2026 10:25:33 +0400
«Շաբաթ-կիրակի օրերի դեպքերը ցույց տվեցին, որ մարդիկ վիրտուալ փողոց դուրս եկան, ասեցին՝ մենք չենք համակերպվում Արցախի կորստի հետ, մենք չենք համաձայնում այդ կրճատ քարտեզի հետ, որը քո իրողությունն է, ոչ թե ժողովրդինը: Շաբաթ-կիրակի մենք տեսանք հայ ժողովրդի կամարտահայտությունը՝ որ Արցախի թեման փակ չէ»․ լրագրող, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կազմակերպության անդամ Արմինե Սոխոյանն այսպիսի տպավորություն է ստացել Նիկոլ Փաշինյանի վերջին քարոզչական հանդիպումներից:
Նա, հիշեցնենք, այն կինն է, որն անցած շաբաթվա վերջին, հերթական մարզային այցելության ժամանակ սենսացիա արեց սոցցանցերով՝ Փաշինյանին հիշեցնելով. «Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտե՞ք, եւ ղարաբաղյան շարժումը շարունակվում է»: Մեկ շաբաթ անց էլ՝ արդեն Երեւանի մետրոյում, մեկ այլ Արմինե՝ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրը՝ Արմինե Մոսիյանը, Փաշինյանի դեմքին նետեց. «Մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք: Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:
Ի՞նչ էր սա, կարողացա՞վ արդյոք Փաշինյանը հերթական անգամ ատելություն հրահրել արցախցիների հանդեպ, նրանց «փախնողներ» անվանելով:
Արմինե Սոխոյանն ասում է. «Կարծում եմ, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Արցախի թեման փակ չէ: Նա արդեն շատ լավ գիտակցում է, որ այդ շարժումը շարունակվում է: Մինչ այդ նա ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, սոցիալական հարցերից բացի, Արցախի թեմայով որեւէ խոսք չէր լսել: Ես նրան ընդամենը ներկայացրի փաստեր, թե ինչ պատճառով են արցախցիները ստիպված եղել իրենց տները լքել, եւ կիրակի օրը, երբ նա հանդիպեց Արմինե Մոսիյանին, նրան ներկայացվեց, որ արցախցին ուղղակի չի լքել իր տունը, այլ պարտադրված է եղել լքելու»: Փախչողը, ըստ Արմինե Սոխոյանի, Նիկոլ Փաշինյանն է, ահա ինչու նա կարծում է, թե բոլորը փախչող են: «Ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականի մարտի 1-ին նա հազարավոր մարդկանց թողեց Շահումյանի արձանի մոտ ու փախավ, ու այդ մարդիկ չգիտեին, թե ինչ անեին, ու քանի որ նա ունի փախնողի հոգեբանություն, որ առաջին փախնողն ինքն է, նա բոլորին ուզում է այդպես դիտարկել: Արցախցին չի փախել, արցախցին ցեղասպանությունից մազապուրծ է եղել»:
Փաշինյանի խոսքն այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը գումարներ է փոխանցել Արցախ, Արմինեն համարում է ատելության քարոզ: «Հայ ժողովուրդն ամբողջ սրտով, առանց ափսոսանքի միշտ արցախցու կողքին է եղել, ու թող ինքը չփորձի ստանձնել հայ ժողովրդի դերը: Նա հայ ժողովուրդը չէ, նա ընդամենը փախնող Նիկոլ Փաշինյանն է՝ Ալիեւի կամակատարը»,- ասում է Արմինե Սոխոյանը: