Սահմանվել է տուրք՝ խաղաղ ապրելու համար

Սահմանվել է տուրք՝ խաղաղ ապրելու համար

Wed, 25 Mar 2026 18:15:00 +0400


Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի գործողություններն ու պահվածքը հերթական անգամ ապացուցում են ամերիկյան պետական գործիչ եւ քաղաքագետ Հենրի Քիսինջերի հայտնի խոսքերը. «Ամերիկայի թշնամին լինելը կարող է վտանգավոր լինել, բայց Ամերիկայի բարեկամը լինելը մահացու է»։ Այս խոսքերի ճշմարտացիությունն իրենց վրա զգացել ու շարունակում են զգալ աշխարհի շատ երկրներ, որոնց պարտադրել են լինել ԱՄՆ բարեկամը, եւ, ցավոք, այդ պարտադրանքի զոհերի ցանկում ենք նաեւ մենք:

Պարսից ծոցի արաբական պետություններն ԱՄՆ-ին համարում էին իրենց դաշնակիցը եւ անվտանգության երաշխավորը: Բայց ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ առանց հաշվի առնելու այդ երկրների կարծիքը, գուցե նույնիսկ առանց տեղյակ պահելու: Արեւմտյան մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Պարսից ծոցի երկրներից 5 տրիլիոն դոլար գումար է պահանջել՝ պատերազմը դադարեցնելու համար: Թե ինչու պետք է այդ երկրները վճարեն ոչ իրենց սկսած պատերազմը կանգնեցնելու համար, որտեղ իրենք տուժողի դերում են, դժվար է հասկանալ, բայց կարելի է հիմնավորել:

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ահռելի գումար է պահանջում ԱՄՆ-ն՝ պատերազմը դադարեցնելու համար, միայն ասենք, որ ներկայիս միջազգային գներով 5 տրիլիոն դոլարը համարժեք է 50 միլիարդ բարել նավթին: Սաուդյան Արաբիան, որն ամենամեծ նավթ արդյունահանող եւ արտահանող երկիրն է աշխարհում, օրական արդյունահանում է 11 միլիոն բարել նավթ, այսինքն՝ ԱՄՆ-ն պահանջում է Սաուդյան Արաբիայի 12-13 տարվա նավթի արդյունահանման ամբողջ ծավալը, այդ երկրի նավթային ամբողջ ռեսուրսի, հետազոտված պաշարների 20 տոկոսը: Ընդ որում, այդ նավթը հենց այնպես չի դուրս գալիս երկրի մակերեւույթ, դրա արդյունահանման վրա գումար է ծախսվում: Ստացվում է, որ եթե վերցնենք միայն Սաուդյան Արաբիան, ապա այդ երկիրը պետք է 13 տարի սեփական գրպանից գումար ծախսի, 50 միլիարդ բարել նավթ արդյունահանի եւ այդ ամբողջ նավթն ուղարկի Միացյալ Նահանգներին, միայն թե ԱՄՆ-ն իրենց թողնի խաղաղ ապրել: ԱՄՆ-ն խաղաղության համար տուրք է ուզում եւ ոչ միայն Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից, Արաբական Միացյալ Էմիրություններից, այլեւ՝ բոլոր երկրներից: Ուզելու է, որպեսզի աշխարհը վճարի իրեն՝ խաղաղ ապրելու իրավունքի համար: Սա է ԱՄՆ գոյության նոր կոնցեպցիան:

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները կեղծ դաշնակցից վերածվեց մահացու թշնամու: Պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները նախկինում աշխարհի նկատմամբ ունեցած իր հեգեմոնիան պահում էր աշխարհի առաջատար տնտեսությունը լինելու գործոնի շնորհիվ: Բոլորի համար շահավետ էր լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, քանի որ աշխարհի ՀՆԱ-ի մեծ մասը ստեղծվում էր այդ երկրում, իսկ սա նշանակում էր, որ եթե քո երկրին ինչ-որ բան է պետք, սկսած ապրանքներից, վերջացրած ծառայություններով եւ տեխնոլոգիաներով, դու, այսպես թե այնպես, պետք է դիմես ԱՄՆ-ին՝ դրանք ձեռք բերելու համար, եթե վաճառելու բան ունես, ամենալավ գնորդն ԱՄՆ-ն է: Դրա համար աշխարհի երկրների մեծ մասը կամավոր կամ պարտադրանքով ընդունել էր ԱՄՆ-ի առաջնորդությունը եւ համակերպվել դրա հետ:

Ավելի պարզ լինելու համար մի օրինակ բերենք: Աշխարհի ամենամեծ նավթարդյունահանող երկիրը՝ Սաուդյան Արաբիան, երկու պայմանագիր էր ստորագրել է ԱՄՆ-ի հետ․ մեկը 1945 թվականին, որը հայտնի է «Քվինսի պակտ» անունով, քանի որ ստորագրվել է ամերիկյան «Քվինսի» հածանավի վրա՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի եւ Սաուդյան Արաբիայի միապետ Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլռահման Ալ Սաուդի միջեւ, ըստ որի՝ ԱՄՆ-ն մենաշնորհ ստացավ Սաուդյան Արաբիայի նավթը հետազոտելու, զարգացնելու եւ գնելու հարցում, իր հերթին երաշխավորելով սաուդցիների պաշտպանությունը ցանկացած արտաքին սպառնալիքից: Իսկ, ի լրումն դրա, 1974 թվականին ստորագրվեց մեկ այլ պայմանագիր, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան պարտավորվեց իր նավթը համաշխարհային շուկայում վաճառել բացառապես դոլարով: Այդ պայմանագիրը ստորագրվեց 50 տարի ժամկետով եւ 50 տարի ապահովեց դոլարի, հետեւաբար եւ՝ ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունը: 1945-ին եւ նույնիսկ 1973 թ․ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ նավթի գնորդն էր, ամենամեծ տնտեսությունն ուներ, եւ Սաուդյան Արաբիան այլընտրանք չուներ: Բայց 50 տարվա մեջ շատ բան փոխվեց:

Սաուդյան Արաբիան երկար սպասում էր այդ համաձայնագրի ավարտին, որից հետո այդ երկիրը, ազատվելով դրա պարտադրանքից, սկսեց նավթ վաճառել նաեւ չինական յուանով, միացավ ԲՐԻԿՍ-ին, այդ կազմակերպությանը միացավ նաեւ նավթի մեկ այլ խոշոր արդյունահանող՝ Արաբական Միացյալ Էմիրությունները: Նրանք Չինաստանի հետ համագործակցությունը դիտարկում էին որպես իրենց անկախության եւ ինքնիշխանության ապահովման երաշխիք, բացի դա, Չինաստանը դարձել էր աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողն ու ամենաարագ զարգացող տնտեսությունը, որի շուկա մուտք ունենալու համար պայքարում էին նավթի բոլոր խոշոր արտահանողները:

Կարո՞ղ էր Միացյալ Նահանգները ներել իր վասալների ազատատենչության նման դրսեւորումները․ միանշանակ՝ ոչ: Չունենալով այդ երկրների վրա ազդելու տնտեսական լծակներ, ԱՄՆ-ն որոշեց նրանց պատժել ռազմական ճանապարհով: Ճիշտ եւ արդար կլիներ, եթե այդ երկրների անվտանգության երաշխավուր ԱՄՆ-ն՝ ինքը պատերազմ սկսեր եւ ուղղակի օկուպացներ այդ երկրները, բայց ԱՄՆ-ն ավելի հնարամիտ վարվեց՝ պատերազմ սկսեց Իրանի դեմ, թող Իրանն իր հրթիռներով ոչնչացնի այդ երկրները, դրանով միաժամանակ երկու հարց կլուծվի` ե՛ւ Իրանի, ե՛ւ Պարսից ծոցի արաբական երկրների թուլացումը եւ, եթե հնարավոր լինի՝ հնազանդեցումը:
Ինչպես ցանկացած թուլացած եւ մեռնող կայսրություն, ԱՄՆ-ի՝ որպես կայսրության մահը եւս ուղեկցվելու է նման թունավոր արտանետումներով: Այդ երկիրն իր ունեցած ամբողջ ռազմական ներուժն օգտագործելու է որպես վերջին լծակ՝ աշխարհի մյուս երկրներին վախեցնելու, շանտաժի ենթարկելու եւ նրանց հաշվին իր գոյությունը եւս որոշ ժամանակ երկարաձգելու համար:

Սա կարեւոր է նաեւ մեզ համար, հասկանալու, որ ԱՄՆ-ն չի կարող լինել դաշնակից, չի կարող լինել անկախության կամ անվտանգության երաշխավոր, նա պատրաստ կլինի վաճառել Հայաստանն էլ, հայությանն էլ, եթե դրա համար լավ գին վճարող լինի: Իսկ գին վճարող հաստատ կլինի, եթե, իհարկե, մենք թույլ տանք, որ մեզ վերաբերվեն որպես անտեր ապրանքի, որի հետ կարելի է վարվել՝ ոնց մտքներով անցնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե ժողովուրդն ապաշխարի, վերեւից հրեշտակ է իջնելու՝ սրանց հավաքի տանի

«Հրապարակ». Եթե ժողովուրդն ապաշխարի, վերեւից հրեշտակ է իջնելու՝ սրանց հավաքի տանի Fri, 27 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով