Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Իրենք ընտրում են խաղաղության ադրբեջանական մոդելը, որտեղ հայերն ու Հայաստանը չկան

Իրենք ընտրում են խաղաղության ադրբեջանական մոդելը, որտեղ հայերն ու Հայաստանը չկան

Wed, 25 Mar 2026 18:16:18 +0400


Ցանկացած երկրում իշխանության ադեկվատությունը չափվում է ոչ թե մետրոյում «ժողովրդի մեջ դուրս գալու» ցուցադրական ակցիաներով, որտեղ վագոնի կեսը՝ պահակազորն ու «համաժողովրդականի» պալատական մասսովկան է, իսկ մնացածը՝ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, շոկի մեջ են այս նախընտրական նյարդային կրկեսից։

Իրական ցուցանիշը՝ ղեկավարության կոմպետենտության մակարդակն է և այն, թե ինչ գաղափարներ ու իմաստներ է իշխանությունը փոխանցում հասարակությանը։

Եվ ահա մենք տեսնում ենք՝ բառի բուն իմաստով այս «անկապ» իշխանության լիակատար, անվերապահ և շռնդալից ձախողումը։ Փաստացի մենք ունենք իշխանություն, որը կամ ոչ ադեկվատ է ընկալում իրականությունն ու սպառնալիքները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, կամ գիտակցաբար, գրեթե «գժական» համառությամբ, անտեսում է դրանք՝ ցուցադրաբար արհամարհելով երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տարրական կանխարգելիչ միջոցները։

Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը պահպանելու մոլուցքը վերջնականապես խժռել է պետությունը ղեկավարող մարդկանց առողջ բանականությունը։

Եկեք ֆիքսենք մի պարզ, բայց, ըստ էության, շոկային փաստ․ աշխարհում կա ընդամենը երկու քաղաքական միավոր, որոնք պարբերաբար սպառնում են Հայաստանին պատերազմով՝ դրանք Ադրբեջանի իշխանություններն են և… հենց Հայաստանի իշխանությունները։

Եվ՛ մեկը, և՛ մյուսը, փաստացի, սպառնում են նույն բանով․ եթե ընտրությունների արդյունքներն «իրենց ուզածը» չլինեն՝ իբր կլինի պատերազմ։

Առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պատերազմ սկսի, եթե Հայաստանում փոխվի գործող իշխանությունը։ Պատասխանը ակնհայտ է և տհաճ․ որովհետև այդ դեպքում Հայաստանը կարող է դադարել լինել Բաքվի շահերը սպասարկող հարմար գործիք։

Իսկ Բաքվի շահերը առավել քան պարզ են՝ հայկական պետականության ապամոնտաժում՝ երկրի տարածքը, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանի» վերածելու հեռանկարով։

Եվ ի՞նչ ենք ստանում վերջում։

Գործող հայկական իշխանությունը Բաքվի համար ամենահարմար տարբերակն է։ Ցանկացած այլընտրանք՝ ռիսկ։ Այստեղից էլ այս ամբողջ հիստերիան՝ «իշխանափոխության դեպքում պատերազմ» թեմայով։

Այսինքն՝ մարդկանց, ըստ էության, առաջարկվում է ընտրություն առանց ընտրության՝ կամ բացահայտ աղետ, կամ «անցավ» ինքնաոչնչացում՝ իբր (այո, հենց իբր) խաղաղասիրական քարոզչության «անզգայացման» տակ։

Հիմա հարց՝ դուք լո՞ւրջ եք այս ապուշությունը արտաբերում։

Սա ընդհանրապես պետական մտածողության մակարդա՞կ է։

Եվ հանգում ենք մի պարզ եզրակացության․ այս փակ շղթայից դուրս գալու միակ ճանապարհը վախի պարտադրված տրամաբանությունը կոտրելն է և ձևավորել ադեկվատ, կոշտ և ինքնիշխան իշխանական համակարգ, որը կաշխատի Հայաստանի շահերի համար, այլ ոչ թե կփորձի միաժամանակ հաճոյանալ բոլոր արտաքին խաղացողներին (այս աբսուրդ «բազմավեկտոր կախվածությունը», որը ներկայացվում է որպես անկախություն, արդեն ցույց է տվել իր սնանկությունը)։

Եվ վերջապես՝ ամենաանհանգստացնողը․ իշխանությունը այնքան հաճախ և համառորեն վախեցնում է մարդկանց պատերազմով՝ անգամ ակնարկելով կոնկրետ ժամկետներ, որ առաջանում է օրինաչափ կասկած՝ արդյո՞ք այս սցենարը չի դիտարկվում որպես ներքին ճնշման գործիք։

Շատ կուզենայի հավատալ, որ դա այդպես չէ։

Բայց երբ սեփական ժողովրդին համակարգված շանտաժի են ենթարկում պատերազմով, նման եզրակացությունները դառնում են անխուսափելի։

Պետք է հստակ արձանագրել, որ փաշինյանական իշխանությունները ուղիղ և անթաքույց մերժում են խաղաղության այն մոդելը, որը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է, այսինքն, իրենց հետաքրքիր է խաղաղության ադրբեջանական մոդելը, որում Հայաստանը և հայերն ուղղակի չկան։

Եվ վերջում՝ մի պարզ հարց․ ընդհանրապես մտածո՞ւմ եք նախքան բացահայտ անհեթեթություն ասելը, մերժելով խաղաղությունը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անկեղծ զարմանում եմ, թե այդ ինչից է բխում մարդկանց հույսը և հավատը

Անկեղծ զարմանում եմ, թե այդ ինչից է բխում մարդկանց հույսը և հավատը Wed, 01 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով