Պատերազմ լինի, թե խաղաղություն՝ ձեզ տեսել ենք
Wed, 25 Mar 2026 19:45:11 +0400
L’État, c’est moi․ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ին է վերագրվում «Պետությունը ես եմ» միտքը, թեեւ, ասենք, որ պատմաբանները վիճում են՝ նա իրո՞ք ասել է սա, թե՞ ուղղակի այդպես են ժամանակակիցները բնորոշել նրա բացարձակ միապետական իշխանությունը։ Բայց ասած կլինի, նրա կյանքն ու գործունեությունն ապացուցում են, որ հաստատ համարել է, թե պետությունն ինքն է։ Ինչեւէ։
Նմանություններ փնտրել պետք չէ։ Ֆրանսիացի ազնվազարմ միապետին գավառագիտունների հետ համեմատելու համար չէ, որ այս ամենը հիշատակում ենք, ուղղակի ուզում ենք ասել, որ եթե Լուի 14-րդն ասել է կամ չի ասել, թե պետությունն ինքն է, գավառամիտ ղեկավարներն ասել են, ու լսել ենք։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ կառավարությունը ես եմ, ու դա չարժանացավ մեծ արձագանքի, երեւի պատճառն այն է, որ այս մարդու ասածները պատմության համար նույնքան արժեքավոր չեն, ինչպես Լուի միապետի անգամ չասածները։
Եվ այսպես, ո՞վ կարող էր ենթադրել, թե «վերջապես ժողովրդավարության դուռը բացած» Հայաստանում կլինի մի վարչապետ, որն ուղղակիորեն կասի՝ «կառավարությունը ես եմ»։ Դա ամենեւին Լուի 14-րդի ասածի կրկնությունը կամ պարոդիան չէ, դա կատակ չէ եւ ոչ էլ փոխաբերություն։ Դա ինքնաբուխ եւ անակնկալ խոստովանություն է, որը նույն պահին իսկ զարմացրեց թե՛ իրեն՝ ասողին, թե՛ իրեն լսող անգամ կողմնակիցներին։ Սա ապացույց է, որ իրենց խոստացած ժողովրդավարությունը չստացվեց, եղավ հակառակը՝ ստացվեց միապետություն։ Կառավարությունը ես եմ, ես եմ կաթողիկոսը, ես եմ միակը, ով կարող է հաստատել խաղաղություն հայկական լեռնաշխարհում ու պահպանել այն, ես միակ իմաստունն եմ, որ հաստատ գիտի՝ ինչ ասել ու ինչ գիծ պահել, որպեսզի խաղաղություն լինի․ հիմա էլ ասում է կառավարության մարմնացում վարչապետը։ Նա ոչ միայն կառավարությունն է, այլեւ հայ ժողովրդի նահապետը՝ ընդմիշտ վարչապետը, նոր միապետը, ալֆան եւ օմեգան, առանց որի հայության գոյությունը ոչ թե հարցականի տակ է, այլեւ դատապարտված է վերջնական ոչնչացման։ Նա իշխանության եկավ՝ առաջին անգամ ասելով․ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», հիմա ասում է, փաստորեն՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինի։
Եվ եթե սահմանադրական մեծամասնություն չստանանք, սեպտեմբերին պատերազմ կլինի՝ չարագուժում է Փաշինյանը՝ նշելով ստույգ ժամկետ եւ աղետաբեր ելք։ Սա սեփական ժողովրդի նկատմամբ աննախադեպ եւ լայնածավալ ահաբեկություն է ու շանտաժ։
Պատերազմ ոչ ոք չի ուզում։ Ընտրապայքարի պատրաստվող քաղաքական ուժերից որեւէ մեկը չի ինքնահռչակվել որպես պատերազմի կողմնակից։ Մարդիկ խոսում են բանակցային արդյունավետ գործընթաց սկսելու, հայկական շահը տարբեր ատյաններում ներկայացնելու, դաշնակիցների հետ հարաբերությունների հստակեցման եւ ամրապնդման անհրաժեշտության մասին։ Որտե՞ղ է տեսնում պատերազմի վտանգը Փաշինյանը։ Այո, 7 տարում հայությունը տեսավ պատերազմ, կորցրեց հայրենիքի մի մասը, կորցրեց մի սերունդ երիտասարդություն, եւ այդ աղետներից «օգուտ» քաղեց միայն 7 տարի առաջին դասարանում մնացած վարչապետը։ Նա, իր կարծիքով, խաղաղության միակ մունետիկն է, միակը՝ երաշխավորն ու դրոշակակիրը, եւ, փաստորեն, հայ ժողովուրդը դատապարտված է իր գոյության ամբողջ ընթացքում միայն նրան ունենալ որպես վարչապետ։
Արդյոք նա անմա՞հ է եւ կարո՞ղ է ընդմիշտ լինել՝ խաղաղության իր հրաշալի կոնցեպտը պաշտպանելու համար։ Գուցե նրան ընտրենք միանգամից 100 տարո՞վ, որ զերծ լինենք պատերազմի վտանգից։ Բայց այդպես չէ, իրենց ընտրողների թիվն այս խոսույթով չի ավելանալու` նվազելու է։ Շանտաժի լեզուն համոզելու ամենավատ տարբերակն է, դա առաջացնում է մերժում, քանի որ բռնություն է եւ պարտադրանք։ Շանտաժին դիմում են վերջին հերթին, երբ բոլոր տարբերակները՝ սրտիկները, բարի խոստումները, նվագել-երգել-պարելը սպառվել են, ցանկալի օգուտը չեն տվել, լավ չեն համոզել, ու ժամանակն է՝ կրակել վերջին փամփուշտը՝ դիմել շանտաժի ու ստիպել, որ հիմա էլ իրենց ընտրեն ոչ թե՝ որովհետեւ իրենք լավն են, այլ՝ որովհետեւ իրենք են մեր գոյության միակ երաշխիքը, եւ ուրիշ ճար չկա․․․
Սա անգամ որպես շանտաժ լավ չի համոզում՝ 2 պատճառով։ Նախ ցույց է տալիս, որ իրենք ոչ միայն ժողովրդավարություն, այլեւ կայուն խաղաղություն չեն հաստատել, որի վրա հայ մարդն արդեն կարող է վստահ լինել ու գոհ մնալ իրենցից, որ պատերազմի դուռը, թեկուզ ծանր վնասով, փակվեց վերջապես։ Երկրորդ․ եթե պատերազմի հավանականությունը մնում է, եւ իրենց հաստատած խաղաղությունն այդքան փխրուն է, ուրեմն՝ առավել եւս այս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք պատերազմ վարում, տեսել ենք, թե ինչպես են ձախողում պատերազմը եւ պարտությունից հետո թշնամուց ներողություն խնդրում ու շնորհակալություն հայտնում, իսկ մահ ու ավեր տեսած հայրենակցի վրա մատ թափ տալիս ու «փախած» անվանում։ Պատերազմ լինի, թե խաղաղություն՝ երկիր կառավարելու նրանց հունարը մենք տեսել ենք։