«Հրապարակ». Ինչ է թաքցնում նախարարությունը
Thu, 26 Mar 2026 10:45:23 +0400
Մարտի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել։ Առաջին հարցը հետեւյալն էր․ «2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025 թվականներին հավանության արժանացած եւ համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ եւ դրանց ժամկետները երկարացնել մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը։ Դա վերաբերում է այն համայնքներին, որտեղ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2025թ․ նոյեմբերի 15-ը։ Այդ որոշմամբ քանի՞ ծրագրի իրականացում է հետաձգվել, որքա՞ն է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ պայմանագրերից քանի՞սն են կնքվել 2022-ին, քանի՞սը՝ 2023-ին, 2024-ին եւ 2025-ին»։
Մարտի 11-ին ՏԿԵ փոխնախարար Ա․ Դարբինյանից պատասխան եմ ստացել, որի մեջ 1-ին հարցի պատասխանը չկա, ինչ-որ ընդհանուր նախադասություններ են։ Մարտի 12-ին նախարար Խուդաթյանին նոր հարցում եմ ուղարկել՝ կրկնելով նույն հարցը, քանի որ նախորդ հարցմանս չեն պատասխանել։ Մարտի 19-ին ստացել եմ ՏԿԵՆ գլխավոր քարտուղարին փոխարինող Ա․ Ազատյանի պատասխանը․ «Հայտնում ենք, որ հարցման 1-ին կետին անդրադարձել ենք ՀՀ ՏԿԵ նախարարության 11․03․2026թ․ թիվ ԱԴ-9074-2026 գրության առաջին պարբերությունում։ Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ առավել մանրամասն տեղեկատվություն կարող է տրամադրել տեղեկատվությանը տիրապետողը՝ պայմանագրի կողմ հանդիսացող համայնքը կամ կապալառուն»։ Հարց է ծագում՝ ի՞նչ է համառորեն թաքցնում ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանը, որ չի ցանկանում հայտնել, թե հանրապետությունում ընդհանուր քանի սուբվենցիոն ծրագիր է երկարաձգվել մինչեւ 2027թ․ հունիսի 30-ը, որքան է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ ծրագրերից քանիսն են կնքվել 2022-ին, քանիսը՝ մյուս թվերին։