Հակամարտության կարգավորման սցենարներ
Thu, 26 Mar 2026 11:00:11 +0400
Չնայած ռմբահարումները շարունակվում են, սակայն մերձավորարեւելյան էսկալացիայի մասով արդեն սկսել է քննարկվել կարգավորման երեք սցենար․
1․ Միջուկային գործարքի համաձայնագիր, որը համարվում է ժամանակավոր տարբերակ։ Դա լինելու է տեխնիկական համաձայնագիր, որը զսպելու, սահմանափակելու է Իրանի միջուկային ծրագիրը՝ հակաիրանական սանկցիաների մասնակի չեղարկման, մեղմացման դիմաց։ Սա, սակայն, հարցի վերջնական լուծում չի համարվում, քանի որ չի լուծում գլխավոր խնդիրը՝ ռեգիոնում ամերիկյան ռազմական ներկայությունը։ Թեհրանի համար այն, ըստ ամենայնի, ընդունելի չէ։ Իրանական կողմը դա համարում է ԱՄՆ-ի կողմից լարված թակարդ, որը թույլ կտա Վաշինգտոնին՝ իրականացնել ուժերի վերախմբավորում։
2․ Հակամարտության սառեցում, որը նշանակում է, որ Վաշինգտոնը փաստացի ընդունում է, որ իրավիճակը փակուղային է։ Այս դեպքում՝ Միացյալ Նահանգներն իր ուժերը մասամբ դուրս է բերում ռեգիոնից կամ կրճատում է ակտիվությունը Մերձավոր Արեւելքում։ Իրանն էլ իր հերթին պարտավորվում է զսպել իր պրոքսիներին, զերծ մնալ միջուկային ծրագրի էսկալացիայից՝ մինչեւ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները։ Դա խաղաղության պայմանագիր չէ, այլ ջենթլմենական համաձայնություն՝ գեոպոլիտիկ ծանրքաշայինների միջեւ, ովքեր իրապես հոգնել են արդեն հյուծիչ պատերազմներից։
3․ Բանակցությունները խափանվում են։ Ամերիկյան կողմն Իրանի պահանջներն իր համար ստորացուցիչ է դիտում։ Միջամտում է նաեւ Իսրայելը՝ հերթական սադրանքով փորձելով վիժեցնել ցանկացած պրոցես, որը կարող է գնալ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ, ինչպես արել է քանիցս։ Այդ դեպքում արդեն ռեգիոնին սպասվում են տարիների լարվածություն եւ նորանոր էսկալացիաներ։ Խնդիրը Մերձավոր Արեւելքում ուժերի նոր հավասարակշռության ձեւակերպումն է, եւ դա հասկանում են բոլորը եւ, ըստ այդմ, ձգտում են գոնե պահպանել իրենց դիրքերը կամ դուրս գալ նվազագույն կորուստներով։