«Հրապարակ». Ո՛չ լիցենզիա ունի, ո՛չ ավարտական ակտ, բայց գործում է
Thu, 26 Mar 2026 12:15:21 +0400

Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ 2025-ին մանկապարտեզ է կառուցվել: Շինարարությունը սկսվել է 2023-ին: 2025 թ․ նոյեմբերին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մանկապարտեզի բացումն է արել եւ հպարտացել, թե 13 ամիս չբացվող հաստատությունը բացվեց 7 օրում:
Համայնքի խնդիրներով մտահոգ բնակիչներից մեկը հարցում էր ուղարկել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե մանկապարտեզն ունի՞ շահագործման թույլտվություն: Տեսչականը պատասխանել էր, որ Վարդաբլուրի մանկապարտեզը չունի ընդունող հանձնաժողովի կողմից տրված ավարտական ակտ եւ շահագործման թույլտվություն։
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Լոռու մարզպետին՝ Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրում կառուցվող մանկապարտեզին ընդունող հանձնաժողովն ավարտական ակտ ու շահագործման թույլտվություն չի տվել, ի՞նչ հիմքով է այժմ մանկապարտեզը գործում։ «Հաշվի առնելով այն, որ Ձեր կողմից նշված մանկապարտեզի եւ մարզում կառուցված մի շարք այլ մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքների պատվիրատուները հանդիսանում են համայնքները, ավարտական ակտի եւ շահագործման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրել համապատասխան համայնքը»:
Փորձեցինք Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանից պարզել՝ եթե մանկապարտեզը տեսչական մարմնի կողմից չի ստացել ավարտական ակտ եւ շահագործման թույլտվություն, ի՞նչ հիմքով է գործում: Վարդանյանը մեր զանգերին չպատասխանեց: Նույն հարցն ուղղեցինք նրա խորհրդական Մարինե Ալեքսանյանին։ «Զանգեք համայնքի ղեկավարին»: Ասացինք, որ երկու օր է՝ փորձում ենք կապ հաստատել Խաչիկ Վարդանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չի պատասխանում։ «Կարող է երեք օր էլ Ձեր զանգերին չպատասխանի, խոշորացված համայնքի ղեկավար է, Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պաշտոն է ինքը զբաղեցնում: Իմ համարը որտեղի՞ց եք վերցրել, երրորդ կողմին դատ է հասնում, որ համարս տվել է»,- ագրեսիվացավ համայնքապետի խորհրդականը, որին երեւի թվում է, թե ինքը Թրամփի օգնականն է, իր ղեկավարն էլ Թրամփին հավասար պաշտոնյա է:
Այս հարցի շուրջ զրուցեցինք «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանի հետ։ «Ոչ միայն նշված մանկապարտեզը, այլեւ նմանատիպ մանկապարտեզները, ըստ երեւույթին, բազում են, այդ թվում՝ նաեւ Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը, որը չունի ավարտական ակտ, բայց շահագործվում է: Ըստ էության, խնդիր է առաջանում՝ կա՛մ տվյալ մանկապարտեզում պետք է հարկադիր պարապուրդ գործի, աշխատողները ստանան աշխատավարձ, բայց գործի չգնան, երեխաներն էլ՝ մանկապարտեզ, որովհետեւ ցանկացած գործառույթ կարող է տեւել մոտ 2 տարի: Այստեղ կա լուրջ խնդիր, քանի որ դիտարկումներ ենք արել, հասկացել ենք մի բան, որ այն մանկապարտեզները, որոնք անվտանգային առումով չունեն խնդիր, իրենց շահագործումը ներքին կարգով թույլատրվում է: Զուգահեռ դրան, մի շարք մանկապարտեզներ ամբողջ մարզում եւ հանրապետությունում չունեն լիցենզիաներ, որը պարտադիր օրենքի պահանջ է: Այստեղ խնդիրը ոչ թե ավելի շատ առանց ավարտական ակտի գործելն է, այլ՝ այն, որ մանկապարտեզը չունի ԿԳՄՍՆ-ի տրամադրած լիցենզիա:
Ըստ երեւույթին, ամենամեծ խնդիրը դա է, որովհետեւ այստեղ մենք չունենք հստակ տեղեկատվություն, թե տվյալ մանկապարտեզը երեխաների հաճախելու համար ինչքանով է պիտանի: Այն, որ ավարտական ակտը տեխնիկապես կարեւոր է՝ շատ կարեւոր է, բայց փորձը ցույց է տալիս, որ շահագործումն այս դեպքում երբեւէ անվտանգային խնդիր չի առաջացնում: Այլ բան է, որ անվտանգային խնդիր առաջացրել է այն մանկապարտեզներում, որտեղ լիցենզիա չի եղել՝ սկսած սննդի մատակարարումից, հիգիենայի պահպանությունից մինչեւ մնացած ամեն ինչ: Այս պահին մենք չգիտենք՝ հավակնո՞ւմ են ունենալ երբեւէ լիցենզիա, թե՞ ուղղակի գումար է՝ ծախսվել է, թե՞ հետագայում խոտան տարածքներ են դառնալու այդ մանկապարտեզները»: Ավարտական ակտն ո՞ւմ կողմից է տրվում։ «Համայնքապետարանը պետք է գրություն ուղարկի քաղաքաշինության, հակահրդեհային տեսչական մարմին: Տեսչական մարմինը գալիս, ստուգում է անում: Չի կարող լինել մի շինարարություն, որտեղ որ չլինեն նվազագույն թերություններ: Մինչեւ թերությունները վերացված չլինեն, տեսչական մարմինը չի կարող ստորագրել ավարտական եզրակացությունը: Դրանից հետո պետք է համայնքն ընդունի մանկապարտեզն իր բալանսում եւ ավագանու նիստի միջոցով տրամադրի ՀՈԱԿ-ին՝ որպես օգտագործման գույք»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր