Ես չեմ սիրում խոսել Սահմանադրական դատարանի մասին

Ես չեմ սիրում խոսել Սահմանադրական դատարանի մասին

Thu, 26 Mar 2026 22:15:13 +0400


2020 թվականի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է Սահմանադրական դատարանի կազմը փոխվի եւ առաջին հերթին` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, քանի որ վերջինս ՀՀԿ-ական է եւ ՍԴ-ում առկա է ճգնաժամ։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը եւ ինչով է Հրայր Թովմասյանի ՀՀԿ-ական լինելն արտահայտվում: Բայց Փաշինյանը եռանդով կպավ իր հերթական ավերիչ ծրագրի իրականացմանը: Էլ ՍԴ դատավորներին կաշառելու եւ բարձր թոշակով հանգստի ուղարկելու խոստումներ, էլ սահմանադրական հանրաքվե անելու փորձ, որը քովիդի պատճառով` չիրականացվեց: Ապա ուժային մեթոդով` խորհրդարանում, օրենքի ոտնահարմամբ ուղղակի Սահմանադրությունը փոխեց եւ մի խումբ դատավորների զրկեց իրենց լիազորություններից, իսկ Հրայր Թովմասյանին դարձրեց ՍԴ շարքային դատավոր, որին կարողացան հեռացնել ընդամենը օրեր առաջ` 2026 թվականի սկզբին` մի քրեական գործի շրջանակներում շինծու դատավճիռ արձակելով:

Եւ ժամանակին Հրայր Թովմասյանի` ՀՀԿ-ական լինելը բազմիցս թմբկահարած անձ հիմա ՍԴ դատավոր եւ ըստ լուրերի` ՍԴ նախագահ է ուզում դարձնել կարկառուն մի ՀՀԿ-ակաների` Հրայր Թովմասյանի նախկին գործընկեր Վլադիմիր Վարդանյանին: Արդյո՞ք վերջինս «քաղաքական կախվածություն» չունի ՔՊ-ից, ինչպես ժամանակին ասում էին Հրայր Թովմասյանի մասին: Լսելով ՔՊ-ականների նախկին հայտարարությունները միամիտ մարդիկ կարող էին կարծել, թե իշխանությունն իսկապես մտահոգված է արդարությամբ, օրինականությամբ, ՍԴ անդամների անաչառությամբ և պայքարում է օրենսդիր իշխանության անկախության համար, սակայն այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ դարձավ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը, իսկ հիմա էլ ՍԴ դատավոր է դառնում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անգամ ամենաանտեղյակ մարդու համար պարզ դարձավ, որ ՔՊ-ն ընդամենը իրենով է անում բոլոր պետական ինստիտուտները, որ կարողանա օրենքներ շրջանցել, մեր պետության դեմ որոշումներ կայացնել, Ալիեւի բոլոր պահանջները կատարել։

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագրից» օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանը ԱԺ փակ քվեարկության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել: Ավելի քան 8 տարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եղած Վլադիմիր Վարդանյանին առաջադրել էր երկրի նախագահը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրել էր, որ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է մի քանի թեկնածուների հետ եւ Վարդանյանին ընտրել է` ըստ մասնագիտական կարողությունների:

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Վարդանյանի դատավոր նշանակվելու կապակցությամբ, արդյո՞ք ազնիվ է դա և օրենքի տառին համապատասխան որոշում է կայացված` նրան ՍԴ-ում դատավոր նշանակելով։ Գյուլումյանը ասում է․ «Ես չեմ սիրում խոսել Սահմանադրական դատարանի մասին, առավել ևս, որ Վարդանյանն ընտրվել է արդեն, եկեք շնորհավորենք, ինչ ասեմ․․․․ նա արդեն կուսակցությունից դուրս է եկել։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա․․․»: Հարցին՝ չե՞ք տեսնում այստեղ վտանգներ, Գյուլումյանն ասաց․ «Ես միշտ փորձում եմ ՍԴ-ի մասին չխոսել, քանի որ ես այնտեղ աշխատել եմ, գեղեցիկ չէ, որ խոսեմ այդ կառույցի մասին։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ապա նման օրինակներ էլի են եղել, հատկապես, որ նա տեսականորեն դուրս է եկել կուսակցությունից։ Օրինակ՝ Կիմ Բալայան, Հրայր Թովմասյան, Ռաֆայել Պապոյան և այլն։ Ես չեմ կարող ասել, թե ում վրա որքանով է դա ազդել, սակայն սա նոր բան չէ։ ՔՊ-ական իշխանությունը ասում եք, որ նախկինում պայքարում էր այս նույն երևույթի դեմ, բայց դե նրանք շատ բաներ են ասել և արել հակառակը։ Դրանով չենք կարող առաջնորդվել»։

Գյոլումյանին նաև հարցրինք, թե նա ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից մշակվող «ատելության խոսքի» դեմ պայքարի նախագծի մասին, կա՞ արդյոք օրենսդրական հավելյալ նորամուծությունների կարիք, եթե գործող օրենքները արդեն իսկ պայքարում են ատելության խոսքի դեմ, վերջինս ասաց․ «Խոսքի հետ պետք է շատ զգույշ վարվեն, որպեսզի այն խոսքի ազատության հետ խնդիրներ չառաջացնի։ Այդ հարցին պետք է շատ նրբորեն վերաբերվել, եթե անգամ այն անմիջական ազդեցություն չթողնի, կարող է սառեցնող էֆեկտ ունենա և մամուլին խանգարի գործնականում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ

Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ Sat, 28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով