«Հրապարակ». Սա ոչ այլ ինչ է, քան վերջնական դիկտատուրայի հաստատում Հայաստանում

«Հրապարակ». Սա ոչ այլ ինչ է, քան վերջնական դիկտատուրայի հաստատում Հայաստանում

Fri, 27 Mar 2026 12:45:17 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

– Մետրոյում Փաշինյանի եւ Արցախյան ազատամարտի լուսահոգի հերոսի դստեր միջեւ հայտնի միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Վարչապետի աթոռին նստածը, հերթական անգամ անհավասարակշիռ վարք դրսեւորելով, պիտակավորեց արցախցիներին եւ չքմեղացավ, թե Արցախն ինքը չի հանձնել, ապա մի քանի անգամ ներողություն խնդրեց ճշմարտախոս արցախցուց։ Այս ընտրություններում արցախցիների գործոնն ինչպիսի՞ն կլինի։

– Մետրոյում տեղի ունեցածը հստակ եւ իրական ցուցադրությունն էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ նրա ղեկավարի վերաբերմունքի, արցախցիների եւ ոչ միայն նրանց, առհասարակ արժանապատիվ հայի նկատմամբ։ Եվ Արմինեի պատասխանը Փաշինյանին՝ արցախցիների եւ արժանապատիվ հայերի միասնական պատասխանն էր։ Կարծում եմ, այդ միջադեպը վկայեց, որ այս իշխանությունները գալիք ընտրություններում արցախցիներից որեւէ աջակցություն չեն կարող ունենալ։ Միաժամանակ, անկեղծ ասեմ, որ 2020-ի, ապա 2023-ի տեղահանումից հետո շուրջ 160 հազար արցախցուց գուցե 10 հազարն են, որ կարծես չունեն հայրենիքի զգացում։ Հետեւաբար, նրանց մի մասը ներգրավված չի լինի որեւէ գործընթացում, մի մասն էլ, գուցե, նյութական շահի դիմաց իր աջակցությունը ցույց կտա այս իշխանություններին։ Բայց դա ո՛չ որակական, ո՛չ քանակական ազդեցություն չի ունենա եւ չի արտացոլի արցախցիների հավաքական դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ։ Ի վերջո, արցախցին չի կարող կանգնել իր զավակին սպանդի ուղարկած, իր հայրենիքը հանձնած անձի կողքին։

– Առհասարակ, Արցախից, արցախահայությունից, Բաքվում ապօրինաբար բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, ըստ էության, հրաժարված Փաշինյանի համար խաղաղության կարգախոսը դարձել է քարոզարշավի հիմնական կետը։ Կրկին սպառնում է վերահաս պատերազմով, եթե չընտրվի։ Շանտաժ չէ՞ սա, եւ արդյո՞ք ժողովուրդն այս անգամ էլ տեղի կտա այս մանիպուլյացիային։

– Այն, ինչ արդեն իսկ մոտ 5-6 տարի անում են այս իշխանությունները, ժողովրդին անընդհատ վախի մեջ պահելով, որ եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի, բնական է՝ իրենց նախընտրական քարոզարշավի մեխն է։ Սա ոչ այլ ինչ է, քան վերջնական դիկտատուրայի հաստատում Հայաստանում, եւ, Աստված մի արասցե, իրենց վերարտադրվելու դեպքում դա աննախադեպ եւ անասելի դրսեւորումներ է ունենալու։ Սա բացահայտ ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ, այն առումով, որ հնարավորություն չկա այլեւս այլակարծության։ Նույնիսկ անտարբեր քաղաքացին իր ներսում վախենալու է այլ տարբերակներ ունենալ՝ մտածելով, որ իրենց քարոզչության արդյունքում պատերազմ է լինելու։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեզ պես փոքր ժողովուրդ, փոքր տարածքներ ունեցող պետությունները մշտապես ձգտում են խաղաղության հաստատման, ինչը տեղի է ունեցել երեք տասնամյակ շարունակ։ Բայց դա արվում է ոչ թե պատերազմով, այլ՝ դիվանագիտական դաշտում ուժեղ լինելով։ Իհարկե, զուգահեռաբար չմոռանալով բանակի ուժեղացման մասին՝ զուտ պաշտպանությունը պատշաճ եւ արժանապատիվ մակարդակի վրա կազմակերպելու համար։ Այս իշխանությունները 2018-ից ի վեր իրենց պայմանավորվածությունների արդյունքում արված հայտարարություններով վերջ դրեցին արտաքին դիվանագիտությանը, որը բերում է խաղաղություն։ Հենց իրենք կերտեցին պատերազմ, իրենք պատերազմի ճարտարապետներն են։ Ուստի, թե՛ պատերազմում, թե՛ արտաքին դիվանագիտության մեջ պարտված իշխանությունները երբեւէ չեն կարող բերել խաղաղություն։ Այն, ինչ ասում են սրանք, կեղծ է, սա խաղաղություն չէ, սա սուվերեն տարածքների հանձնման նախապայման է։ Իրենք որեւէ կերպ չեն անդրադառնում Հայաստանի օկուպացված տարածքներին։ Հետեւաբար, այլ զիջումներ են սպասվում Հայաստանին։

– Դուք անձամբ ինչպիսի՞ն եք տեսնում ընտրությունների ելքը, հույս կա՞, որ այն «ապագան», որը ժամանակին խոստանում էր Փաշինյանը, այլեւս չի կրկնվի։

– Ըստ իս, ամենալավ տարբերակը՝ գնալու հերթական ընտրությունների, պետք է այնպիսին լիներ, որ դրա կազմակերպիչները չլինեին այս իշխանությունները, որովհետեւ արդեն իսկ հաստատված փաստ է՝ այս իշխանությունները որեւէ բանի առաջ չեն կանգնելու։ Առաջին․ տեղի են ունենում եւ շարունակելու են տեղի ունենալ, ուժգնանալ բռնաճնշումները, թիրախավորումն այն հատվածի, որը քաջություն է ունենալու այլակարծություն հայտնել։ Հաջորդը՝ ընտրակաշառքները, որոնք արդեն իսկ սկսել են տրվել․ թոշակների, մանկապարտեզների դաստիարակների վարձատրության բարձրացում, արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար իբր 1 միլիոն ՀՀ դրամի շեմի բարձրացում, եւ այսպես շարունակ։ Ամենակարեւորը՝ միանշանակ ընտրակեղծիքներ, որոնք արդեն տեղի են ունենում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններից կարող ենք խոսել, եթե Հայաստանում կա արձանագրված 7 տասնյակ քաղբանտարկյալների առկայություն։ Այս ամբողջ ռեսուրսն օգտագործելով՝ այս իշխանությունները փորձելու են վերարտադրվել։ Այս իմաստով շատ եմ կարեւորում ընդդիմության սթափությունն այն առումով, որ թիրախը միայն մեկն է՝ այս իշխանությունները։ Հետեւաբար, այն հատվածները, որոնք կթիրախավորեն մեկմեկու, կփորձեն պայքարել մեկմեկու դեմ, ուրեմն իրենց պայքարը ոչ թե այս իշխանությունների դեմ է, այլ խորհրդարանում որպես ուժ ներկայանալու մեջ է։ Պետք է միասնական գիտակցել թիրախը եւ պայքարել հակահայկական իշխանությունների դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյան

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյան Fri, 27 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով