Ինչու՞ է գաղտնի մնում 44-օրյա պատերազմի զեկույցը
Fri, 27 Mar 2026 13:07:37 +0400

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հիշեցնելով, որ զոհվածների և անհետ կորածների հարազատները պահանջում են այն հրապարակել։
Պատգամավորը հիշեցրել է նաև, որ պատերազմից հետո, երբ հանրության հուզական լարվածությունը բարձր էր, իշխանությունները խոստացել էին զեկույցի միջոցով ներկայացնել կատարվածի ամբողջական պատկերը՝ բացահայտելով պատասխանատուներին և հստակ գնահատականներ տալով պատերազմի տարբեր դրվագներին, այդ թվում՝ զոհերի և անհետ կորածների հարցերին վերաբերող։
Աբրահամյանի խոսքով՝ զեկույցի շուրջ տարակարծություններ կան նաև իշխանական շրջանակներում, իսկ փաստաթուղթը ներկայում ունի արխիվացված կարգավիճակ։ Նա ընդգծել է, որ դեռևս հանձնաժողովի ստեղծման փուլում իրենց խմբակցությունը կասկած էր հայտնել դրա արդյունավետության վերաբերյալ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք չեն կարող ապահովել լիարժեք օբյեկտիվ քննություն։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հանգել է հակասական եզրակացությունների։ Թեև ինքը ծանոթ է զեկույցին, սակայն գաղտնիության ռեժիմի պատճառով չի կարող բացահայտել դրա բովանդակությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումը՝ զեկույցը հասանելի դարձնել հիմնական շահառուներին։
Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ աջակցում են զեկույցի հրապարակմանը և կարևորում դրա հանրայնացումը։ Նա նաև նշել է, որ սատարում է զոհվածների ծնողների նախաձեռնությանը՝ դիմելու Գլխավոր դատախազություն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր