Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան
Fri, 27 Mar 2026 17:30:40 +0400
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձերի միջև, ոչ թե մոդելների։
Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը վերարտադրվում է նույն շրջանակներում։
Երբ մենք խոսում ենք այս համակարգը փոխելու մասին, մեզ փորձում են վերադարձնել նույն հարթություն՝ անձերի հակադրության, պիտակների և թիրախավորման դաշտ։
Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ։ Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին։
Միևնույն ժամանակ, մենք չենք վիճարկում որևէ ուժի կամ անձի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին և կայացնելու սեփական քաղաքական որոշումները։ Քաղաքական գործընթացը հիմնված է այդ ազատության վրա, քանի որ առանց ընտրության իրավունքի՝ այն վեր է ածվում ձևականության։
Բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։
Այդ պատճառով ենք կարևորում նոր ձևավորվող քաղաքական ուժերի շուրջ հանրության համախմբումը՝ որպես փակ շրջանը կոտրելու միակ ճանապարհ։
Մեր դիրքորոշումը հստակ է։
Բացառվում է այսօրվա իշխանության վերարտադրությունը։
Բացառվում է նաև անցյալի վերադարձը՝ նույն մոդելի շրջանակում։
Մենք համագործակցությունը տեսնում ենք գաղափարների և պետական շահի շուրջ, ոչ թե իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ։
Երբ քաղաքական միտքը փոխարինվում է անձնավորումներով, դա խոսում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության մասին։
Մենք այդ մակարդակ չենք իջնելու»։