Հուսանք` «վերջին կանգառը» նորի սկիզբը կլինի, ոչ թե մեր ավարտը
Fri, 27 Mar 2026 18:45:48 +0400
Զրուցակիցս վաստակաշատ լրագրող, գրող, հրապարակախոս Հովհաննես Կարապետյանն է։ Մեր զրույցն առօրյա թեմաներից բնականորեն տեղափոխվեց ներհայաստանյան խնդիրների դաշտ։ Ի՞նչ է սպասվում մեր երկրին առաջիկա ամիսներին, ժողովուրդը պատերազմի՞ կողմնակից է, թե՞ խաղաղության, ո՞վ կարող է լինել խաղաղության իրական երաշխավորը։ Եվ արդյոք այդպիսին կարո՞ղ է համարվել այն մարդը, որը երկիրը տարել է պատերազմների ու պարտությունների միջով, բայց շարունակում է պահպանել վարչապետի պաշտոնը եւ հանդես գալ խաղաղություն բերողի դիրքերից։
Մի հարցում համակարծիք էինք՝ «Քաջ Նազարը» գահին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը չի գիտակցել, որ ինքն է ստեղծել նրան եւ իր գլխին բերել այս պատուհասը։ Իսկ ե՞րբ կհասկանա, ո՞վ պիտի բացատրի կատարվածի ողբերգական խորությունը, ո՞վ պիտի կոչ անի զգոնության ու խոհեմության։
– Այդ դերը վերապահված է արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներին, հասարակության առաջադեմ շերտին՝ ինտելիգենցիային,- նկատում է զրուցակիցս։ – Նրանք պետք է իրենց համոզիչ խոսքով արթնացնեն հանրային ինքնագիտակցությունը, ձեւավորեն անհանդուրժողականություն անարդարության նկատմամբ եւ կանգնեն ճշմարտության որոնման առաջնագծում։
Իսկ այսօր նրանք կատարո՞ւմ են իրենց առաքելությունը։ Ոչ լիարժեք։ Շատերը «քնած» են, ոմանք էլ կարծում են, թե իրենց գլխավոր «գործը» ոչ թե ստեղծագործելն ու խոսելն է, այլ ժամանակին լռելը՝ «թող ուրիշը խոսի» սկզբունքով։ Կարապետյանը հիշեց երկու հայտնի բանաստեղծներին, որոնք տարբեր ժամանակներում իրենց գործերով ցուցադրել են հարմարվողականության դասական պատկեր։ Անկախության առաջին տարիներին նրանք գրել էին «Իմ առաջնորդը» եւ «Բորենիների խրախճանքը» բանաստեղծությունները, որոնք պարբերաբար տպագրում էին ընտրություններից հետո՝ արդեն նոր իշխանություններին հարմարեցված իմաստներով։ Նոր նախագահը դառնում էր «նոր առաջնորդը», իսկ նախորդը՝ «բորենիների խրախճանքի» խորհրդանիշը։
Այնուհետեւ զրուցակիցս երկար խոսեց. «Այսօր իշխող շրջանակների համար ցանկացած այլախոհ կարող է պիտակավորվել որպես «օտար գործակալ», եւ դրա հետեւանքները կարող են լինել հալածանքները։ Ստեղծագործական միությունները թմբիրի մեջ են, քանի դեռ նրանց շահերին վտանգ չի սպառնում։ Նույն վիճակում են նաեւ շատ անհատ ստեղծագործողներ, որոնք ժամանակ անց, երբ իրավիճակը հանդարտվի, կհիշեն իրենց «հերոսական լռությունը» եւ կգրեն, թե ինչպես էին պայքարում անարդարության դեմ։ Աշխարհն այսօր ապրում է լարված ու անհանգիստ ռիթմով։ Ամեն օր արթնանում ենք ծանր լուրերի ճնշման տակ, նոր վտանգների շրջապտույտում։ Այդ վտանգները ոչ միայն չեն նվազում, այլեւ ավելանում են։ Անսպասելի չէր նաեւ իշխանություն-եկեղեցի հակադրության սրացումը, որն ուղեկցվում է ատելության խոսքի աննախադեպ աճով։ Հասարակության մի հատվածը հոգեկան ծանր վիճակում է, մյուսն ապրում է պատրանքների մեջ։ Փորձ է արվում մոռացության մատնել անցյալը՝ ցեղասպանությունը, Արցախը, ազգային հիշողությունը։ Մինչդեռ հիշողությունն է մարդուն տարբերում կենդանուց։ Դրան խորքային կերպով անդրադարձել է Հրանտ Մաթեւոսյանը։ Նրա մտքերի հետ իմ մտովի երկխոսությունն ամփոփել եմ «Իսկ ո՞ւր է քո խարիսխը» գրքում։ Մաթեւոսյանը հիշեցնում է՝ ժողովուրդը հարգանք է վաստակում ուժով, արժանապատվությամբ եւ ինքնության պահպանմամբ։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում անհնար է խուսափել փոթորիկներից․ եթե խորտակվում ես, պատճառը ոչ միայն փոթորիկն է, այլեւ քո անպատրաստ լինելը։ Ամեն ժողովուրդ իր խարիսխը պիտի ունենա: Եվ մի կարեւոր հարց է հնչում՝ ո՞ւր է մեր խարիսխը։ Դա ճշմարտության որոնումն է։ Այսօր, ցավոք, հասարակական կյանքում նկատելի են ֆեոդալական բարքեր, մենք հաճախ խուսափում ենք տեսնել ու բարձրաձայնել չարը։ Բացախոսությանը փոխարինել է քծնանքը, որը հիվանդացնում է հոգին։ Մինչդեռ հասարակությանն առողջ հոգեւոր միջավայր է անհրաժեշտ։ Սակայն, երբ կրթության եւ դաստիարակության պատասխանատուն հայտարարում է, թե հայրենասիրությունը «փուչիկ» է եւ նույնիսկ՝ վտանգավոր, պայթող փուչիկ, ապա խնդիրը դառնում է առավել խորքային։ Արժեքների բախման այս փուլում, անվտանգության թուլացման պայմաններում, լավատեսության փոքր նշույլ է հաղորդում մետրոյում արցախցի տիկնոջն ուղղված այն խոսքը, թե «վերջին կանգառում ենք»։ Հուսանք՝ այդ կանգառը «չարի վերջը» եւ նորի սկիզբը կլինի, ոչ թե ավարտ»։