ՀՀ վարչապետի նշանակումը Պուտինից Թրամփին փոխանցելով ինքնիշխան չենք դառնա
Fri, 27 Mar 2026 19:15:15 +0400

Երբ հետեւում ես նախընտրական Հայաստանի քաղաքական դասի արածներին ու ասածներին, հասկանում ես, որ մեր անկախության շրջանի բոլոր ձախողումները քաղաքական դասի ձախողվածությունից են գալիս: Ուրիշ ինչի՞ց կարող էր լինել այն կարծրատիպը, թե իբր Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարվում էր, երբ Հայաստանի վարչապետին Մոսկվայից էին նշանակում, բայց ոչ միայն չի ոտնահարվի, այլեւ ճիշտ հակառակը՝ ինքնիշխանության մակարդակը կբարձրանա, եթե նրան Արեւմուտքից կամ Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանեն:
Կամ՝ ինչպե՞ս կարելի է բնորոշել Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների պնդումներն այն մասին, թե նախընտրական այս փուլում Հայաստան ժամանող եվրոպական մասնագետների խումբը, որը «քաղաքակրթված եւ բարի» Եվրոպայից է գալիս, եկել է ոչ թե Հայաստանի ընտրություններին միջամտելու, այլ՝ Ռուսաստանի կողմից մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմում մեզ աջակցելու համար: Այնինչ, ինչպես Հայաստանի վարչապետի դրսից արվող նշանակումը, այնպես էլ Հայաստանի դեմ որեւէ կողմի սանձազերծած հիբրիդային պատերազմի դեմ պայքարում մյուս կողմին ապավինելը ոչ միայն ինքնիշխանության նշաններ չեն, այլեւ հենց ինքնիշխանության վերջնական կորուստ են նշանակում:
Այս իմաստով, Հայաստանի այսօրվա քաղաքական դասի ամենամեծ խնդիրը, թերեւս, այն պարզ ճշմարտությունը չհասկանալն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի չափվում ո՛չ նրանով, թե որքան է նա հեռացել Ռուսաստանից, եւ ո՛չ էլ նրանով, թե որքան է մոտեցել Եվրոպային: Վերջապես բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի ինքնիշխանության տեսակետից ամենեւին էլ կարեւոր չէ՝ Պուտինը, Սին Ծինփինը, Թրա՞մփը, թե՞ Մակրոնն են նշանակում Հայաստանի վարչապետին, եւ ոչ էլ կարեւոր է՝ Ռուսաստանի՞ աջակցությամբ է Հայաստանը պայքարում Եվրոպայից եկող հիբրիդային պատերազմի դեմ, թե՞ Եվրոպայի աջակցությամբ է պայքարում Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի դեմ:
Այս առումով, Հայաստանի ինքնիշխանության համար այնքան, ինչքան կարեւոր է, որ ՀՀ վարչապետին ոչ թե Պուտինը, Սին Ծինփինը, Թրամփը կամ մեկը ուրիշը նշանակի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրի, նույնքան էլ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողանա թույլ չտալ, որ իր դեմ վարվող հիբրիդային պատերազմում իրեն աջակցելու պատրվակն օգտագործելով, ինչ-որ մեկը կարողանա միջամտել իր ընտրություններին:
Այս քաղաքական դասը, ի վերջո, պիտի հասկանա, որ երկրի խնդիրը ո՛չ չափից շատ ռուսամետ եւ ո՛չ էլ չափից շատ եվրոպամետ, ո՛չ չափից շատ ժողովրդավարական, ո՛չ էլ չափից շատ բռնապետական լինելը չէ, այլ խնդիրն արդյունավետ ու մարտահրավերներին համահունչ պետություն ունենալն է:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր