Եթե հայոց պետության ղեկավարը լիներ …
Fri, 27 Mar 2026 21:15:50 +0400

Երկու մեջբերում (https://hraparak.am/am/post/bbea9b49fff3f53dec8df3e2eaeb3252) «Հրապարակ»-ից. «Ընդամենը 3 տարի առաջ, դեռևս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»»։ Լրիվ համաձայն եմ, երաշխավորության ինստիտուտը դեռևս չի չեղարկվել, թեկուզ և փոփոխվող, այս աշխարհում: Մնում է այն գրագետ օգտագործելու ձևը գտնելը: Դա, օրինակ, փորձում է ձեռք բերել Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ու այդ պատճառում շարունակում է պատերազմը՝ չնայած հաղթանակի հույս, ինչն առկա էր 2022-2023-ին, այլևս չունի: Բայց դեռ չի կարողանում, չնայած չի էլ հուսահատվում, ու շարունակում է պնդել դրա անհրաժեշտությունը:
Սակայն քանի որ բացարձակ ապաշնորհությամբ հայտնի՝ գործող իշխանության մեջ գոնե նման անձ գտնելն անհնար է, ապա ստիպված ենք համաձայնվել նաև հակառակ պնդմանը: Որ բարձրաձայնվել է Փաշինյանի կողմից ԱԳ նախարար նշանակված Միրզոյան Արարատի (Արոյի) կողմից: Որքան էլ զարմանակի հնչի՝ Արոն միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ թույլ է տալիս իրեն մեկ-մեկ հայտնել իր վերադասից տարբերվող կարծիք՝ նույնիսկ 180 աստիճանով տարբերվող: Իհարկե, եթե մի պահ վերացարկվենք հենց իրենից՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձից: Ով կարծիք փոխելու առումով կարող դառնալ առնվազն Եվրոպայի չեմպիոն՝ եթե մի օր որևէ միլիարդատիրոջ կողմից կազմակեպվի նման մրցույթ:
Իսկ հիմա լսենք կամ կարդանք Միրզոյան Արոյի խոսքը: «Սառը հաշվարկների աշխարհում …ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում… Մենք գիտենք տասնյակներով երաշխավորների խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ … երաշխավորների կողմից» (կրճատումներն ասվածի բովանդակությունը չեն աղավաղում՝ Վ.Ս.): Արոն, նախ, սխալ է հանում երեք տարի առաջվա Փաշինյանին ընդհանրապես երաշխավորության հարցում: Եվ երկրորդ՝ սխալ է հանում բազմակողմ, այսինքն երաշխավորների խմբի կողմից երաշխավորության ինստիտուտը:
Բայց տվյալ դեպքում Արոն առանձնահատուկ համարձակություն չի դրսևորել: Նա ընդամենը արձանագրել է իր վերադասի կարծիքի փոփոխության հանգամանքը: Ինչը տեղի ունեցավ՝ երբ Փաշինյանը գիտակցեց, որ եվրոպական չինովնիկները թքած ունեն իր ու իր երկրի վրա: Ու ստիպված եղավ գնալ թշնամու հետ դեմ առ դեմ բանակցությունների: Այն թշնամու, որ անընդհատ հրապարակայնորեն ստորացնում էր իրեն: Որովհետև հասկացավ, որ եթե Իլհամը Եվրամիության հուսալի գործընկեր է, ապա Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում ԵՄ-ն եղած-չեղած մեկ հաշիվ է: Ու այս պարագայում արդեն էական չէ՝ իմաստ ունի, թե չունի երաշխավորությունն ընդհանրապես՝ լինի այն մեկ պետության թե պետությունների խմբի կողմից:
Ու այդ ամենի գլխավոր պատճառը ոչ թե հենց երաշխավորության ինստիտուտի չեղարկումն է փոփոխվող աշխարհում, այլ զուտ սուբյեկտիվ գործոնը: Եթե պետության ղեկավարն ադեկվատ անձնավորություն է, եթե վերջինս պետության շահերն ավելի բարձր է դասում, քան սեփականը, եթե նա ոչ թե ապաշնորհ է, այլ այնքան խելացի է (ինչպիսին էր սինգապուրյան հրաշքի հիմնադիր, վարչապետ Լի Քուան Յուն), որ հասկանում է իրեն հենց նման մարդկանցով շրջապատելու անհրաժեշտությունը, ապա նա կարող է իր երկրի համար հարցեր լուծել թե՛ մեկ երկրի և թե՛ պետությունների խմբի երաշխավորությունն ապահովելով: Առաջին դեպքում կարող ենք մատնանշել հենց նույն Լի Քուան Յուին: Եվ, ինչու չէ, «Բատկային»՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Երկրորդ դեպքի առումով առանձին երկիր փնտրելու կարիք չկա: Դա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-ի) անդամ երկրներին միավորող կապն է: Դա կարող էր լինել նաև ՀԱՊԿ-ը՝ եթե էն գլխից Փաշինյանը չգնար կազմակերպությունը հեղինակազրկելու ճանապարհով՝ քրեական գործ հարուցելով այդ կառույցի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այն էլ՝ անօրինական ու բացարձակ հիմնազուրկ, ու խիստ ցավոտ Ռուսաստանի նախագահի համար:
Եվ որպեսզի հայոց պետության ղեկավարը լինի այնպիսին, ինչպիսին երազում ենք մենք՝ անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին մարդիկ գնան ընտրատեղամասեր և քվեարկեն ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժի կամ դաշինքի օգտին: Իսկ եթե վարվեն այնպես, ինչպես վարվեցին 2021-ի հունիսի 20-ին, ապա կունենանք անընդհատ ձգվող պատերազմական վտանգ, կունենանք իրենք իրենց միլիոնավոր պարգևավճար բաժանող, իսկ թոշակառուներին 10 հազար դրամով, իսկ ընտրության շեմին՝ 20 տոկոսով գնող իշխանություն… Մնացածը կարող եք ավելացնել ինքներդ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր