Երբ հանրային տարածքը դառնում է ճնշման գործիք
Fri, 27 Mar 2026 22:30:58 +0400

Հանրային վայրում տեսանկարահանում իրականացնելը և հրապարակելն ունի իր կանոնները, դրանք կարգավորվում են և օրենքով, և էթիկայի նորմերով։
Լրագրողի համար հաճախ խնդիր է այս կամ այն կառույցում, ասենք, մետրոյում, տեսանկարահանում կատարելը։ Եվ, իհարկե, չնայած փողոցում, այգում կամ այլուր ընդհանուր պատկեր՝ քաղաքացիների, մեքենաներ, կարելի է նկարահանել, բայց եթե մեկը չցանկանա հայտնվել այդ կադրում, ապա լրագրողը պարտավոր է հարգել այդ պահանջը, և տվյալ մարդուն հանել կադրից, նրա պատկերը չհեռարձակել։
Արդյո՞ք ինչ-որ արտոնյալ կարգավիճակ ունի որևէ պաշտոնյա, թեկուզ՝ վարչապետ։ Իրավունք ունի՞ մտնել փակ տարածք, թեկուզ՝ հանրային, նկարահանել մարդկանց ու հեռարձակել։ Ընդ որում, գալիս է թիկնապահներով, օպերատորներով: Զգուշացե՛ք, դռները փակվում են, և դուք գտնվում եք նկարահանման վագոնում․ էլ փախչելու, խուսափելու տեղ չկա, առաջիկա 5-7 րոպեն ստիպված եք դառնալ ձեզ հետ գուցե կապ չունեցող մի կուսակցության ներկուսակցական քարոզի մասնակից։ Նկարահանման գլխավոր հերոսը մարդկանց նվիրում է իր ստեղծած քարտեզը, պարտադրում զրուցել իր հետ, հարցնում՝ ուր եք գնում, եղբայր, հետաքրքրվում, թե ինչու չեն ուզում վերցնել նվերը, պնդում, որ վերցնեն։ Պաշտոնատար անձի կողմից, որն իշխանություն ունի, սա միանշանակ մարդու իրավունքների խախտում է, երբ որևէ մեկին չի հարցնում՝ կարելի՞ է արդյոք իրեն նկարել և, փաստորեն, ստիպում է, որ մարդիկ հանրայնորեն տեսակետ հայտնեն՝ ընդունո՞ւմ են իրեն, իր կուսակցությունը, իր որդեգրած քաղաքականությունը, թե՝ ոչ։ Իսկ գուցե մարդը զգուշանում է ցուցադրել իր քաղաքական կողմնորոշումը, գուցե դա ամենևին ցանկալի չէ կոնկրետ անձի համար։ Եվ սա արվում է ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում։ Երևանի կենտրոնում մետրոյի վագոնում քա՞նի մարդ կար, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամն էր։ Ելնելով քարտեզից հրաժարվողներից և վարչապետի այցի նկատմամբ անտարբեր ու խուսափողական դեմքերից՝ նրանց թիվը այդ վագոնում ձգտում էր 0-ի կամ +-1։ Ուրեմն ինչո՞վ էր դա ներկուսակցական քարոզարշավ։
Ինչ վերաբերում է իր համար հանգիստ մետրոյով երթևեկող արցախցի կնոջը, ապա նրա իրավունքները հաստատապես խախտվել են։ Թերևս խոսքը կարող ենք փոխանցել իրավաբաններին։ Արդյոք վիրավորանք և նվաստացնող վերաբերմունք այդ կնոջ նկատմամբ կա՞ր, թե՝ ոչ․«փախածներ» բնորոշումը, բարձր տոնով վիճաբանությունը, անհարգալից և նվաստացնող ժեստերը՝ մատը թափ տալը նորմա՞լ է մարդու իրավունքների տեսակետից, և այդ ամենը ցուցադրելով՝ այդ կնոջը թիրախավորելը արդյոք չի՞ առաջացրել նրա անձնական կյանքի և արժանապատվության անձեռնմխելիության ոտնահարում։ Ընդանրապես նա ցանկանո՞ւմ էր նկարահանվել, տեսանյութում երևում է, որ թույլ չի տալիս իրեն և երեխային նկարել, առավել ևս երեխային կարելի՞ էր առանց ծնողի համաձայնության որևէ բան նվիրել կամ նկարահանել ու հեռարձակել։
Այս բոլոր հարցերի պատասխանները գալիս են ապացուցելու, որ պաշտոնատար անձը ուղղակիորեն ոտնահարել է կնոջ իրավունքները։ Ի՞նչ է նախատեսում օրենքն այսպիսի դեպքերում, երբ հատկապես տեսանյութն առաջացրել է մեծ հանրային քննարկում և բարոյական հարցեր, մասնավորապես՝ մարդու պատվի, արժանապատվության և երեխայի անձնական կյանքի պաշտպանության վերաբերյալ։
Իրավաբան փորձագետները նշում են, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքից և դիմել դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները։
Առաջարկվում է, որ տվյալ կինն ուսումնասիրի իրավական քայլերը, և եթե կարծում է, որ իր պատիվը կամ երեխայի իրավունքները խախտվել են, կարող է ներկայացնել հայց՝ պատվի և արժանապատվության պաշտպանության համար։ Այս հայցում պահանջվում է, մասնավորապես, հրապարակայնորեն ներողություն խնդրել, հեռացնել տեսանյութը և վճարել բարոյական վնասի փոխհատուցում։ Համարենք, որ ներողությունը խնդրել է իրեն վիրավորող անձը, բայց տեսանյութը շարունակում է շրջանառել, և վերջապես` այսպիսի դեպքում կարելի է խոսել նաև բարոյական վնասի փոխհատուցման մասին։ Ներողությունն ամենեւին բավարար չէ, քանի որ արարքը կարող է կրկնվել նույն անձի կամ այլոց կողմից, ուստի դրան անհրաժեշտ է իրավական գնահատական, որպեսզի հասկանալի դառնա, որ նման պահվածքին հետևելու է պատասխանատվությունը։ Ընդ որում, մասնագետները շեշտում են, որ դատարանը կքննի ոչ միայն հրապարակման հանգամանքները, այլ նաև երեխաների իրավունքի պաշտպանությունը, ինչը կարևոր դեր ունի նման գործերում։
Այս քայլը, ըստ իրավաբանների, կարող է ծառայել օրինակելի դեպք և զգուշացնող ազդակ մյուս անձանց համար, որպեսզի հանրային վայրերում անձնական իրավունքները պահպանվեն։ Այնպես, որ եթե իրավապաշտպաններն այս միջադեպի մասով դատական կարգով վիճարկելի ոչինչ չեն տեսնում, ու լռում են, դա չի նշանակում, որ իրավունքի խախտում այստեղ և մնացած նկարահանումների դեպքում չկա։
Քարոզարշավը սկսվել է ժամանակից շուտ և ժամանակից շուտ սկսել են ոտնահարվել ընտրողների իրավունքները, ովքեր իրավունք ունեն պահպանել չեզոքություն, չցուցադրել իրենց վերաբերմունքը իշխող ուժի նկատմամբ, հատկապես, որ դա կարող է ունենալ հետևանքներ։ Այսպիսով, հանրային տարածքում այս շփումները դառնում են ընտրողի վրա ճնշում գործադրելու միջոց, երբ մարդիկ ստիպված են մասնակցել մի ներկայացման, որում իրենց վերապահված է հիացողի, ենթարկվողի, իսկ հակառակ դեպքում՝ պախարակվողի դերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր