Ինչ տեղի կունենա, եթե Իրանական էսկալացիան տեւի եւս 2 ամիս
Fri, 27 Mar 2026 22:45:07 +0400
Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիան կարող է դանդաղեցնել տնտեսական աճը Ասիական ռեգիոնի զարգացող երկրներում՝ 26-27 թվականների համար՝ 0,3-1,3 տոկոսային կետով, ինչպես նաեւ արագացնել գնաճը 0,6-3,2 տոկոսային կետով, եթե էներգակիրների շուկաներում մատակարարումների խափանումները տեւեն մեկ տարուց ավելի։ Այս մասին հայտնում է Ասիական զարգացման բանկը։ Բանկի վերլուծաբանները կարծում են, որ Իրանական էսկալացիան կտեւի երկու ամիս։ Այդ իրավիճակում նավթի գները կհասնեն 26 թվականի առավելագույն նիշին, իսկ հետո աստիճանաբար կնվազեն մինչեւ նախակոնֆլիկտային իրավիճակի գնանիշերի շրջանակը։ Նման սցենարի դեպքում՝ Brent տեսակի նավթի մեկ բարելն այս տարի կարժենա 72 դոլար, 27 թվականին՝ 63 դոլար։ Եթե պատերազմը շարունակվի մինչեւ հունիս, ապա այս տարվա երրորդ եռամսյակում մեկ բարել նավթի արժեքը կհասնի մինչեւ 105 դոլարի։ ՀՆԱ աճը Ասիական ռեգիոնում կդանդաղի 0,3 տոկոսով, իսկ գնաճը կարագանա 0,6 տոկոսով։ Եթե Հորմուզի նեղուցը փակ մնա մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջ, ապա միջինը մեկ բարել նավթը կարժենա 130 դոլար՝ այս տարվա երկրորդ եռամսյակի համար եւ 120 դոլար՝ երրորդ եռամսյակի համար։ Նման իրավիճակում, ռեգիոնի տնտեսական աճը կդանդաղի 07 տոկոսով, իսկ սղաճը կաճի 1,2 տոկոսով։ Իսկ եթե ամենավատ սցենարի դեպքում՝ Հորմուզի նեղուցը փակ մնա մինչեւ 27 թվականի փետրվարի վերջը, ապա նավթի մեկ բարելը կհասնի 155 դոլարի։ Նավթի միջինացված գինը կկազմի 140 դոլար՝ մինչեւ 27 թվականի երրորդ եռամսյակի վերջը։ Տնտեսական աճի դանդաղումը կկազմի 1,3 տոկոս, իսկ գնաճը կարագանա մինչեւ 3,2 տոկոս։ Ասիական զարգացման բանկում կարծում են, որ Մերձավոր Արեւելքի հակամարտությունն առավել վնաս կարող է հասցնել Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային, եւ Արեւմտյան Ասիային։